Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ավանդույթի ուժով, անդամակցության պահանջով

Ավանդույթի ուժով, անդամակցության պահանջով

ԱԺ նախագահի որոշմամբ դեկտեմբերի 15-ին խորհրդարանն արտահերթ նստաշրջան կհրավիրի: Նախաձեռնությունը գործադիրինն է, առաջարկվող օրակարգը նույնպես: Խորհրդարանի քննարկմանն է սպասում 3 տասնյակ հարց` 8 միջազգային համաձայնագիր, 22 օրենսդրական փաթեթ, որոնք փոփոխություն ու լրացում են առաջարկում ավելի քան 60 օրենքներում: Նախագծերի մեծ մասը կառավարությունն անհետաձգելի է համարել, ինչը նշանակում է, որ օրենսդրական փաթեթները կքվեարկվեն մի քանի ընթերցումներով: Օրակարգում նաև այլ հարցեր են, բայց առանցքայինը ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված օրենսդրական փոփոխություններն են:

Չխախտելով ավանդույթը՝ այս տարեվերջին նույնպես կառավարությունը հանդես է եկել ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությամբ: Տարեվերջյան արտահերթերը սովորաբար հրավիրվում են բյուջեի վերաբերող օրինագծերի ընդունման նպատակով: Այս անգամ պատճառը փոքր-ինչ այլ է. կառավարությունն ԱԺ-ին առաջարկում է քննարկել և ընդունել այն փոփոխությունները, որոնք հայաստանյան օրենսդրության մեջ պետք է կատարվեն մինչև ԵՏՄ անդամակցությունը:

Օրակարգում ընդգրկված է երկու մայր օրենք՝ «Մաքսային կարգավորման մասին» և «ՀՀ և ԵՏՄ անդամ երկրների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին»: Առաջին օրինագիծն, ի դեպ, կազմված է 259 հոդվածից, մոտ 2 հարյուր էջ ծավալ ունի: Փոխարենը խիստ ընդհանուր ու հակիրճ է օրինագծին կցված հիմնավորումը: Կառավարությունը պարզապես նշել է, որ նախագծի մշակումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության շրջանակներում հարկային և մաքսային հարաբերությունները ազգային օրենսդրությամբ կարգավորելու անհրաժեշտությամբ:

Այժմ այդ հարաբերությունները կարգավորվում են հայաստանյան օրենսդրությամբ, իսկ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո գործելու է միության միասնական մաքսային օրենսգիրքը և ուժը կորցրած է ճանաչվելու Հայաստանինը: Այս օրինագիծը սահմանում է խաղի նոր կանոնները մաքսային գործընթացի բոլոր օղակներում՝ բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրի վարումից, հաշվետվությունների ներկայացումից մինչև ապրանքների մաքսային արժեքի որոշման կանոններն ու ընթացակարգերը:

Կարելի է ենթադրել, որ արտահերթի հիմնական մասը կտրամադրվի հենց այս օրենքի քննարկմանը: Իսկ թե որքանով պատգամավորները կհասցնեն ծանոթանալ այս ծավալուն նախագծի բոլոր մանրամասներին, ցույց կտա քննարկումը:

Մաքսայինից բացի օրակարգում նաև վարկային 8 համաձայնագրեր են: Դրանք ֆինանսական աջակցություն են նախատեսում հիմնականում ենթակառուցվածքների ոլորտի համար, վարկերի ընդհանուր արժեքը 260 միլիոն դոլար է: Օրակարգում նաև մի շարք օրինագծերն են, որոնց ընդունումը կառավարությունն անհետաձգելի է համարում:

Ի դեպ, գործադիրի դեկտեմբերի 11-ի նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանն առաջարկեց արտահերթի օրակարգում ներառել նաև ԱԺ գազային հանձնաժողովի գործունեությանը վերաբերող հարցը: Գազի հանձնաժողովը մեր նախագծում ի՞նչ գործ ունի՝ զարմացավ Հովիկ Աբրահամյանն ու ավելացրեց. «Իրենց հանձնաժողովն է, իրենք էլ թող արտահերթ հրավիրեն ու քննարկեն»:

ԱԺ նախագահի որոշմամբ հաստատված օրակարգի նախագծում գազային հանձնաժողովի հարցն ընդգրկված չէ: Ամենայն հավանականությամբ, խորհրդարանը կհետևի վարչապետի հորդորին ու մի արտահերթ էլ իր նախաձեռնությամբ կհրավիրի, հատկապես, որ գազայինից բացի «անհրաժեշտաբար» քննարկման է սպասում ՎՊ 2013թ. հաշվետվությունը, քվեարկության՝ նույն կառույցի հաջորդ տարվա ծրագիրը: Ի դեպ , ՎՊ հաշվետվությունը խորհրդարանն, օրենսդրության պահանջով, պետք է քննարկեր նախորդ նստաշրջանի ընթացքում, ինչը չի արել: Հարցը տեղափոխվել է աշնանային նստաշրջան ու դրա ընթացքում նույնպես չի քննարկվել:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները