Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Անհրաժեշտ քայլեր անհեթեթ վիճակին վերջ տալու համար

Անհրաժեշտ քայլեր անհեթեթ վիճակին վերջ տալու համար

«2013-2014թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին: Եթե նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին եւ Ազգային ժողովի դերը, մենք դրա իրավունքը չունենք. մենք պատասխանատու ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար: Մեր պատգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը», - փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածը, ի թիվս այլ դեպքերի, որպես պատգամավորի լիազորությունների դադարման հիմք, նշում է ԱԺ մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայելը: Իսկ ահա կարգը, որով պատգամավորի լիազորությունները դադարում են, սահմանում է ԱԺ կանոնակարգ օրենքը, համաձայն որի՝ պատգամավորների բացակայությունները հաշվառում է Ազգային ժողովի աշխատակազմը, իսկ հաշվառված բացակայությունները՝ համապատասխան հիմքերի առկայությամբ, հարգելի կամ անհարգելի համարում է Ազգային ժողովի նախագահը:

ԱԺ նախագահի կողմից պատգամավորի՝ անհարգելի «գնահատված» բացակայության հարցը, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի 99-րդ հոդվածի, ընդգրկվում է հերթական նստաշրջանի առաջին չորսօրյա նիստերի օրակարգում, իսկ որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ:

Ըստ ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տրամադրած տեղեկանքի՝ 5-րդ գումարման խորհրդարանի 6-րդ նստաշրջանի ընթացքում տեղի ունեցած 133 քվեարկությունների կեսից ավելիից բացակայել է 15 պատգամավոր: Բացակայությունների 100 տոկոսանոց արդյունք գրանցել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը. նա ամբողջ նստաշրջանի ընթացքում որևէ նիստի չի մասնակցել և ունի 133 բացակա: Հաջորդում են Հրանտ Բագրատյանը (110), Ռուբեն Գեւորգյանը (10), Մուրադ Գուլոյանը (96), Կարո Կարապետյանը (96) , Մելիք Մանուկյանը (85), Աբրահամ Մանուկյան (81), Ռուստամ Գասպարյանը (80) , Հարություն Ղարագյոզյանը (78), Արագած Ախոյանը (78), Հերմինե Նաղդալյան (76), Արշակ Մխիթարյանը (74), Նաիրա Զոհրաբյանը (74), Գրիգորի Մարգարյանը (68) և Լեւոն Զուրաբյանը (68):

Բոլոր պատգամավորների, այդ թվում Գագիկ Ծառուկյանի բացակայությունների մի մասն ԱԺ նախագահի կողմից համարվել է հարգելի և նրանց դուրս բերել վտանգավոր գոտուց: Թե ինչ հիմքով, «Հայկական ժամանակ» օրաթեթրի հարցմանն ի պատասխան, ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը հրաժարվել էր մեկնաբանել ՝ նշելով, թե «դրանք պարունակում են անձնական տվյալներ»:

Թե ինչ հիմքով է ԱԺ նախագահը իր կողմից արդեն հարգելի ճանաչված բացակայությունները համարելու անհարգելի, առայժմ պարզ չէ: Բայց ակնհայտ է, որ այդ վերանայումն անհրաժեշտ է « անհեթեթ վիճակին վերջ տալու» քայլերն իրագործելու համար:

Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլի 16-ին Սահմանադրական դատարանը հիմնական օրենքին հակասող և անվավեր էր ճանաչել ԱԺ կանոնակարգ օրենքի այն դրույթները, որոնցով ԱԺ-ն քվեարկությամբ է որոշում անհարգելի բացակայությունների հիման վրա պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցը, և սահմանել էր, որ մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայության դեպքում պատգամավորի լիազորությունները համարվում են դադարեցված իրավունքի ուժով (ex jսre), համապատասխան արձանագրության հիման վրա: Չնայած ՍԴ-ի որոշումը ԱԺ-ին պարտավորեցնում էր կանոնակարգ օրենքում կատարել դրանից բխող փոփոխությունները և լրացումները, սակայն առ այսօր դրան ուղղված օրենսդրական որևէ նախաձեռնություն չի ցուցաբերվել:

Հավելենք նաև, որ Ազգային ժողովի 20 տարիների պատմության ընթացքում միայն մեկ անգամ են պատգամավորի լիազորությունները դադարեցվել մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայելու հիմքով. 2001 թ. հոկտեմբերի 9-ին Ազգային ժողովը որոշմամբ դադարեցրեց Վանո Սիրադեղյանի լիազորությունները:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները