Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ի՞նչ է սպասվում Հայաստանին ԵՏՄ անդամակցությունից հետո

Ի՞նչ է սպասվում Հայաստանին ԵՏՄ անդամակցությունից հետո

Parliamentmonitoring.am-ի զրուցակիցը Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանն է:

- Պարոն Կարայան, Հայաստանը պատրաստվում է անդամակցել մի կառույցի, որի տնտեսական հզորության մոտ 80 տոկոսը բաժին է հասնում Ռուսաստանին, իսկ այդ երկրի տնտեսությունն օրեցօր անկում է գրանցում՝ ենթարկվելով արևմտյան խիստ պատժամիջոցների: Այս պայմաններում ԵՏՄ-ին անդամակցելն ի՞նչ բացասական ազդեցություն կունենա Հայաստանի վրա:

- Ինչո՞ւ եք անընդհատ ասում, որ ՌԴ-ն վատ վիճակում է, երբ իրենք տնտեսական աճ են կանխատեսում: Ես համաձայն չեմ այն տեսակետին, թե շատ վատ վիճակում է: Այդ կառույցին անդամակցելով՝ Հայաստանն արտահանման ավելացման և այլ հնարավորություններ է ձեռք բերելու:

- Կարծիք կա, որ անդամակցելուց հետո Հայաստանում կտրուկ կբարձրանան մի շարք ապրանքների, օրինակ` մսի, տեխնիկայի, կահույքի, դեղորայքի գները:

- Ոչ, հատկապես այդ ապրանքատեսակների գները չեն բարձրանա: Մենք բացառություններ ենք ստացել, որ առաջին անհրաժեշտության լայն սպառման բոլոր ապրանքների մաքսատուրքի դրույքաչափերն առաջիկա 5 տարիներին չեն բարձրանալու:

- Իսկ անդամակցությունից անմիջապես հետո ո՞ր ապրանքների գները կբարձրանան:

- Դրանք հիմնականում այն ապրանքատեսակներն են, որոնք չեն համարվում առաջին անհրաժեշտության և ըստ էության մեծ ազդեցություն չեն ունենա մարդկանց գնողունակության վրա: Օրինակ` պատրաստի կահույքը: Մաքսատուրքի բարձրացման արտոնություն չունենք հիմնականում այն ապրանքատեսակների դեպքում, որոնց արտադրություն կա Հայաստանում: Առաջիկա 5 տարիներին Հայաստանում երրորդ երկրներից ներմուծվող մոտ 750 անուն ապրանքատեսակների մաքսատուրքերի դրույքաչափերը չեն բարձրանալու:

- Հայտնի է, որ ՀՀ որոշ օրենքներ պետք է փոփոխվեն և համապատասխանեցվեն ԵՏՄ չափանիշներին: Ո՞ր ոլորտների և քանի՞ օրենք է փոփոխության ենթարկվելու:

- Փոխվելու է մաքսային, հարկային, տեխնիկական սպասարկման ոլորտների մոտ 22 օրենք: Այդքան նախագիծ առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով: Օրենսդրական փոփոխությունների այդ գործընթացն արդեն սկսվել է, և համաձայնագրի վավերացումից հետո փաթեթները կներկայացվեն խորհրդարանի քննարկմանը:

- ԵՏՄ-ում պետք գործի Մաքսային միասնակա՞ն օրենսգիրք:

- Այո, նախագիծն արդեն պատրաստ է: 2015թ. հունվարի 1-ից, երբ ԵՏՄ-ն կսկսի գործել, իսկ Հայաստանը կանդամակցի այդ կառույցին, կգործի Մաքսային միության միասնական օրենսգիրքը: Մինչ այդ, ինչպես ասացի, ԱԺ քննարկմանը կներկայացնենք մեր ներքին օրենսդրության փոփոխությունները, որ հնարավոր լինի ՄՄ օրենսդրությունը տեղայնացնել: Ընդ որում` Մաքսային այդ օրենսգիրքը ԵՄ-ի տիպային մաքսային օրենսդրության վրա հենված փաստաթուղթ է: Այդպիսին է նաև Հայաստանի Մաքսային օրենսգիրքը, և չկան այնպիսի տարբերություններ, որոնք խոչընդոտներ կստեղծեն նոր օրենսդրությանն անցնելու հարցում: Առհասարակ տարբեր երկրների մաքսային օրենսգրքերում տարբերությունները շատ քիչ են:

- 2015թ. հունվարի 1-ից հետո Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ կտեղադրվի՞:

- Նման հարց չի քննարկվել, և համաձայնագրում այդ հարցի շուրջ ոչինչ արձանագրված չկա:

- Հայաստանի մաքսային համակարգում աշխատելու են մե՞ր երկրի, թե՞ ԵՏՄ-ի մաքսավորները:

- Աշխատելու են ՀՀ մաքսավորները: Ինչպես այսօր, այնպես էլ անդամակցելուց հետո հիմնական գործառույթները շարունակելու են իրականացնել ՀՀ մաքսավորները: Պարզապես բոլոր երկրների մաքսային մարմիններում լինելու է ԵՏՄ անդամ պետությունների մաքսային ներկայացուցիչները: Հայաստանն էլ մաքսային ներկայացուցիչներ կարող է ունենալ անդամ երկրների մաքսային մարմիններում: Ընդ որում` դա ընդամենը իրավասություն է, պարտադիր պայման չէ:

- Արդյո՞ք Հայաստանն օրենսդրական և այլ համապատասխանություններն իրականացնելու համար ԵՏՄ-ից կամ ՌԴ-ից ֆինանսական աջակցություն կստանա:

- Այո, քննարկվում է որոշակի օժանդակություն հատկացնելու հարցը: Չեմ կարող ասել, թե ինչ չափով կլինի, բայց հատկացում կլինի, որպեսզի մենք կարողանանք որոշակի ինստիտուցիոնալ փոփոխություններ իրականացնել և ամբողջապես ինտեգրվել ԵՏՄ-ին:

- Ի՞նչ մարմիններից է բաղկացած լինելու Եվրասիական տնտեսական միությունը:

- ԵՏՄ-ն ունենալու է Բարձրագույն խորհուրդ, որի մեջ ներառվելու են անդամ երկրների ղեկավարները: Դրան հաջորդելու է միջկառավարական խորհուրդը` անդամ երկրների կառավարության ղեկավարների մասնակցությամբ: Այդ երկու խորհուրդներում հարցերն ընդունվելու են կոնսենսուսով` բոլորի համաձայնությամբ: Գործելու է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, որը բաղկացած է լինելու 2 կառույցից: Առաջինը հանձնաժողովի խորհուրդն է, որտեղ ներկայացված են լինելու փոխվարչապետերը: Այստեղ նույնպես որոշումները կայացվելու են միայն կոնսենսուսով: Երկրորդը նախարարների կոլեգիան է, որտեղ որոշումները կայացվելու են 2/3-ով: Նախարարների կոլեգիայում յուրաքանչյուր երկիր ունենալու է երեք ներկայացուցիչ-նախարար: Հայաստանի երեք նախարարները, սակայն, միասին ունենալու են մեկ ձայն, մինչև 2016թ. փետրվարը: Դրանից հետո բոլոր անդամ երկրներն այդ մարմնում ունենալու են երկու կամ երեք ներկայացուցիչ և նույնքան ձայն: ԵՏՄ-ում գործելու է նաև դատական մարմին, որտեղ յուրաքանչյուր երկիր ունենալու է 2 դատավոր. նրանց գործունեության ժամկետը 9 տարի է:

- Հայաստանը ֆինանսական ի՞նչ ակնկալիքներ կամ պարտավորություններ կունենա:

- Պայմանագիրն ուժի մեջ մտնելու հաջորդ ամսվա 1-ից ԵՏՄ անդամ երկրներ երրորդ երկրներից ներմուծված ապրանքներից գանձվող մաքսատուրքերը բաշխվելու են ըստ երկրների տնտեսությունների: ՀՀ մասնաբաժինը կազմելու է 1,13 տոկոս, այդ գումարները մուտք են գործելու ՀՀ պետական բյուջե՝ որպես մաքսատուրքի գծով եկամուտ: Դժվարանում եմ կոնկրետ թիվ ասել, բայց մոտավոր հաշվարկներով այդ գումարը կազմելու է մոտ 250 միլիոն դոլար, այսինքն` շատ ավելին, քան այսօր մեր մաքսային տուրքերն են: Գումարի չափը պայմանավորված է լինելու այն հանգամանքով, թե երրորդ երկրներից ինչ քանակի ներմուծումներ են լինելու ԵՏՄ: Իսկ Հայաստանը ԵՏՄ-ին վճարելու է անդամակցության գումար.այն կազմում է ԵՏՄ կառույցների պահպանման տարեկան բյուջեի 1,13 տոկոսը, որը մոտ 1,5-2 մլն դոլար է:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները