Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Մեկնարկեց գարնանային նստաշրջանը

Մեկնարկեց գարնանային նստաշրջանը
5-րդ գումարման Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի առաջին օրվա առաջին նիստը գրեթե ամբողջությամբ անցավ օրակարգ ձևավորելով: Նիստի սկզբում պատգամավորները հոտնկայս հարգեցին Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի հիշատակը, նիստի ավարտին հազիվ հասցրեցին քվեարկել Վերահսկիչ պալատի տարեկան ծրագիրը, որը քննարկվել էր 2014-ի վերջին քառօրյայում: 

Արտահերթերը՝ հերթով

Ծրագիրը ՎՊ-ին վերաբերող միակ փաստաթուղթը չէր, որին անդրադարձան խորհրդարանականները: Դեռ նախորդ նստաշրջանից օրակարգում է նաեւ ՎՊ-ի 2013-ի տարեկան հաշվետվությունը, որը, պարզվեց, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խիստ կարևորում է ու որոշել է քննարկման դնել ավելի վաղ, քան ՀԱԿ-ԲՀԿ-«Ժառանգություն» եռյակի կողմից արտահերթ համարված կառավարման ճգնաժամի մասին հայտարարության նախագիծը: ՀԱԿ և ԲՀԿ խմբակցությունների պատգամավորների պնդումները, թե արտահերթ համարված հարցը պահանջում է իմպերատիվ քննարկում, Գալուստ Սահակյանը չէր կիսում: Չէր կիսում նաև ոչ իշխանական ուժերի գնահատականները, թե երկրում կառավարման ճգնաժամ կա: Ըստ նրա՝ ընդդիմությունը միայն մի նպատակ ունի՝ խոսել, խոսել, խոսել: Հայտարարության նախագծի քննարկման մասին Գալուստ Սահակյանի հետ խոսելու համար ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը 20 րոպե ընդմիջում վերցրեց, ինչին ԱԺ նախագահը հայտարարեց՝ Լևոն Զուրաբյանը հանգստանալ է ուզում:

Երբ ԱԺ է գալիս վարչապետը

Գալուստ Սահակյանի հետ խորհրդակցելու ցանկություն հայտնեցին նաև ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»: Նրանք առաջարկում էին խորհրդարան հրավիրել կառավարության ներկայացուցիչներին և ԱԺ նախագահի մոտ քննարկել «Շրջանառության հարկի մասին» օրենքում իրենց կողմից արդեն իսկ մշակված փոփոխությունների նախագիծը: Ըստ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի՝ կառավարությունը, հետաձգելով օրենքի` փաստաթղթաշրջանառություն պարտադրող դրույթի կիրառումը, ընդամենը ուզում է ժամանակ շահել, մինչդեռ իրենք կոնկրետ լուծումներ են առաջարկում: Խորհրդակցությանը Գալուստ Սահակյանը դեմ էր, որովհետև չէր ուզում «հարցի քննարկումը շոուի վերածել», բայց խորհրդակցությունը կայացավ, երբ ԱԺ եկավ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այդ խորհրդակցության արդյունքում ոչ իշխանական խմբակցությունները (ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն») արձանագրեցին, որ իրենց մշակած փոփոխությունների նախագծի ու կառավարության պատկերացրած լուծումների միջև ընդհանրություններ կան, ու մինչև հաջորդ քառօրյա գործադիրի հետ կաշխատեն միասնական մոտեցումներ գտնելու ուղղությամբ: Հովիկ Աբրահամյանի՝ ԱԺ գալու արդյունքում ոչ իշխանական ուժերը հրաժարվեցին «Շրջանառության հարկի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները քննարկելու նպատակով ժամը 18.00-ին արտահերթ նիստ նախաձեռնելու մտադրությունից: Իսկ քառօրյայի առաջին օրն ավարտվեց կառավարության ներկայացրած օրենսդրական փոփոխության քննարկմամբ: Նախագծով առաջարկվում է «Շրջանառության հարկի մասին» օրենքի՝ ապրանքներ ձեռքբերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջի կիրառումը հետաձգել մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը: 

Գալուստ Սահակյանը՝ հաշվիչ հանձնաժողովի փոխարեն

Ամենայն հավանականությամբ, ՀՀԿ-ն, ինչպես նախորդ նստաշրջանում, կլինի ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովում ներկայացված միակ ուժը, թեպետ հանձնաժողովի ձևավորման կարգը նստաշրջանի առաջին օրը չհաստատվեց: Գալուստ Սահակյանի առաջարկը՝ հանձնաժողովը ձևավորել գործող կարգի համաձայն՝ 7 անդամ ՀՀԿ-ից, 2-ը՝ ԲՀԿ-ից և 1-ական ներկայացուցիչ մյուս խմբակցություններից, քվեարկությամբ մերժվեց: Մերժվեց նաև ՀՅԴ-ի առաջարկը՝ հանձնաժողովում յուրաքանչյուր խմբակցությունից մեկ ներկայացուցիչ ընդգրկելու մասին: Ակնհայտ էր, սակայն, որ ԱԺ նախագահի առաջարկը չընդունվեց ընդամենը դահլիճում բավարար թվով ՀՀԿ-ականներ չլինելու պատճառով: Նրանց ներկայությամբ առաջարկությունը ևս մեկ անգամ կդրվի քվեարկության ու կընդունվի, իսկ թե չընդունվի, ինչպես ԱԺ նախագահը սպառնաց՝ «ինքը կլինի միակ հաշվողը, և բոլորը կտխրեն»: ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» ու ՕԵԿ-ը հայտարարեցին, որ չեն մասնակցի հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին, եթե այն ձևավորվի ՀՀԿ-ին 7 տեղ, կեսից ավելին, հատկացնելու սկզբունքով:


Բերձորի հետքերով


Առաջիկայում, յուրաքանչյուր խմբակցությունից 1 պատգամավոր սկզբունքով, մի պատվիրակություն կարող է ձևավորվել խորհրդարանում՝ Ստեփանակերտ մեկնելու համար: Նպատակը, ինչպես նստաշրջանի սկզբում ներկայացրեց առաջարկի հեղինակ Նիկոլ փաշինյանը, Բերձորի ճանապարհին Հիմնադիր խորհրդարանի նկատմամբ կատարված բռնությունների հարցը ԼՂՀ պատգամավորների հետ քննարկելն է: Հայաստանի Ազգային ժողովում միջադեպին տարբեր գնահատականներ տրվեցին: Բռնությունը դատապարտող հայտարարություններից բացի, ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ դատապարտեցին ՀԽ-ի՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ռեժիմի դեմ պայքարը Ղարաբաղ տեղափոխելու մտադրությունը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները