Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ազգային ժողովն օրակարգի պահպանման խնդիր ունի

Ազգային ժողովն օրակարգի պահպանման խնդիր ունի

2015 թվականը սկսվել է, բայց Վերահսկիչ պալատը գործունեության ծրագիր չունի: Ազգային ժողովն այն քննարկել է աշնանային նստաշրջանում, բայց, ամենայն հավանականությամբ, մոռացել է  քվեարկել, թեև ծրագրի քննարկումից և հերթական նստաշրջանի ավարտից հետո երեք արտահերթ նստաշրջան է հրավիրվել: Համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի 100-րդ հոդվածի՝ Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում բյուջետային տարին սկսվելուց առնվազն 60 օր առաջ, իսկ փաստաթղթի քննարկումն սկսվում է ոչ ուշ, քան բյուջետային տարվան նախորդող տարվա դեկտեմբեր ամսվա առաջին չորսօրյա նիստում: ԱԺ-ն սահմանված ժամկետում չի ապահովել ծրագրի ընդունումը:

Ընդ որում` խորհրդարանը չի հաստատել ոչ միայն ՎՊ տարեկան ծրագիրը, այլ նաև նախորդ երկու նստաշրջանների ընթացքում չի քննարկել նույն կառույցի 2013թ. գործունեության հաշվետվությունը: Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի 101-րդ հոդվածի` Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացվում բյուջետային տարվա ավարտից հետո ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում և քննարկվում է մինչեւ տվյալ հերթական նստաշրջանի ավարտը:

ՎՊ 2013թ. հաշվետվությունը քննարկվել է ԱԺ մշտական հանձնաժողովներում, բայց լիագումար նիստում քննարկման չի դրվել: Այնպես որ՝ փետրվարի 2-ին մեկնարկող գարնանային նստաշրջանում խորհրդարանը ոչ միայն պետք է հաստատի ՎՊ 2015թ. գործունեության ծրագիրը, այլև քննարկի այդ կառույցի միանգամից երկու` 2013 և 2014 թվականների հաշվետվությունները:

Ինչո՞վ է զբաղվում Վերահսկիչ պալատը, քանի դեռ խորհրդարանի կողմից գործունեության այս տարվա ծրագիրը հաստատված չէ: Կառույցից Parliamentmonitoring.am-ին պատասխանեցին, թե, իհարկե, առանց ծրագրի ՎՊ-ն չի կարող նույն չափով գործունեություն ծավալել, բայց անելիք ունի: «Կան արտածրագրային որոշ հարցեր, որոնք ՎՊ խորհրդի կողմից հաստատվել են, և դրանցով արդեն աշխատանքներ են տարվում: Օրենքով սահմանված է, որ բացի հիմնական ծրագրից ՎՊ-ն կարող է նաև արտածրագրային հարցերով զբաղվել»,- պատասխանեցին ՎՊ-ից:

Այնուամենայնիվ, ինչո՞ւ խորհրդարանն անցած նստաշրջանի ընթացքում չքննարկեց ՎՊ 2013թ. հաշվետվությունն ու չքվեարկեց 2015-ի տարեկան ծրագիրը:

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է. ծրագիրը չեն մոռացել, պարզապես աշնանային նստաշրջանը ծանրաբեռնված էր 2015թ. բյուջեի նախագծի, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրի, դրանից բխող օրենսդրական փաթեթի ու ընթացիկ այլ նախագծերի քննարկումներով: Իսկ ՎՊ-ի ծրագիրն անպայման քվեարկության կդրվի փետրվարի 2-ին: « Նստաշրջանն ավարտելուց հետո ժամանակը չբավարարեց, դրանից հետո գումարված արտահերթ նստաշրջանը կառավարության նախաձեռնությունն էր: Բայց ինչ-որ բան կփոխվի՞, որ փետրվարի 2-ին քվեարկենք: Հաշվետվությունը նույնպես կներկայացվի փետրվարի 2-ին սկսվող քառօրյայում: Մենք նման նախադեպ էլի ենք ունեցել »,- բացատրեց Վ.Բաղդասարյանը:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն էլ կարծում է, որ ԱԺ-ում օրակարգի պահպանման հարց է առաջացել, և խորհրդարանի համապատասխան օղակները պետք է ավելի ուշադիր լինեն: «Նաև պետք է ընդունենք, որ մեզանից ոչ մեկն էլ այս թեման չի բարձրաձայնել մինչև նստաշրջանի ավարտը: Ինձ թվում է, սա բոլորիս համար դաս կլինի, որ մենք էլ հետևենք ԱԺ կանոնակարգ և այլ օրենքների պահանջներին: Սա միայն ԱԺ ղեկավարության բացթողումը չէ: Ցանկացած պատգամավոր պետք է ուշադիր լիներ և նման անփութություն թույլ չտար: Հուսով եմ, որ երբ նստաշրջանը սկսվի, այս հարցին արագ արձագանք կտրվի: Միգուցե այս ժամանակահատվածը ՎՊ-ն օգտագործի` անդրադառնալու քննարկման ժամանակ հնչած բոլոր առաջարկներին»,- ասաց Թ.Պողոսյանը:

«Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարծում է, որ ստեղծված իրավիճակի պատճառը խորհրդարանի աշխատանքային ծանրաբեռնվածությունն էր: «Միգուցե խորհրդարանի թերացման արդյունք էր, բայց որևէ իրավական խոչընդոտ չկա, որ ՎՊ-ն գործունեություն ծավալի: Ի վերջո` այդ մարմինն ինքն է հաստատում իր ծրագիրը: ԱԺ-ում ծրագրի քվեարկությունն ընդամենն արտահայտում է խորհրդարանի վերաբերմունքը փաստաթղթի առանձնահատկություններին: Իսկ նախորդ տարվա հաշվետվությունը քննարկելու անհրաժեշտություն, բնականաբար, կա, և դա օրենքի պահանջ է: Կարծում եմ՝ հետայսու պետք է ավելի ճիշտ դասավորվի խորհրդարանի գործունեությունը: Մենք ծրագրային բյուջետավորման և պառլամենտի վերահսկողական գործառույթների քննարկման նոր փուլում ենք գտնվում, որի ժամանակ հաշվի կառնվեն նաև այս խնդիրները: Մասնավորապես, ՎՊ ծրագրի և հաշվետվության քննարկման համար պետք է նախատեսվեն ոչ միայն օրենքով սահմանված վերջնաժամկետներ, այլև ժամանակին տեղեկացվածություն ապահովվի, որ կոնկրետ օրը կոնկրետ ժամին քննարկում լինի, և դա լինի նստաշրջանի այնպիսի ժամանակահատվածում, որ ցայտնոտային վիճակ չստեղծվի»,- ասաց Ա.Մինասյանը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ կարծում է, որ թե ԱԺ-ն, թե գործադիր իշխանությունը ՎՊ-ի 2012թ. տարեկան հաշվետվության աղմկոտ քննարկումից հետո, կարծես թե, խուսափում են այդ մարմնի հաշվետվությունների քննարկումից: «ԱԺ-ն ամբողջ հաշվետվությունն ուղարկեց Գլխավոր դատախազություն և իր գործն ավարտված համարեց: Իրավապահ մարմիններն էլ, ըստ էության, ոչ մի հնչեղ գործ չհարուցեցին, դատարան չհասցրեցին տասնյակ միլիոնավոր դոլարների հափշտակության հետ կապված փաստերը: Կարծում եմ՝ պարզապես խուսափում են քաղաքական թեժացման նման առիթներ տալուց: Բայց ամեն դեպքում ճիշտ չէ, որ նախորդ տարվա հաշվետվությունն առանց քննարկելու փորձում են հաստատել մյուս տարվա ծրագիրը: Մինչդեռ այդ ծրագիրը տրամաբանորեն պետք է ածանցվեր նախորդ տարվա ուսումնասիրության արդյունքներից»,- ասում է Գ.Ջհանգիրյանը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները