Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ալ. Արզումանյան. ԵՏՄ-ն փլուզվելու է

Ալ. Արզումանյան.  ԵՏՄ-ն փլուզվելու է

Հարցազրույց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հետ:

-ԵՏՄ համաձայնագիրը ընդունվեց ԱԺ 6 խմբակցություններից 5-ի կողմ քվեարկություններով: Նրանց ելույթներում Ձեր կարծիքով չկայի՞ն Հայաստանի անդամակցությունը հիմնավորող բավարար փաստարկներ:

-Իսկ ի՞նչ էին ասում նրանք: Իշխանությունն օրինակ էր բերում Ուկրաինան, ասում էր՝ նայեք, թե ինչ արեց Ռուսաստանը, և եթե մենք չանդամակցենք ԵՏՄ-ին, մեզ հետ էլ նույնը կանեն: Սա համոզիչ արգումենտ է, բայց դրանով իսկ հաստատում էին, որ Ռուսաստանը անկանխատեսելի ու սպառնացող երկիր է: Ուրեմն՝ պետք էր խիզախություն ասելու, որ ճար չունենք, սա պարտադրանք է, եկեք միասին մտածենք, թե ոնց դուրս գանք այս վիճակից: Սա ավելի ազնիվ կլիներ: Իսկ ոչ իշխանական ուժերի մոտ իշխում է այն մտայնությունը, որ ոչ թե պետք է գաղափարներով հասարակությանը համոզել ու հասնել իշխանափոխության, այլ պետք է սիրաշահել մեր ստրատեգիական մեծ եղբորը, որպեսզի նա որոշի, թե ում ումով պետք է փոխարինի Հայաստանում:

-Այսինքն, կողմ քվեարկելուն ողջամիտ այլընտրանք կա՞ր:

-Պետք էր ուղղակի ի սկզբանե գործընթացը ավելի թափանցիկ տարվեր և Ռուսաստանի, և ԵՄ-ի հետ: Կարելի էր առկախել ԵՄ ասոցացման գործընթացը ու այն ներդաշնակեցնել Ռուսաստանի հետ: Դա տեխնիկական հարց էր: Բայց Ռուսաստանը մեր նկատմամբ վստահություն չունի և պարտադրեց անել այս քայլը:

-Սա պարտությո՞ւն էր:

-Սա մի փուլ է, որ մտնում ենք՝ լավ գիտակցելով, որ ԵՏՄ-ն գործող միություն չէ, ու մեր մուտքը էապես չի փոխելու դրա ապագան:

-Իսկ մե՞ր ապագան:

-Մեր ապագայի համար պետք է պատրաստ լինենք այն բանին, որ ԵՏՄ-ն փլուզվելու է, ու մենք պետք է կարողանանք նվազագույն կորուստներով դուրս գալ դրա փլատակներից:

-ՀՅԴ-ն այս օրերին հիշեցրեց, որ նման մի տնտեսական համաձայնագիր կնքվել է դեռ 1994 թվականին: Դուք մոռացե՞լ էիք դրա մասին:

-Ես որևէ բան չեմ մոռանում իմ կյանքում: Ինքս տնտեսական բլոկի պատասխանատու չեմ եղել, այդ տարիներին ես ՄԱԿ-ում էի աշխատում: Բայց այն ժամանակ պատերազմ էր, ինտեգրացիոն գործընթացներում ցանկացած բան ստորագրվում էր: Մենք ԱՊՀ հիմնադիրներից էինք, որը թղթի վրա գործող միություն էր, 15000-ից ավելի փոաստաթուղթ է այդ միությունում ստորագրվել, և որևէ մեկը Հայաստանում չգիտի, թե դրանք ինչ թղթեր են: Այն ժամանակ Ռուսաստանի դեմոկրատական իշխանությունները ձգտում էին մաքսիմալ եվրաինտեգրման, դժվար էր մտածել, որ այդ երկիրը կհակադրվի քաղաքակիրթ աշխարհին: Այսօրվա Ռուսաստանը այլ է, ժողովրդավարության մասին խոսք չկա: Այդ փաստաթուղթը որևէ հետևանք չի ունեցել, Հայաստանը Ռուսաստանից շուտ դարձել է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ, սկսել եվրաինտեգրման գործընթաց: Այս երկու գործընթացները համեմատելը կոռեկտ չէ: Բայց եթե այդ հիշեցումով ուզում են արդարացնել այսօրվա իշխանություններին, ուրեմն, խնդրեմ, կարող են հիշել Ղարսի պայմանագիրը, Ալեքսանդրապոլի պայմանագիրը ու անգամ Տիգրան Մեծին:

-Ավարտվեց աշնանային նստաշրջանը. ի՞նչն էր բնորոշ, առանձնահատուկ դրան:

-Միակ տարբերությունը նախորդից՝ որ այլընտրանք կոչվող ուժը սկսեց գործել մի քիչ կիսաայլընտրանք-կիսաընդդիմություն դաշտում՝ որոշակի անհարմարություն ստեղծելով ՀՀԿ-ի համար օրենքներ ընդունելիս:

-Իսկ խորհրդարանից դո՞ւրս:

-Խորհրդարանից դուրս եղավ մեծ շարժման իմիտացիա:

-Իսկ համաժողովրդական շարժո՞ւմը, հուժկու հանրահավա՞քը, շտաբնե՞րը:

-Հանրահավաքում եղան ելույթներ, խոստումներ, որոնք չիրականացան: Շտաբների դեպքում պետք է ասեմ, որ մեր նորանկախ պատմության ընթացքում ես չեմ լսել, որ ընտրություններից 3 տարի առաջ շտաբներ ստեղծեն ու պահեն դրանք, նույնիսկ Ծառուկյանի նման մեկը:

-Բայց այդ շտաբերը իշխանափոխություն նախապատարաստելու համար են:

-Իշխանափոխություն անելու առաջարկ եղավ, թող միանային Փաշինյանի իմպիչմենթի նախաձեռնությանը, ինչո՞ւ չմիացան:

-Ասացին, որ դա ռեալ չէ:

-Նույնքան ռեալ էր, որքան այն շարժումը, որ ասում է կգնանք, իշխանափոխություն կանենք: Նման տրամաբանությամբ պետք չէ քաղաքականությամբ զբաղվել: Քաղաքականությունը հենց այն է, որ ցանկացած հնարավորություն օգտագործես: Այս անգամ չէր ստացվի, հաջորդը կստացվեր:

Քվեարկության պատմություն

Արզումանյան Ալեքսանդր Ռոբերտի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Արզումանյան Ալեքսանդր «Ժառանգություն» 398 268 205 29 63 28 21
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները