Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ՀՅԴ-ն իշխանությունների հետ համագործակցում է իշխանափոխության համար

ՀՅԴ-ն իշխանությունների հետ համագործակցում է իշխանափոխության համար

Parliamentmonitoring.am-ի զրուցակիցը ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն է:

- Պարոն Վարդանյան, ինչպե՞ս եք գնահատում աշնանային նստաշրջանը, կարևոր ի՞նչ զարգացումներ եք առանձնացնում:

- Նստաշրջանը բավական լարված էր թե օրենսդրական աշխատանքի, թե քաղաքական գործընթացների առումով: Օրենսդրական մասով կրկին արձանագրենք, որ կառավարությունը շարունակում է վատ ավանդույթը. բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ, մեծ փաթեթներ Ազգային ժողով են բերվում վերջին պահին, և օրենսդիր մարմինն իրականում հնարավորություն չի ունենում լրջորեն ուսումնասիրել դրանք: Թվում էր՝ նախորդ կառավարության վատ փորձը, որի մասին բազմիցս խոսվել է, այս կառավարությունը ինչ-որ չափով կփոխի, բայց շարունակում է նույն ոճով: Ցավոք, մեր օրենսդրական դաշտը մի տեսակ կարկատաններով է լցվում, մի իրավիճակ է, երբ տարբեր օրենքների բազմաթիվ դրույթներ հակասում են միմյանց, կապակցված չեն ու անընդհատ փոփոխությունների առիթ են առաջացնում: Կան նաև տասնյակ օրենքներ, որոնք մոռացության են մատնվել, դրանց բազմաթիվ դրույթներ այլ օրենքներով արդեն դուրս են գրվել, բայց այդ օրենքներն այսօր էլ գործում են: Ժամանակին կառավարությունը փորձեց օրենսդրական համալիր կենտրոն ստեղծել, որը կամփոփեր կատարված աշխատանքը և դրանից կբխեցներ մյուս անելիքները, բայց դա ևս կիսատ մնաց: Օրենսդրական աշխատանքի առումով թերևս ամենահիմնական խնդիրը սա է: Եվ, իհարկե, կային հիմնարար օրենքներ, պայմանագրեր, որոնք այս ընթացքում ընդունվեցին ու վավերացվեցին: Տեսնենք, թե դրանց արդյունքները հաջորդ տարիներին ինչպիսին կլինեն:

- Նախորդ ամիսները հագեցած էին նաև ներքին ու արտաքին քաղաքական զարգացումներով:

- Արտաքին խնդիրները մեզ միշտ են ուղեկցելու: Այստեղ մենք պարզապես պետք է կարողանանք ավելի կազմակերպված աշխատել և միջազգային կառույցներում, և մեր գործընկեր պետությունների հետ: Կարծում եմ՝ այստեղ ևս էական թերություններ կան և խնդիրներ՝ հատկապես արտգործնախարարության գործունեության առումով: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելով՝ մտնելու ենք մի փուլ, որտեղ խնդիրներն ավելի են բարդանալու: Մենք պարտավոր ենք լինելու մեր գործընկերների հետ հարաբերություններում պաշտպանել մեր շահերը: Լինելու են խութեր, անորոշություններ, վտանգներ: Բնական է, որ յուրաքանչյուր անդամ պետություն փորձելու է իր շահերը հետապնդել, և մենք պետք է կարողանանք լինել շատ աչալուրջ ու ակտիվ:

- Արդեն կարծես թե Հայաստանի նկատմամբ ԵՏՄ անդամ երկրների կողմից անբարեհաճության երանգներ, ոտնձգության փորձեր են նկատվում:

- Դրանք միշտ են լինելու: Յուրաքանչյուր երկիր փորձելու է իրականացնել իր նպատակները, իսկ նպատակներն իրականացնելու ձևը մյուսների շահերից իր մասը վերցնելն է: Մյուս կողմից՝ ԵՏՄ-ից դուրս մենք հայտնվելու ենք նոր իրավիճակում, նոր հարաբերությունների մեջ մեր մյուս գործընկերների հետ: Այս դաշտում նույնպես պետք է շատ նուրբ աշխատել, զգույշ լինել, որպեսզի ԵՏՄ-ի հանդեպ վերաբերմունքն ուղղակիորեն չարտապատկերվի որպես Հայաստանի հանդեպ վերաբերմունք: Այս դաշտում հսկայական անելիք կա, և ես չգիտեմ՝ մեր պետական համակարգը որքան է պատրաստ հաջողելու այդ գործը: Ներքաղաքական գործընթացներն էլ իսկապես շատ բարդ ու խառն էին: Մենք այդ առումով հանգիստ ենք, որովհետև ՀՅԴ-ն միշտ հետևողական է իր դիրքորոշումներում: Մենք ինքնուրույն ենք եղել, համոզումներով ենք առաջնորդվել և մեր գործընկերների հետ հարաբերություններում, և համագործակցության տարբեր ֆորմատներում:

- Արդարացվա՞ծ էր քառյակի ֆորմատում ՀՅԴ-ի համագործակցության կասեցումը:

- Կարծում եմ՝ արդարացված էր, որովհետև ինչ-որ առումով այդ բաժանումը եղել է բնական, կոնսեսուսի բացակայության արդյունք և միակողմանի չի եղել: Մենք մեր ընթացքը շարունակելու ենք, և նոր տարին սկսելու ենք սահմանադրական քննարկումներով: Ի տարբերություն շատերի` մենք այստեղ լրջորեն աշխատում ենք: Հետևողականորեն շարունակելու ենք այն գիծը, որով գնացել ենք տարիներ շարունակ` խորապես համոզված լինելով, որ մեզ անհրաժեշտ է կառավարման համակարգի փոփոխություն, ինչը հնարավորություն կտա երկիրը դուրս բերել միակուսակցականի ձգտող համակարգից, միանձնյա որոշումներ կայացնելու համակարգից, ստեղծել հակակշիռների և զսպումների մեխանիզմ, ապակենտրոնացնել իշխանությունն ու որոշումների ընդունումը դարձնել ավելի կոլեգիալ: Ես կարծում եմ, որ մեր քաղաքակրթական փորձառությունը, մեր հանրության աշխարհընկալումն ինքնադրսևորվելու ավելի մեծ հնարավորություն կունենա հենց կառավարման այդպիսի համակարգի պայմաններում:

- Չե՞ք կարծում, որ ոչ իշխանական մյուս երեք ուժերից առանձնանալով`ՀՅԴ-ն քաղաքական դաշտում միայնակ մնաց: Եթե, իհարկե, իշխանության դեմ պայքարելու եք, և ոչ թե ձեր գործողություններն ուղղված են լինելու միայն սահմանադրական փոփոխություններին:

- Բնականաբար յուրաքանչյուր գործի մեջ միայնակ աշխատելը շատ ավելի դժվար է, բայց համագործակցությունը չի կարող լինել քո սկզբունքները, մոտեցումները զիջելու, փոփոխելու հաշվին: Մենք երբեք չենք վախեցել մենակ մնալուց: Երբեմն չենք հասկացվել, երբեմն մեր քայլերը համարժեք արձագանք չեն ունեցել, բայց մենք խորապես համոզված ենք եղել, որ ճիշտ ընթացքը սա է:

- ՀՅԴ-ի օրակարգում կա՞ իշխանափոխության հարց, պայքարելո՞ւ եք դրա համար:

- Բնականաբար: Իշխանափոխությունը  համալիր գործողությունների ծրագիր է: Եվ քառյակում մեր գործընկերների հետ աշխատելու, և իշխանությունների հետ հարաբերվելու ժամանակ միշտ ասել ենք, որ իշխանափոխություն ասելով` մենք հասկանում ենք ոչ թե անձերի, այլ համակարգի  փոփոխություն  և այդ ուղղությամբ էլ աշխատում ենք:

- Իսկ կմիանա՞ք եռյակի` իշխանափոխությանն ուղղված հանրահավաքներին ու այլ քայլերին:

- Դրանք ապագայի խնդիրներ են: Մենք ցանկացած ուժի հետ հարաբերվելու պարագայում ունեցել ենք մեր մոտեցումը: Եթե որևէ խնդրի վերաբերյալ կա նույնական մոտեցում, մենք համաձայնեցնում ենք ու այդ խնդիրը հետապնդում: Եթե չկա միասնական մոտեցում, բնականաբար, մեր ինքնուրույնությունը, մեր անկախությունը զիջելու պայմաններում որևէ համագործակցության չենք գնա:

- Ինչպե՞ս եք պատկերացնում իշխանությունների հետ սահմանադրական փոփոխությունների շուրջ համագործակցության ու իշխանափոխության համատեղումը:

- Սահմանադրական փոփոխությունների մեր պահանջը և մեր պատկերացրած սահմանադրական փոփոխությունները հենց ստեղծում են իշխանափոխության հնարավորություն:

-Այսինքն, իշխանությունների հետ համագործակցելու եք նրանց հեռացմա՞ն հարցի շուրջ:

- Նորից ու նորից ասեմ, մենք նույնիսկ սահմանադրության հարցում չենք համագործակցում: Մենք շարադրում ենք մեր մոտեցումները, մեր պատկերացումները մասնագիտական խմբի արդեն իսկ կատարած աշխատանքի, հայեցակարգի հիման վրա և առաջարկում ենք, որ պետության հեռանկարի համար ճիշտ մոտեցումը սա է:

Քվեարկության պատմություն

Վարդանյան Աղվան Արշավիրի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Վարդանյան Աղվան «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» 393 73 245 83 170 32 23
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները