Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Հիմնականում լղոզված կամ ռոմանտիկ

Հիմնականում լղոզված կամ ռոմանտիկ
Դիտարկելով խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի գործունեությունը տարբեր ասպեկտներով՝ parliamentmonitoring-ը  մշտապես իր ուշադրության տիրույթում է պահել կուսակցությունների նախընտրական ծրագրերի հետ նրանց գործունեության ներդաշնակության խնդիրը: Դա հնարավորություն է տալիս հասկանալու եւ փաստարկված խոսելու այն մասին, թե որքանով են քաղաքական ուժերը հետեւողական իրենց դիրքորոշումներում, որքանով են ամբողջական ու հիմնավորված նրանց պատկերացումները առկա խնդիրների մասին,  որքանով են  կարողացել կանխատեսել մարտահրավերները, որքանով են առաջարկված ճանապարհներն ու լուծումները կենսագործելի: Առաջիկայում մենք կսկսենք ձեզ ներկայացնել 5-րդ գումարման խորհրդարանի ընդունած օրենքների դիտարկումն այս տեսանկյունից: Մինչ այդ ավելորդ չենք համարում հիշեցնել կուսակցությունների նախընտրական ծրագրերի մասին: 2012  թվականի խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո parliamentmonitoring-ի պատվերով կատարվել էր 5-րդ գումարման Ազգային ժողովը ձեւավորած քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի փորձագիտական վերլուծություն, որի հիման վրա պատրաստված սեղմ բնութագրերը ներկայացնում ենք ստորեւ:

ՀՀԿ  ծրագիրը զուրկ է կոնկրետությունից. դրույթներն ավելի շատ դասագրքային ճշմարտություններ են հիշեցնում, քան  գործունեության պլատֆորմ ապահովող ամրագրումներ: Ոչ մի մարտահրավեր, ոչ մի հիմնախնդիր չի առանձնացվում: Որպես լեյտմոտիվ նշվում է փոխվելու գաղափարը, սակայն ամեն ինչ դիտարկվում է ոչ թե փոփոխությունների, այլ վարվող քաղաքականության շարունակականության համատեքստում: Որևէ կոնկրետ ցուցանիշ սահմանված չէ և հնարավոր չէ պատկերացնել, թե 5 տարի հետո Հայաստանի տնտեսական, սոցիալական, դատաիրավական, կրթական և մյուս ոլորտներն ինչ հանգրվանի են հասնելու:

ԲՀԿ  ծրագիրը նույնպես որոշակիության զգալի պակաս ունի և հիմնականում հռչակագրային է: Ի տարբերություն 2007-ին հանրությանն առաջարկած նախընտրական  պատկերացումների ու առաջ քաշած խնդիրների, կուսակցությունն այս անգամ նկատելիորեն հարթեցրել է անկյունները: Եթե իրավացիորեն նախորդ ծրագրի ուժեղ կողմ էր համարվում տնտեսական համակարգում առաջարկվող բարեփոխումների մեխանիզմները, ապա 2012-ին կուսակցությունը զերծ է մնացել համակարգային խնդիրների անդրադառնալուց:

ՀԱԿ-ը  2012-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցեց առանց կոնկրետ, համապարփակ ծրագրի: Իշխանափոխությունը գերնպատակ հռչակած քաղաքական ուժի համար գուցե սա մեծ «բացթողում» չէր, սակայն դաշինքը հնարավորություն ստացավ ձևավորելու ընդամենը  7 հոգանոց խմբակցություն: ՀԱԿ-ը հնարավորություններ ունի լրացնելու իր ծրագրային բացը. անցած տարիներին մշակված մոտ մեկուկես տասնյակի հասնող ոլորտային ծրագրերը կարող են խմբակցության համար օրենսդրական գործունեության բազա դառնալ և ուղղորդիչ նշանակություն ունենալ:

ՀՅԴ  ծրագրում մեկտեղվել են որոշակիությունն ու ռոմանտիզմը. հստակ են  առաջնահերթությունները, ոլորտային առաջարկությունները տրամաբանական ընդհանուր հարթության մեջ են ու սոցիալական պետության տեսլականի համատեքստում, սակայն նախանշվող արդյունքները առկա իրողությունների ֆոնին շատ ռոմանտիկ, եթե չասենք՝  ֆանտաստիկ են թվում:

ՕԵԿ  ծրագիրը քիչ է տարբերվում 2007-ին ներկայացվածից, բայց   սուր անկյուններն այստեղ ևս  հնարավորինս հարթված են: Հատկանշական է, որ կուսակցության ծրագրում գրեթե նույնությամբ ներառված են խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ դեռևս նախորդ գումարման խորհրդարանում  ՕԵԿ-ը քայլեր է ձեռնարկել և հաճախ կանգ առել ճանապարհի կեսին:

«Ժառանգության»  ծրագիրն առավել կոնկրետ է ու համապարփակ: Բոլոր ոլորտների վերաբերյալ տրված են գնահատականները, սահմանված են թիրախները, առաջնահերթությունները, նշված են խնդիրների լուծմանն ուղղված քայլերը թե օրենսդիր, թե գործադիր մարմինների համար: Կուսակցությունն իր ծրագրում նախանշել  է առավել հստակ և իրատեսական ցուցանիշներ: Այսպիսով՝ 5-րդ գումարման Ազգային ժողովում մեծամասնություն ձեվավորած երկու քաղաքական ուժերի՝ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի, նախընտրական ծրագրերը բնութագրվում են հռչակագրայնությամբ ու լղոզվածությամբ, իսկ փոքրամասնություն ձեվավորած եվ նախընտրական շրջանում ընդդիմադիր կեցվածքով հանդես եկած քաղաքական ուժերի ծրագրերն ընդհանուր առմամբ ռոմանտիկ են՝ ասես կազմված այն հեռանկարով, որ կենսագործվելու հնարավորություններ  (ըստ այդմ էլ՝ պատասխանատվություն) չեն ունենալու:
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները