Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Կրկին «Կարսը», կրկին առանց կրակոցի

Կրկին «Կարսը», կրկին առանց կրակոցի

«Նորից ուրվական ա շրջում դահլիճում»,- ԱԺ- ում ԵՏՄ Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկման երկրորդ օրը հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ տեսնելով թռուցիկներ բաժանող Զարուհի Փոստանջյանին։ Այնինչ՝ ուրվականը, որ շրջում էր աշնանային նստաշրջանի վերջին քառօրյայի ընթացքում, ազգային նվաստացման, ինքնահարգանքի ոչնչացման, ստրկամտության հաղթանակի ուրվականն էր։ Դեկտեմբերի 4- ին ԱԺ 103 պատգամավոր խորին ակնածանքով նայում էր դեպի Մոսկվա, Կրեմլ, փորձում տեսանելի լինել հարգարժան Վլադիմիր Վլադիմիրովիչին։ Նրանց մի մասը մեծ խոնարհումով ազդարարում էր, որ հավատարիմ է Նորին Մեծությանը, իսկ մյուս մասն էլ՝ ազդարարում, որ իրենք եւս կարող են նույն հավատարմությամբ ծայառել, եթե Հայաստանի սատրապության ղեկը Նորին Մեծությունն իրենց վստահի։

Ու այս գեղարվեստական բեմադրությունն իրական պատկեր ստացավ, երբ նժդեհական, ՀՀԿ պատգամավոր, ՀՀԿ Էրեբունու տարածքային կազմակերպության երբեմնի ղեկավար Մհեր Սեդրակյանը մի պարբերությամբ ամփոփեց խորհրդարանում պայմանագրի վավերացման քաղաքական քննարկումները։ «Առանց ռուս ազգի չենք կարա գոյատեւել, դուք էլ եք հասկանում։ Ո՞նց կարանք, մեր ազգը սաղ կյանք ուրիշի լծի տակ ա եղել, մենք սովոր ենք, որ մեր գլխին պետք ա մեկը լինի՝ պարսիկը, թուրքը, ռուսը… Լավ չի՞ ռուսի իշխանության տակ լինենք»։

Եթե ԱԺ լսումներում հիմնականում քննարկվում էր պայմանագրի տնտեսական բաղադրիչը, ապա քառօրյայում հնչեցին նաեւ քաղաքական գնահատականներ։

Անդամակցության տնտեսական հետեւանքների մասին ցանկանում եմ չխոսել, որովհետեւ մինչ խորհրդարանում նշվում էր, թե ինչպես առաջին անհրաժեշտության ապրանքներն առաջիկա հինգ տարիներին չեն թանկանալու, դրսում հերթական թանկացումների ականատեսն էինք լինում, մինչ խոսում էին, որ Հայաստանում էներգակիրները չեն թանկանա, միջազգային շուկայում դրանք էժանանում էին, մինչ հայտարարում էին, թե Ռուսաստանը գործարանային գներով Հայաստանին զենք է մատակարարում, Մոսկվան իր վնասները փոխհատուցում էր Ադրբեջանին զենքի մատակարարումներով, որով թշնամին խոցում էր մեր ուղղաթիռը, սպանում մեր զինվորին…

Դե իսկ քաղաքական քննարկումների առանցքում՝ անվտանգությունն էր, որը մեզ խոստանում է այս միությունը, կամ ավելի ճիշտ՝ Ռուսաստանը։ Անվտանգության առաջին արտահայտությունը մեզ համար մնում է Արցախը։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանի ամբիոնից արտահերթ ձայնի իրավունքով հայտարարում էր. «Հայաստան է Վանը, գլոբալ առումով Էրզրումը, Մուշը (հետաքրքիր է ի՞նչ կասի սրա մասին դրանից մեկ օր առաջ Անկարայում ջերմ ընդունելության արժանացած ՌԴ նախագահը), բայց Արցախը իրավական առումով Հայաստանի Հանրապետություն չէ»,- հայտարարում էր Շարմազանովը։

Ու բնական հարց էր առաջանում. ուրեմն ինչի՞ շուրջ են բանակցել ու բանակցում Քոչարյանն ու Սարգսյանը Ալիեւների հետ՝ Ադրբեջանի՞ տարածքի, հարց է առաջանում՝ ուրեմն ինչո՞ւ 1999 թ. ապրիլի 25-ին հեռավոր Վաշինգոտնում Քոչարյան-Ալիեւ առաջին պաշտոնական բանակցություններով Արցախը դուրս հանվեց բանակցություններից։ «Մեր բոլորիս նպատակն է իրականացնել Արցախի ժողովրդի կամքը, այն է՝ հասնել Արցախի իշխանության միջազգային ճանաչման»,-շարունակում էր խորհրդարանական ամբիոնից հայտարարել Շարմազանովը։ Իսկ թե ինչպես ենք ԵՏՄ- ում իրացնում այդ կամքը՝ տեսանք մայիսին, Աստանայում, ԵՏՄ- ի ՀՀ անդամակցության հարցով Նազարբաեւի հայտարարությունից եւ Սարգսյանի արձագանքից։

Անվտանգության նկատառումներից խոսում էին այդ օրերին ոչ միայն ՀՀԿ- ականները, այլեւ ԲՀԿ- ն, ՀԱԿ- ը (նախկին ՀՀՇ իրավաժառանգը), ՀՅԴ- ն ու ՕԵԿ- ը։ Այսինքն ուժեր, որոնք անցած 23 տարիներին Հայաստանի իշխանության մաս են կազմել եւ նաեւ իրենց գործողություններով խորացրել հասարակության մեջ առկա նիհիլիզմի, անվստահության, անելանելիության ախտերը։ Ախտեր, որոնք քայքայում են հասարակությունը, պետությունը, ազգային անվտանգությունը։

«Հետևաբար սա մեզ համար նախ անվտանգության հարց է՝ որպես աշխարհաքաղաքական լուրջ մարտահրավերները հաղթահարելու անհրաժեշտ պայման, որ կարողանանք պահել այն, ինչ ունենք: Իսկ այսպիսի վտանգի ամենամեծ զգացողությունը հենց մեր ժողովուրդն ունի իր հավաքականության մեջ: Դրա համար պատահական չէ, որ որևէ ընդվզում այս հարցի հետ կապված նա չցուցաբերեց: Վստահենք մեր ժողովրդի պատմական փորձին ու իմաստնությանը և վարվենք նույն կերպ»,- ԵՏՄ-ին անդամակցելու ՀՅԴ-ի դիրքորոշումն այսպես հիմնավորեց Արմեն Ռուստամյանը:

Դաշնակցական պատգամավորն ուղղակի «մոռացավ» սրան զուգահեռ հիշել, որ առանց որեւէ ընդվզման, առանց որեւէ կրակոցի 1920- ի աշնանը հանձնվեց Կարսը։ Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա իշխանությունն ու դրան մաս կազմող ու կազմած ուժերը հասարակությանը հասցրել էին ու հասցրել են այնպիսի խորը հուսալքության, որ այլեւս ժողովրդին չէր հետաքրքրում ու չի հետաքրքրում՝ ում լծի տակ կլինենք՝ պարսիկի, թուրքի, ռուսի…

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները