Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Տվյալների պաշտպանությա՞ն, թե՞ առուվաճառքի համակարգ

Տվյալների պաշտպանությա՞ն, թե՞ առուվաճառքի համակարգ

ԱԺ նոյեմբերի 20-ին արտահերթ նիստի ժամանակ տապալվեց կառավարության ներկայացրած «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրինագծի և հարակից՝ 17 այլ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող փաթեթի քվեարկությունը: Նախագիծը չընդունվեց ձայների 61 «կողմ» 2 «դեմ» 1 «ձեռնպահ» հարաբերակցությամբ:

Քվեարկությունից առաջ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը 20 րոպեանոց ընդմիջում խնդրեց, որ «ոչ իշխանական խմբակցությունները մեկ անգամ ևս քննարկեն, թե ինչպես են քվեարկելու»: Ընդմիջումից հետո արդեն ՀԱԿ, «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» և «Օրինաց երկիր» խմբակցությունները պարզապես չմասնակցեցին քվեարկությանը: ՀՅԴ-ն մասնակցեց «դեմ» քվեարկությամբ: Հատկանշական է, որ կառավարության ներկայացրած փաթեթի քվեարկությանը չմասնակցեցին նաև Հանրապետական խմբակցության մի շարք պատգամավորներ: Նրանց մի մասը հետո ասաց, թե քվեարկության կոճակները չեն աշխատել: Եթե ՀՀԿ-ական պատգամավորների քվեարկությունը գրանցվեր, նախագիծն առաջին ընթերցմամբ կընդունվեր:

Ի՞նչ է կարգավորում օրինագիծը

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրինագիծն առաջարկում է կարգավորել պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից անձնական տվյալները մշակելու, դրանց նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու կարգն ու պայմանները: Մինչև այժմ գործող օրենքը «Անձնական տվյալների մասին», արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանի գնահատմամբ, բավարար չափով չի կարգավորում ոլորտը և լիովին չի համապատասխանում եվրոպական չափանիշներին: «Դարաշրջանի պահանջները մղում են անհատական տվյալների ավելի բարձր պաշտպանության ապահովման եւ հզորացման ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկելու»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Օրինագծում անձնական տվյալ է համարվում ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած այն տեղեկությունը, որը «թույլ է տալիu կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը»: Խոսքը անձի անձնական կյանքի, ֆիզիկական, ֆիզիոլոգիական, մտավոր, սոցիալական վիճակի վերաբերյալ տեղեկությունների մասին է, ինչպես նաև կենսաչափական տվյալների` անձի ֆիզիկական, ֆիզիոլոգիական եւ կենսաբանական առանձնահատկությունները բնութագրող տեղեկությունների:

Սահմանված են նաև հատուկ կատեգորիայի տվյալներ` անձի ռասայական, ազգային պատկանելությանը, քաղաքական հայացքներին, կրոնական կամ փիլիսոփայական համոզմունքներին, առողջական վիճակին ու սեռական կյանքին վերաբերող տեղեկություններ: Այս տվյալները պետք է մշակվեն ու պահպանվեն հատուկ լիազոր կառույցում, որը գործելու է Արդարադատության նախարարության ենթակայության ներքո, պետք է օգտագործվեն օրենսդրական փաթեթով նախատեսված դեպքերում և կարգով: Սահմանվում է նաև, թե որ դեպքերում, ինչ նպատակներով կամ ում կողմից կարող են օգտագործվել այդ տվյալները:

Ինչո՞ւ տապալվեց նախագիծը

Պատգամավորները կարծում են, որ նախագիծը անձնական տվյալների պաշտպանության, փոխանցման կամ անօրինական օգտագործման դեպքում համարժեք պատիժներ չի սահմանում, ինչպես նաև չի տարանջատում այդ տվյալներն անօրինական կերպով հատուկ նպատակներով և անզգուշաբար օգտագործելու կամ վաճառելու դեպքերը: Նաև մտահոգություն կա, որ տվյալները մշակող և պահպանող մարմինը չունի բավարար անկախություն:

«Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ օրենքը լիարժեք չի իրացնում Սահմանադրության համապատասխան դրույթները: «Նոր օրենքը պետք է նպատակաուղղված լինի Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներն իրացնելուն, այլ ոչ թե աղավաղելուն: Մինչդեռ այն, որքան էլ գայթակղիչ լինի վերնագրով, սահմանադրական կարգավորումների ներքո չի տալիս լիարժեք լուծումներ»,- հայտարարեց Ա.Մինասյանը:

ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանն էլ կարծում է, որ օրենքը պետք է վերնագրվեր ոչ թե անձնական տվյալների պաշտպանության, այլ դրանք երրորդ անձանց կամ այլ երկրներին փոխանցելու մասին: «Վստահ եմ, որ այն ֆինանսական աջակցությունը, որը դրված է այս օրենքի տակ, հենց դրա համար է, այլապես մեր քաղաքացիների անձնական տվյալները ավելի պաշտպանված լինելու համար ոչ ոք մեզ չէր վճարի»,-ասաց Գ.Ջհանգիրյանը: Նախկին զինդատախազին մխիթարում է այն, որ 10 ոլորտ հանված է օրենքի կարգավորման շրջանակներից: Նա նաև գտնում է, որ նախագիծը պետք է ուսումնասիրեն նաեւ ԱԱԾ պատասխանատուներն ու կարծիք հայտնեն, քանի որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, ինչն, ըստ պատգամավորի, ինքնիշխանության որոշակի կորուստ է ենթադրում: Ջհանգիրյանը մտահոգություն ունի, որ նման օրենքներով վերահսկողության գործընթացն առավել դյուրին կդառնա:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին էլ մտահոգում է այն, որ տվյալների այս ու այլ համակարգերը տարբեր կառույցների, անգամ անձանց կողմից համակարգչային ծրագրերով երբեմն հեշտությամբ հայտնաբերվում են: «Իսկ մարդու անձնական տվյալների մասին տեղեկությունները չպաշտպանված միջավայրում կիրառելու հետևանքները կարող են կործանարար լինել և ի չարս օգտագործվել»,- հայտարարեց պատգամավորը:

Օրինագծի հարակից զեկուցող, ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը հասկանում է, սակայն չի կիսում պատգամավորների հնչեցրած մտահոգությունները: «Նման օրենքներ ԵՄ բոլոր երկրներում կան, կան բավական լուրջ կարգավորումներ: Ավելի լավ է նստել օրենքը քննարկել, քան այս դաշտում կարգավորում չունենալ»,- ասաց նա:

Կրկին ԱԺ ներկայացվելու դեպքում օրինագիծը պետք է անցնի բոլոր ընթացակարգերը: Չի բացառվում, որ երկրորդ անգամ ներկայացնելուց առաջ կառավարությունն այն որոշակի փոփոխության ենթարկի:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները