Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Հայաստանի խորհրդարանը վավերացրեց ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը

Հայաստանի խորհրդարանը վավերացրեց ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը

Հայաստանի Ազգային ժողովը եռօրյա քննարկումից հետո դեկտեմբերի 4-ին ձայների 103 «կողմ», 7 «դեմ» և 1 «ձեռնպահ» հարաբերակցությամբ վավերացրեց 2014թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում «Հայաստանի հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը: Դեմ քվեարկեցին «Ժառանգություն» խմբակցության անդամները, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, անկախ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Խաչատուր Քոքոբելյանը: Միակ «ձեռնպահ»-ը ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էր: ԱԺ 6 խմբակցություններից 5-ը՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն,  «կողմ» քվեարկեցին պայմանագրին:

Գրեթե միաձայն՝ կողմ

ԵՏՄ անդամակցությանը կողմ քաղաքական ուժերի հիմնական փաստարկն այն էր, որ մեր երկիրն այդ կառույցին անդամակցում է անվտանգության նկատառումներով:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կարծում է, որ ԵՏՄ-ին անդամակցելը համահունչ է մեր երկրի շահերին և ազգային անվտանգության գերակայություններին: «Հայաստանին և ԵՏՄ անդամ երկրներին միավորում է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը` որպես ռազմաքաղաքական կարևորագույն դաշինք, որը ՀՀ անվտանգության ապահովման գործում ունի առանցքային դերակատարում: Մյուս կողմից՝ այսօր մեր տնտեսությունը բազմաթիվ թելերով կապված է ԵՏՄ անդամ երկրների տնտեսությունների հետ: Միաժամանակ, մենք Արևելյան գործընկերության միակ երկիրն ենք, որ անդամակցում ենք ԵՏՄ-ին: Իսկ դա նշանակում է, որ խելամիտ քաղաքականության պարագայում ՀՀ-ն կարող է դառնալ պատուհան ԵՏՄ-ի և ԵՄ երկրների միջև»,- խմբակցության դիրքորոշումը ներկայացնելիս ասաց Հ.Բիշարյանը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հիշեցրեց, որ ՀՀ-ն ու Լեռնային Ղարաբաղը գտնվում են շրջափակման ու պատերազմի մեջ, իսկ աշխարհը հայտնվել է նոր սառը պատերազմի իրավիճակում: «Հետևաբար սա մեզ համար նախ անվտանգության հարց է՝ որպես աշխարհաքաղաքական լուրջ մարտահրավերները հաղթահարելու անհրաժեշտ պայման, որ կարողանանք պահել այն, ինչ ունենք: Իսկ այսպիսի վտանգի ամենամեծ զգացողությունը հենց մեր ժողովուրդն ունի իր հավաքականության մեջ: Դրա համար պատահական չէ, որ որևէ ընդվզում այս հարցի հետ կապված նա չցուցաբերեց: Վստահենք մեր ժողովրդի պատմական փորձին ու իմաստնությանը և վարվենք նույն կերպ»,- ԵՏՄ-ին անդամակցելու ՀՅԴ-ի դիրքորոշումն այսպես հիմնավորեց Ա.Ռուստամյանը:

Անդամակցությանը դեմ միակ քաղաքական ուժի՝ «Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբիկ Հակոբյանը ԵՏՄ-ի՝ տնտեսական կառույց լինելը «բլեֆ» համարեց: Նա համոզված է, որ եթե մեր երկիրը չգնար դեպի եվրոասոցացման համաձայնագրի ստորագրումը, այսօր չէր հայտնվի ԵՏՄ-ում, որովհետև այս պահին ՌԴ-ին ՀՀ-ի անդամակցումն այնքան էլ ձեռնտու չէ: «Խնդիրը մեր մեջ է, մեծ գերանը մխրճել ենք մեր աչքի մեջ, փորձում ենք ուրիշի աչքի մեջի փուշը տեսնել: Արևմուտքին մեղադրում ենք, թե Կոնչիտա է բերում այստեղ, ՌԴ-ին էլ մեղադրում ենք, որ պացիֆիստներ է բերում: Ռուսաստա՞նն է մեղավոր, որ ընտրություններ ենք կեղծում, որ ստվերն ավելի շատ է, քան իրական տնտեսական շարժը, որ հաստատել ենք մենաշնորհ և վերացրել ենք մանր ու միջին բիզնեսը: Նրանք ընդամենը օգտվում են մեր սխալներից»,- հայտարարեց Ռ.Հակոբյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ հայտարարեց, թե ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում պետք է նկատի ունենալ այն, ինչ կատարվեց Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի հետ, որոնք հայտնվել են մարդկային, տարածքային մեծ կորուստների և պատժամիջոցների առաջ: Իսկ մեր երկրի համար այդ անդամակցումն ունի և դրական, և բացասական կողմեր: Դրական կողմերից են ՌԴ-ի եւ ընդհանրապես՝ ԵՏՄ շուկայի հասանելիությունը, քիչ թե շատ էժան պայմաններով էներգակիրների, այդ թվում՝ գազի մատակարարումը, ՌԴ աշխատաշուկայի հասանելիությունն ու տրանսֆերտների անխափանությունը: Բացասական կողմերից են ԵՏՄ-ի հետ ընդհանուր սահման չունենալու պայմաններում Վրաստանի, նաև երրորդ երկրների հետ առաջացող մաքսային պատնեշները, գնաճի հեռանկարն ու ՌԴ-ի անկայուն ֆինանսական վիճակի ազդեցությունը: Լ.Զուրաբյանը հայտարարեց, որ համադրելով անդամակցության դրական ու բացասական կողմերը, ՀԱԿ-ը որոշել է կողմ քվեարկել:

«ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու այս համաձայնագրին, որովհետև դեմ քվեարկելը կվնասի Հայաստանի շահերին: Մենք կողմ չենք քվեարկում իշխանությունների կատարած քայլերին. ամենևին ոչ: Դրանք կարող էին և պետք է լինեին ավելի լավը, մենք կողմ ենք քվեարկում տվյալ պահին Հայաստանին չվնասելու համար, Հայաստանի ապագա հնարավորությունների համար, որոնք կարող են լինել, եթե Հայաստանում իշխանությունները համառորեն և մշտապես պաշտպանեն ՀՀ շահերը: Իսկ թե երբ դա կլինի՝ կարծում եմ հասկանում են բոլորը»,- հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Պայմանագրին բնականաբար կողմ քվեարկեցին նաև իշխող ՀՀԿ-ի պատգամավորները: Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր ելույթում նշեց, որ անդամակցումը ռուսական ապրանքներն առանց ՌԴ արտահանման տուրքերի գնելու հնարավորություն է. 30%՝ գազի, 5%՝ ալմաստի, 5-15%՝ մետաղների, 1 տոննայի համար 40 եվրո՝ նավթամթերքի համար: Ինչ վերաբերում է քաղաքական բաղադրիչին, ապա պայմանագրում Արցախի հարցը ոչ մի կերպ չի շոշափվում, հետեւաբար, նրա խոսքով, ԼՂՀ շահերին դավաճանելու մասին շահարկումներն անտեղի են: Բաղդասարյանը նաև հիշեցրեց, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը դրական է գնահատել այս ընտրությունն ու ասել, որ պատրաստ է համագոյակցության: «Ես զարմանում եմ ԵՏՄ-ին ընդդիմադիր իմ գործընկերների հուզմունքի վրա, երբ որ արևմուտքն ու ամերիկացիները շատ հանգիստ են վերաբերում: Ինչո՞ւ եք անհանգիստ և նույնիսկ հուզված: Պետք չէ անհանգստանալ»,- հայտարարեց նա:

Եվրասիական տնտեսական միության հիմնադրման մասին պայմանագիրը ստորագրվել է 2014թ. մայիսի 29-ին, Աստանայում, այդ կառույցի բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից: Հայաստանն այդ պայմանագրին միացել է հոկտեմբերի 10-ին: Նախատեսվում է, որ ԵՏՄ-ն պետք է սկսի գործել 2015թ. հունվարի 1-ից: Պայմանագիրը ԱԺ-ում ներկայացնելիս փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ թեև Հայաստանը ուշ է միանում այդ կառույցին, սակայն մյուս երեք երկրների հետ միասին ունենալու է ԵՏՄ անդամի լիիրավ անդամ: Կառույցն ունենալու է ղեկավար մարմին՝ բարձրագույն խորհուրդ, որտեղ ներկայացված կլինեն անդամ երկրների նախագահները, միջկառավարական խորհուրդ, որը կազմված է լինելու վարչապետերից: Գործելու է նաև փոխվարչապետերից և նախարարներից կազմված տնտեսական հանձնաժողովը: Ստեղծվելու է նաև ԵՏՄ դատարան: Ղեկավար մարմիններում որոշումներն ընդունվելու են բոլոր կողմերի համաձայնությամբ: 

Ի՞նչ է տալու ԵՏՄ-ն

Հայաստանի իշխանությունները մատնանշում են, որ մաքսային կառույցում ապրանքաշրջանառությունն իրականացվելու է առանց մաքսային փաստաթղթաշրջանառության և մաքսային տուրքերի: Ենթադրվում է, որ այս հնարավորությունը կարող է խթանել դեպի ԵՏՄ անդամ երկրներ արտահանումը: Ձեռքբերում է համարվում նաև այն հանգամանքը, որ երրորդ երկրներից ներկրվող 752 անուն ապրանքատեսակների համար Հայաստանը 2-5 տարով գործող մաքսատուրքերը պահպանելու արտոնություն է ստացել: Մեր երկրին պետք է բաժին ընկնի ԵՏՄ մաքսային տուրքերի 1,13 տոկոսը, ինչը նախնական հաշվարկներով կազմում է մոտ 250 մլն դոլար՝ 2,5 անգամ ավելի, քան այժմ ստանում է Հայաստանը: Հայաստանն իր հերթին ԵՏՄ ղեկավար կառույցների պահպանման համար ստեղծվող բյուջեին պետք է վճարի 1,3 տոկոս անդամավճար՝ մոտ 2 մլն դոլար: Ինչ վերաբերում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ դնելու հեռանկարին, ապա ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանի խոսքով՝ պայմանագրում նման կետ չկա:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները