Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Քաղաքական կողմնորոշում՝ առանց քաղաքական քննարկումների

Քաղաքական կողմնորոշում՝ առանց քաղաքական քննարկումների

Կամ կմիանա՞ Հայաստանը «սառը պատերազմին»


Այս շաբաթ Ազգային ժողովը պետք է որոշի՝ մասնակցո՞ւմ է արդյոք Հայաստանը նոր սկսվող «սառը պատերազմին», թե՞ ոչ։ «Ես չեմ կարծում, որ մենք արդեն «սառը պատերազմի» մեջ ենք, այնպիսին, ինչպիսին էր մինչեւ 1989 թ.։ Սակայն մենք կարող ենք ունենալ «սառը պատերազմ», ուստի այժմ պետք է բոլոր միջոցները կիրառել ուկրաինական ճգնաժամը կարգավորելու համար»,- նոյեմբերի 29- ին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը։ Սակայն արդեն տեսնում ենք, որ ուկրաինական ճգնաժամը վերածվում է երկարատեւ հակամարտության եւ այստեղ չեն պատրաստվում նահանջել ոչ Մոսկվան ու ոչ էլ Կիեւը, ոչ ռուսները ու ոչ էլ ուկրաինացիները, ոչ Ռուսաստանն իր սատելիտներով ու ոչ էլ՝ Արեւմուտքը։

Իսկ «սառը պատերազմին» Հայաստանի մասնակցության փաստաթուղթը պաշտոնապես կոչվում է «Հայաստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու» մասին։ Աշխարհաքաղաքական ներկա գործընթացներում ակնհայտ քաղաքական այս կողմնորոշումը իշխանությունները փորձում են ամեն կերպ ներկայացնել որպես տնտեսական բնույթի պայմանագիր, իսկ ոչ իշխանական ուժերն էլ ընդունում են խաղի այդ կանոնները։

ԵՏՄ- ի անդամակցությունը որպես տնտեսական գործընթաց ներկայացնելու ցանկությունն այնքան մեծ է, որ անգամ խորհրդարանում այդ փաստաթղթի ներկայացման համար գլխադասային հանձնաժողով է նշանակված ոչ թե արտաքին հարաբերությունների, ինչպես ընդունված է, այլ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը։ Այսպես ավելի հարմար եւ անվտանգ է քաղաքական գրեթե բոլոր ուժերի համար, որոնք գերադասում են քաղաքական այս լուրջ իրավիճակում քաղաքական տեսակետ չհայտնել։

Այդ տեսակետն անգամ չհնչեց նոյեմբերի 24- ին կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ։ Միայն երկու կին՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն ու ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանն այդ օրը համարձակություն ունեցան հստակ արձանագրել, որ ՀՀ- ի ԵՏՄ- ին անդամակցությունը քաղաքական ու զուտ քաղաքական հարց է, տղամարդիկ գերադասում էին խոսել անվտանգ թեմաների՝ տնտեսության մասին։ Ունկնդրումները հստակ ցույց տվեցին, որ իշխանությունները չեն հաշվարկել անդամակցության տնտեսական օգուտներն ու վնասները, ուստի սա նույնպես հստակորեն ամրագրեց, որ ՀՀ- ի՝ ԵՏՄ-ի անդամակցությունը քաղաքական գործընթաց է՝ Մոսկվայի շանտաժի արդյունք։

Թեեւ՝ անկեղծ ասած՝ Ռուսաստանի քաղաքական շանտաժը եւս շատ անգամ տնտեսական հագուստ է ունենում։ Պաշտոնական Մոսկվան իր հետ քաղաքական խնդիրներ ունեցող երկրների ապրանքներում հանկարծ հայտնաբերում է վնասակար նյութեր, արգելված հավելումներ, տնտեսական չարաշահումներ։ Ուստի միայն սրանով է մեր քաղաքական ներկա կողմնորոշումը տնտեսական բնույթ կրում։

Ի դեպ՝ նոյեմբերի 28-ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ՀՀ- ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ։ Հետաքրքիր է՝ դեսպանը նույնպե՞ս համաձայնել է, թե ԵՏՄ- ն տնտեսական կառույց է։ Դա չենք իմանա, քանի որ հանդիպումը դռնփակ էր։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները