Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ՀՀԿ-ի բյուջեի նախագիծը

ՀՀԿ-ի բյուջեի նախագիծը

«Հարցը կքննարկվի 2016-18 թվականների ՄԺԾԾ շրջանակներում», «Օրակարգային չէ», «Առաջարկությունը չի ընդունվել ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծով կանխատեսվող բյուջետային մուտքերի մակարդակից և ծախսերի առաջնահերթությունից ելնելով». այսպիսի և առավել ծավալուն հիմնավորումներ է բերել կառավարությունը՝ 2015 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ ստացված առաջարկությունները մերժելու համար:

Ամենաշատ առաջարկությունները կառավարությունը ստացել է ՀՀԿ խմբակցությունից և ՀՀԿ-ական պատգամավորներից, և հենց այս պատճառով էլ ամենաշատ մերժված առաջարկությունները ևս ՀՀԿ-ականներինն են: Ստացված 367 առաջարկությունից ավելի քան 300-ը ՀՀԿ-ինն են: Եվ սա պատահական չէ. բյուջե 2015 թվականին կողմ քվեարկեց միայն Հանրապետականը:

Ազգային ժողովի 12 մշտական հանձնաժողովներից 2015 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկություններ էին ներկայացրել միայն 5-ը. սոցիալական, գիտության-կրթության, առողջապահության, մարդու իրավունքների և տարածքային հարցերի հանձնաժողովները:

Սոցիալական հարցերի հանձնաժողովի 4 առաջարկություններից ոչ մեկը չի ընդունվել: Կրթության և գիտության հանձնաժողովի 2 առաջարկներից ընդունվել է 1-ը. Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի դպրոցի դահլիճն ու հանդիսությունների սրահը վերանորոգելու համար կառավարությունը լրացուցիչ 100 մլն դրամ է նախատեսել: Ուշագրավ է, որ 2015 թ-ի բյուջեի նախագծի վերաբերյալ ստացված առաջարկությունների մեջ Արմավիրի մարզի տարբեր համայնքներին առնչվող առաջարկությունները բավական մեծ թիվ են կազմում: Հայթաղ համայնքն էլ ընդգրկված է թիվ 20 մեծամասնական ընտրատարածքում, որտեղից ընտրված պատգամավորը ՀՀԿ-ական Հրանտ Գրիգորյանն է:

6 առաջարկություն է ներկայացրել առողջապահության հանձնաժողովը. չընդունված միակ առաջարկությունը վերաբերում էր պետության կողմից սրտի վիրահատությունների համար միանման գներ սահմանելուն: Կառավարությունը հարցը համարել է ոչ օրակարգային:

Մարդու իրավունքների հանձնաժողովի 6 առաջարկությունները վերաբերում էին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությանը: Դրանցից ընդունվել են միայն 2-ը, մեկը՝ մասամբ:

Գումար՝ համայնքի տանիքի ու Արտաշատի փողոցի համար

2015 թվականի բյուջեի վերաբերյալ ամենաշատ առաջարկությունները ներկայացրել են ՀՀԿ խմբակցության պատգամավորները՝ 56: Ընդունվել են 12-ը: Դրանցից 2-ի հեղինակը խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն է. առաջարկությունները վերաբերում են նրա հայրենի քաղաք Վանաձորում կրթական հաստատություն հիմնանորոգելուն և գերեզմանոցի մերձակա տարածքը բարեկարգելուն. ընդամենը 121 մլն դրամ:

Վահրամ Բաղդասարյանի ընկերակցությամբ բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկություններ են ներկայացրել գեներալ պատգամավորներ Մանվել Գրիգորյանն ու Սեդրակ Սարոյանը: Դրանք բոլորը՝ 21-ը, վերաբերում են Արմավիրի մարզի տարբեր համայնքների: Սեդրակ Սարոյանի ուշադրության կենտրոնում են, օրինակ, մարզի մանկապարտեզները. նա առաջարկում է վերանորոգել 9 մանկապարտեզ, նաև լուծել տարբեր համայնքների լուսավորության կամ կեղտաջրերը հեռացնելու խնդիրները:

Բաղդասարյան-Սարոյան զույգի առաջարկություններից ընդունվել է ընդամենը 2-ը: Ուշագրավ է, որ երկու առաջարկություններն էլ վերաբերում են նույն՝ Նորակերտ համայնքի մանկապարտեզի 1-ին և 2-րդ հարկերի հիմնանորոգմանը. յուրաքանչյուր հարկի համար ներկայացվել է առանձին առաջարկ, յուրաքանչյուրի համար կառավարությունը հատկացրել է 47 մլն դրամ: Մեկ այլ տողով էլ առաջարկվում է գումար հատկացնել Ոսկեհատ համայնքի տանիքի համար. կառավարությունը առաջարկը չի ընդունել՝ հիմնավորմամբ, որ պարզ չէ, թե հատկապես որ շինության տանիքն է առաջարկվում վերանորոգել:

Մեկ այլ ՀՀԿ-ականի առաջարկի անորոշությունը, սակայն, չի խանգարել, որ կառավարությունը ընդունի այն: Վարչապետի ազգականուհի, ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանը առաջարկել է բյուջեի նախագծում նախատեսել 120 մլն դրամ՝ Արտաշատ քաղաքի փողոցի ջրահեռացման, խողովակների փոխման և ասֆալտապատման համար: Կառավարությունը այդ գումարը հատկացրել է՝ առանց ճշգրտելու, թե հատկապես որ փողոցի մասին է խոսքը:

Մեծամասնական ընտրակարգով ընտված ՀՀԿ-ական Հրանտ Գրիգորյանն էլ 125 առաջարկ է ներկայացրել: Դրանցով առաջարկվում է կրթական հաստատությունների վերանորոգում, համայնքների գազաֆիկացում: Նրա առաջարկներին տված կառավարության պատասխաններից տպավորություն է, թե պատգամավորը առաջարկներ է արել՝ առանց խնդրին տիրապետելու: Օրինակ, առաջարկել է գազիֆիկացնել Մարգարա, Արազափ, Արտաշար, Ապագա, Ակնաշեն գյուղերը, մինչդեռ կառավարությունը նշել է, որ այդ համայնքներ արդեն գազիֆիկացված են:

Քվեարկություն՝ ըստ առաջարկությունների

1 առաջարկ՝ ՀՅԴ-ից, 1-ը՝ ԲՀԿ-ից, 4-ը՝ «Ժառանգությունից». կառավարությունը ոչ իշխանական խմբակցություններից ընդամենը 6 առաջարկություն է ընդունել: ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի, «Ժառանգության» ու ՀԱԿ-ի համար սա անսպասելի չէր: Դեռ Տիգրան Սարգսյանի վարչապետության շրջանում նախկին ֆինանսների նախարար Տիգրան Սարգսյանն անկեղծացել էր. «Ինչո՚ՙւ պետք է ընդունենք ընդդիմության առաջարկությունները, դուք, միևնույն է, դեմ եք քվեարկելու»:

ՀՅԴ խմբակցության ներկայացրած 13 առաջարկություններից ոչ մեկը չի ընդունվել: Դրանք վերաբերում էին բյուջեի մեթոդաբանությանը, Լեռնային Ղարաբաղին, որոշ գյուղական համայնքների:

Դաշնակցականներից ընդունվել է միայն Արծվիկ Մինասյանի առաջարկությունը՝ Շենիկ համայնքի մշակույթի տունը վերանորոգելու համար 50 մլն դրամ հատկացնելու մասին:

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի 10 առաջարկություններից ընդունվել է 1-ը. հարցը կարգավորվել է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքով:

Չեն ընդունվել Նաիրա Զոհրաբյանի 2 և Լյովա Խաչատրյանի 1 առաջարկությունները:

«Ժառանգությունից» առաջարկություններ է ներկայացրել միայն Թևան Պողոսյանը: Նրա 16 առաջարկություններից ընդունվել են միայն 4-ը, որոնք վերաբերում են Արարատի մարզի Արմաշ համայնքին:

ՀԱԿ-ից առաջարկություններ է ներկայացրել միայն Հրանտ Բագրատյանը: Նրա 52 առաջարկությունները, սակայն ֆինանսական ներդրում չէին նախատեսում, այլ ընդամենը դիտարկումներ էին կամ հարցադրումներ:

ՕԵԿ խմբակցությունը որևէ առաջարկություն 2015 թվականի բյուջեի վերաբերյալ չի ներկայացրել:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները