Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Եվրասիական կողմնորոշումը նախընտրական ծրագրերում

Եվրասիական կողմնորոշումը նախընտրական ծրագրերում

ՀՀ Ազգային ժողովը 2014թ. դեկտեմբերի 4-ին ձայների 103 «կողմ», 7 «դեմ» և 1 «ձեռնպահ» հարաբերակցությամբ վավերացրեց «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» հոկտեմբերի 10-ին՝ Մինսկում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ստորագրված պայմանագիրը: Խորհրդարանական 6 խմբակցություններից 5-ը՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն, կողմ քվեարկեցին պայմանագրին, դեմ արտահայտված միակ քաղաքական ուժը «Ժառանգությունն» էր:

ParliamentMonitoring.am-ը թերթել է քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը՝ փորձելով հասկանալ, թե քվեարկությամբ արտահայտված դիրքորոշումները որքանով են համընկնում նախընտրական ծրագրերում տեղ գտած մոտեցումների հետ:

ՀՀԿ. Նախընտրական ծրագրում Եվրոպական միության հետ խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի կնքման գործընթացը դիտարկվել է որպես անայլընտրանք իրողություն և հստակ ամրագրվել է գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու հանձնառությունը: Քաղաքական մեծամասնություն ունեցող խորհրդարանական ուժը 2012թ. իր նախընտրական ծրագիրը կազմելիս առաջնորդվել է ոչ թե Ռուսաստանի հետ համագործակցության առկա իրավապայմանագրային հարաբերությունների մակարդակից դուրս գալու, այն խորացնելու կամ ընդլայնելու, որևէ կազմակերպության մեջ ինտեգրվելու, այլ ընդամենը առկա պայմանագրերի իրագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին միանալու պայմանագրի վավերացմամբ՝ ՀՀԿ-ի համար ծրագրային այս դրույթի կատարումը բացահայտում է սեփական ծրագրին հակադրվելու, անհետևողական գտնվելու իրողությունը:

ՕԵԿ. Ծրագրում ամրագրվել է «Հայաստան-Ռուսաստան ռազմավարական գործընկերության, իրավահավասարության, բարեկամության և փոխադարձ շահերի վրա հենված հարաբերությունների զարգացման» վերաբերյալ դրույթը՝ առանց հստակեցման, թե ինչ է ենթադրում «զարգացում» հասկացությունը. արդյո՞ք այն ենթադրում է ընդհանուր տնտեսական տարածք ստեղծելուն ուղղված միության մեջ ընդգրկում կամ արդյո՞ք վավերացված պայմանագրից բխող հարաբերություններն իսկապես խարսխված են իրավահավասարության և փոխադարձ շահերի հարգման՝ ծրագրում ամրագրվող սկզբունքի վրա: ՕԵԿ-ը նաև պաշտպանում է Եվրոպական միության հետ իրականացվող նոր հարևանության ծրագրի պատշաճ իրականացմամբ Հայաստանի ժողովրդավարության զարգացմանը, տնտեսական, քաղաքական համակարգերի և անվտանգության մեխանիզմների արդիականացմանը հասնելու գաղափարը: Մինչդեռ ԵՏՄ պայմանագրի վավերացմանը կողմ քվեարկելուց ոչ առաջ և ոչ էլ հետո ՕԵԿ-ը չի հիմնավորել, թե ԵՄ ասոցացման ծրագրերին փաստացի հակադրվող որոշումը որքանով է համընկնում կամ հակասում հատկապես քաղաքական համակարգի և ժողովրդավարության զարգացման ծրագրային սկզբունքներին:

ՀՅԴ. Արտաքին քաղաքականության հայեցակարգը կառուցել է ազգային համընդհանուր շահերի պաշտպանության սկզբունքի վրա՝ Հայաստանը և Սփյուռքը դիտարկելով որպես մեկ ամբողջություն: Ծրագրում աշխարհաքաղաքական կողմնորոշումների փոփոխության, նոր կառույցների անդամակցության անհրաժեշտության մասին որևէ ամրագրում չկա: Ի սկզբանե ԵՏՄ-ին միանալու որոշումը ՀՅԴ-ն դիտարկել է ազգային անվտանգության ապահովման, հավելյալ ռիսկեր չստեղծելու համատեքստում՝ շեշտադրումը կատարելով աշխարհաքաղաքական գործոնների փոփոխության, միջազգային կոնֆրոնտացիայի խորացման պատճառով առաջացող նոր մարտահրավերներին դիմակայելու վրա: ԵՏՄ անդամակցության անխուսափելիության մասին խմբակցության համոզմունքը մեկնաբանվում է որպես «թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական պլաններին դիմակայելու» ծրագրային դրույթի շրջանակում գործելու դրսևորում, ինչն, իհարկե, խիստ մեկնաբանելի է: ՀՅԴ-ի առանձնահատկություններից մեկն այն է, որ ի տարբերություն մյուս խորհրդարանական ուժերի, պաշտպանում է արտաքին քաղաքականության կարևորագույն որոշումների ընդունումը հանրաքվեի առարկա դարձնելու գաղափարը: Չնայած դրան՝ ԵՏՄ անդամակցության հարցի շրջանակներում ՀՅԴ-ն շրջանցել է իր ծրագրի այս սկզբունքային պահանջը:

ԲՀԿ. Հանդես է գալիս «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում Հայաստանի քաղաքական, տնտեսական, հասարակական ենթակառուցվածքները եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու, միաժամանակ նաև` հայ-ռուսական ռազմավարական գործընկերային հարաբերությունների խորացման դիրքերից` առանց պարզաբանելու՝ խոսքը երկկո՞ղմ, թե՞ եվրասիական ընդգրկմամբ՝ բազմակողմ ձևաչափով հարաբերությունների մասին է: Քվեարկությամբ արտահայտված դիրքորոշման և ծրագրային մոտեցումների հակասականությունը դրսևորվում է հատկապես տնտեսական ենթակառուցվածքները եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու համոզմունքի համատեքստում: Չնայած պայմանագիրը վավերացնելու քաղաքական որոշումը եղել է անփոփոխ, սակայն քվեարկության ժամանակ ԲՀԿ-ն հանդես է բերել հետաքրքիր երկակիություն. խմբակցության 36 անդամներից գրեթե կեսը՝ 17 պատգամավոր, կամ չի քվեարկել, կամ բացակայել է:

«Ժառանգություն». Կուսակցության հայեցակետը եվրոպական տիպի սոցիալական պետության կերտումն է, որտեղ ազգային անվտանգությունը խարսխվում է մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների, պետության ինքնիշխանության պաշտպանության վրա: Խմբակցություններից միակն է, որը պետության ինքնիշխանության ապահովման միջոցը համարում է միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին ինտեգրումը՝ առանց կոնկրետացումներ կամ բացառություններ կատարելու, և միակն է, որը դնում է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայման կամ վերակառուցման խնդիր` ենթատեքստային մակարդակով ամրագրելով ՌԴ-ի կողմից Հայաստանի նկատմամբ ոչ գործընկերային, և ոչ իրավահավասար դիրքերից հարաբերվելու փաստը: Որպես հավասարակշռությունը վերականգնելու միջոց` «Ժառանգությունն» առաջարկում է առաջնորդվել Արեւելյան գործընկերության շրջանակներում խորը և համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի ընդունման և դրա բաղադրիչների իրականացման պարտավորություններով: Այս համատեքստում ԵՏՄ անդամակցության պայմանագրի ստորագրմանը սկզբունքորեն հակադրվելու «Ժառանգության» դիրքորոշումը խիստ ծրագրային է և բխում է կուսակցության գաղափարախոսությունից:

ՀԱԿ. Միասնական համապարփակ նախընտրական ծրագրիր չունենալը փորձել է լրացնել ոլորտային հայեցակարգերի ու ռազմավարությունների մշակմամբ: Սակայն դրանք շրջանցել են արտաքին քաղաքական և պետական անվտանգության ոլորտները:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները