Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Մաքսային կարգավորումների փաթեթն ընդունվեց բոյկոտի պայմաններում

Մաքսային կարգավորումների փաթեթն ընդունվեց բոյկոտի պայմաններում

Ազգային ժողովը դեկտեմբերի 17-ին ձայների 71 «կողմ», 5 «դեմ» հարաբերակցությամբ, երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Մաքսային կարգավորման մասին» և «ՀՀ և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» օրինագծերը՝ հարակից նախագծերով, որոնք փոփոխություններ են առաջարկում «Ավելացված արժեքի հարկի մասին» ու «Ակցիզային հարկի մասին» օրենքներում: Փաթեթի երկու նախագծերը մայր օրենքներ են՝ յուրաքանչյուրը մի քանի հարյուր էջ ծավալով, երկու հարյուրից ավելի հոդվածներով:

Օրենսդրական փաթեթն ընդունվեց հատուկ կարգով. երկրորդ և երրորդ ընթերցումները կազմակերպվեցին 24-ժամյա ռեժիմով: Դեմ քվեարկեցին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն ու Թևան Պողոսյանը, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև՝ անկախ պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանն ու Էդմոն Մարուքյանը:

Ի՞նչ է կարգավորում փաթեթը

Օրենսդրական փոփոխությունները պայմանավորված են Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակներում հարկային և մաքսային հարաբերությունները ազգային օրենսդրությամբ կարգավորելու անհրաժեշտությամբ: Հիշեցնենք՝ ԱԺ-ն ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը վավերացրել է դեկտեմբերի 4-ին: Հայաստանի անդամակցության համաձայնագիրն արդեն վավերացրել են ԵՏՄ անդամ երեք երկրները՝ Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը: 2015թ. հունվարի 1-ից ԵՏՄ-ն սկսելու է գործել:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը կարգավորվում է իրավական մի քանի ակտերով՝ ԵՏՄ անդամակցության մասին համաձայնագիր, ԵՏՄ հիմնադրման մասին համաձայնագիրը, Միության մաքսային օրենսգիրք: Օրենսդրական փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մի շարք կարգավորումներ վերապահված են անդամակցող երկրին:

Փաթեթը սահմանում է ՀՀ տարածքով ապրանքների տեղափոխման, հայտարարագրման, մաքսային վճարների կատարման, հսկողության ընթացակարգերը, ինչպես նաև մաքսային մարմինների, ապրանքներ տեղափոխող անձանց իրավունքներն և պարտականությունները, կանոնակարգում է այն հարաբերությունները, որոնք կառաջանան ԵՏՄ անդամ երկրներ ապրանք արտահանելու և այդ երկրներից ներկրելու, ինչպես նաև երրորդ երկրների հետ առևտրային հարաբերությունների ժամանակ:

Իսկ այս շրջանակում շատ է քննարկվում հարցը, թե երրորդ երկրից ներմուծվող ապրանքն այստեղ վերամշակվելուց հետո կարո՞ղ է որպես ՀՀ-ում արտադրված միավոր առանց մաքսային վճարների արտահանվել ԵՏՄ անդամ երկրներ: Օրինագծերն ԱԺ-ում ներկայացնելիս՝ Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշեց, թե «բոլոր այն դեպքերում, երբ ապրանքները ներմուծվում են վերամշակվելու և Մաքսային միության անդամ երկրներ ներմուծվելու նպատակով, գործող կարգավորումների համաձայն՝ ներմուծման երկրում ենթակա են մաքսագանձման»: Պարզապես այդ դեպքում տվյալ ապրանքը կհամարվի «ծագած ՀՀ-ում» և մաքսատուրքը կվճարվի ավելի ցածր դրույքաչափով, որովհետև միության օրենսդրությունն, ըստ Միրումյանի, խթանում է վերմշակման քաղաքականությունը:

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու պահից արդեն ՀՀ Մաքսային օրենսգիրքը կհամարվի ուժը կորցրած, և կգործի «Մաքսային կարգավորման մասին» օրենքը:

Մաքսային թիվ մեկ օրինագծի քննարկումն անցավ բոյկոտի պայմաններում

ՀԱԿ, «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» և «Օրինաց երկիր» խմբակցությունները բոյկոտեցին ԱԺ դեկտեմբերի 15-17-ի արտահերթ նստաշրջանը և չմասնակցեցին օրենսդրական քննարկումներին: Բոյկոտի պատճառը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի ու ազատամարտիկների նկատմամբ բռնության դեպքերը քննարկելու պահանջն էր: Ոչ իշխանական խմբակցություններն արտահերթի օրերին զբաղված էին տարբեր խորհրդակցություններ, քննարկումներ, նիստեր անցկացնելով և խուսափում էին այլ հարցերի մեկնաբանություններից:

ՀՀԿ-ի հետ ոչ իշխանականներից նստաշրջանի օրենսդրական քննարկումներին մասնակցեցին միայն ՀՅԴ խմբակցության պատգամավորները, ինչպես նաև՝ Խ.Քոքոբելյանը, Ա.Արզումանյանը և Է.Մարուքյանը: Այդպիսով՝ մաքսային հիմնական նախագծի քննարկումներն անցան ոչ իշխանական խմբակցությունների բոյկոտի պայմաններում, առանց շահագրգիռ քննարկումների: Նստաշրջանի երեք օրերի ընթացքում փաթեթը երեք ընթերցում անցավ, ոչ իշխանական 4 խմբակցությունների որևէ պատգամավոր ելույթ չունեցավ, օրենսդրական փաթեթի վերաբերյալ որևէ մտահոգություն չհայտնեց: Միայն Ա.Արզումանյանը հրապարակավ զարմանք հայտնեց, թե իշխանություններն ինչու են շտապում անդամակցել ԵՏՄ-ին այն դեպքում, երբ դեռ հասկանալի չէ, թե Բելառուսն ու Ղազախստանը ուզո՞ւմ են դա: «Այնպիսի տպավորություն է, որ այս քաղաքական ողջ գործընթացը թևակոխել է շուկայական փուլ, կարծես թե ամանորին ընդառաջ մի տոնավաճառ լինի և մեր քաղաքական գործընկերները փորձում են ՌԴ-ից պոկել մաքսիմումը: Եվ այդ պոկելու դիմաց է լինելու մեր անդամակցության հարցը վավերացնելը: Այս պայմաններում ավելի ճիշտ չէ՞ր լինի, մենք էլ այդ բազարների մեջ մտնեինք և փորձեինք առավելագույնը քաղել: Չէ՞ որ հստակ քննարկում է գնում` սա կտաք, կվավերացնենք, չեք տա` չենք վավերացնի: Ո՞ւր ենք շտապում, աշխարհը մեծ է, տեսնենք, թե ինչ փոփոխություններ են լինում: Տեսնենք, թե մեր ղազախ, բելառուս բարեկամներն ինչ կստանան, ինչի դիմաց մեզ կվաճառեն կամ ընդհակառակը` կաջակցեն»,- հայտարարեց Ա.Արզումանյանը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները