Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Բյուջետային գրասենյակ՝ ԱԺ-ն ուժեղացնելու համար

Բյուջետային գրասենյակ՝ ԱԺ-ն ուժեղացնելու համար

Փետրվարի 3-ին Ազգային ժողովը ձայների 77 «կողմ», 17 «դեմ» և 20 «ձեռնպահ» հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը՝ հարակից երկու նախագծերով: Սա այն եզակի օրինագծերից է, որը ներկայացվել է իշխանական և ոչ իշխանական 4 խմբակցությունների համատեղ նախաձեռնությամբ: Փաթեթի հեղինակներից 5-ը ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներ են՝ Գագիկ Մինասյան, Սամվել Նիկոյան, Սուքիաս Ավետիսյան, Խոսրով Հարությունյան, ինչպես նաև` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան: ՀԱԿ-ից համահեղինակ է Հրանտ Բագրատյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանը, իսկ ՕԵԿ-ից` Մհեր Շահգելդյանը: Օրենսդրական փաթեթին կողմ են քվեարկել ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը:

Հեղինակներն առաջարկում են խորհրդարանում ստեղծել փորձագետների աշխատանքային խումբ՝ Բյուջետային գրասենյակ, որը բյուջեի նախագծին, բյուջետային գործընթացին առնչվող հարցերի վերաբերյալ մասնագիտական աջակցություն և տեղեկատվություն կտրամադրի պատգամավորներին ու խմբակցություններին: Ըստ նախագծի՝ գրասենյակի հիմնական գործառույթը լինելու է բյուջեի կատարման ընթացքի, ծախսերի, եկամուտների, նաև պետական պարտքի ուսումնասիրությունը, համապատասխան տեղեկանքների կազմումը: Ընդ որում, հարցումներին պատասխանելիս` գրասենյակը պարտավոր է առաջնահերթությունը տալ ընդդիմությանը:

Նախագծի հեղինակները պնդում են, որ Բյուջետային գրասենյակի ինստիտուտը կուժեղացնի ԱԺ վերահսկողական գործառույթը, խորհրդարանին հնարավորություն կտա ավելի լիարժեք իրականացնել Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:

Բյուջետային գրասենյակի ստեղծման անհրաժեշտությունը հեղինակները հիմնավորում են նաև միջազգային փորձով: Նման գրասենյակներ գործում են տարբեր երկրների խորհրդարաններում: Գործառույթները տարբեր են, կան գրասենյակներ, որոնք ունեն մի քանի հարյուր աշխատակից և իրավունք ունեն ուսումնասիրել հարկային մուտքերի ամենաստորին օղակներն ու անձնավորված կերպով տեսնել, թե ումից կամ որ տնտեսվարողից երբ և որքան է հարկ վճարվել: Նախագիծը ներկայացնելիս Գ.Մինասյանը հայտարարեց, որ առայժմ սահմանվել է «ամենամեղմ տարբերակը», որպեսզի ԱԺ-ում նման կառույցի ստեղծման հիմքը դրվի:

Նախատեսվում է նաև, որ Բյուջետային գրասենյակը պետք է ունենա 5 փորձագետ, որոնցից մեկը լինելու է գրասենյակի ղեկավարը: Փորձագետներին ընտրելու է բոլոր խմբակցություններից բաղկացած հանձնաժողովը: Գրասենյակի ղեկավարը կվարձատրվի նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի, իսկ փորձագետները` վեցապատիկի չափով:

Ստեղծե՞լ, թե՞ չստեղծել

ԱԺ բյուջետային և ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Գ.Մինասյանը համոզված է, որ Բյուջետային գրասենյակի գաղափարը չափազանց կարևոր է խորհրդարանի համար: «Պակաս կարևոր չէ նաև կառավարության համար, այս կառույցի ստեղծմամբ բյուջետային, Վերահսկիչ պալատի հաշվետվությունների քննարկումները որակական նոր մակարդակ են ունենալու: Այս նախագծի ընդունումից հետո ՎՊ-ն պարտավորված է լինելու ընթացիկ հաշվետվություններն իր խորհրդին ներկայացնելուց հետո, դրանք ներկայացնել նաև ԱԺ հանձնաժողովներին, և ոչ թե բոլորը կուտակել ու տարին մի անգամ ներկայացնել խորհրդարանին»,- ավելացրեց Գ.Մինասյանը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը գտնում է, որ Բյուջետային գրասենյակը հակասահմանադրական մարմին է: «Այն բնորոշ է պառլամենտական կառավարման համակարգ ունեցող երկրներին: Կոչ եմ անում դեմ քվեարկել այս նախագծին: Սահմանադրական փոփոխությունները դեռ չիրականացրած` խորհրդարանական կառավարման տարեր ենք ներմուծում»,- հայտարարեց պատգամավորը:

ՀԱԿ մեկ այլ պատգամավոր՝ Հրանտ Բագրատյանը, համաձայն չէ գործընկերոջ հետ «Վստահ չեմ, որ սահմանադրականության հարց կա: Կարծում եմ, որ այս փաստաթղթով ԱԺ-ն, հատկապես ընդդիմությունը, լրացուցիչ գործիք է ստանում: Կառավարությունը ևս, որովհետև եկեք խոստովանենք, որ առ այսօր Հայաստանում չկա բյուջեի կատարման ինստիտուտ: Երկիր կա, բյուջեն ամիս-ամիս է հաստատում, որ ընթացքն իմանա: Այս գրասենյակն անընդհատ վերլուծելու է բյուջեի կատարման ընթացքը»,- ասաց Հ.Բագրատյանը:

ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը նույնպես կարծում է, որ ԱԺ-ում փորձագետների նման խումբ ստեղծելը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը: «Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն ԱԺ-ն բյուջեի վրա վերահսկողություն է իրականացնում: Առ այսօր այդ նորմը չի գործել: Նախագիծն առաջարկում է ստեղծել մի գործիք, որն ԱԺ-ին հնարավորություն կտա իրականացնել այդ վերահսկողությունը: Գրասենյակն ինքնուրույն չի կարող նման վերահսկողություն իրականացնել, այն գործիք է ԱԺ-ի վերահսկողության համար»,- ավելացնում է Ա.Մինասյանը:

ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն էլ կարծում է, որ գրասենյակի ձևավորումը ժամանակի պահանջ է: «Օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև բալանսավորման, պառլամենտարիզմի զարգացման անհրաժեշտությունն այսօր պահանջում է փորձագիտական ներուժի զարգացում: Եթե մենք ցանկանում ենք այդ բալանսը ձևավորել, ապա օրենսդիր մարմնի կողմից որոշումների ընդունման համար անհրաժեշտ փորձագիտական ապահովման խնդիրը դառնում է կարևոր»,- համոզված է պատգամավորը:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը նույնպես դրական է գնահատում այս նախաձեռնությունը, բայց դեռ լավ չի պատկերացնում, թե իրեն ինչ կտա գրասենյակը: «Ի՞նչ մակարդակի փորձագետներ են այդ գրասենյակում աշխատելու: Եթե այն մասնագետները, որոնք լավագույնս են տիրապետում ծրագրային բյուջետավորմանը, ես ուրախ կլինեմ: Բայց, ցավոք սրտի, ֆինանսական այն ռեսուրսները, որոնք նախատեսվում է տրամադրել այդ գրասենյակին, մեծ կասկած է առաջացնում, թե մենք կունենանք որակյալ մասնագետներ և որակյալ վերլուծություն»,- ասում է Թ.Պողոսյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը գրեթե չմասնակցեց այս նախագծի քննարկմանը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները