Էդ. Շարմազանով. Սամվել Ալեքսանյանը կուսակցություն չի ղեկավարում

ParliamentMonitoring.am-ի զրուցակիցը Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն է:
-Պարոն Շարմազանով, նախագահ Սերժ Սարգսյանը, իր ելույթում խոսելով Գագիկ Ծառուկյանի նիստերից բացակայելու մասին, ասել էր, թե նա արհամարհում է ընտրողներին, ու պետք է «այս անհեթեթ իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ քայլեր նախաձեռնել»: Խորհրդարանական մեծամասնությունը Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթաց կսկսի՞:
-Մանդատից զրկողը մեծամասնությունը չէ, այլ Ազգային ժողովի կանոնակարգը: Ծառուկյանը մանդատից կարող է զրկվել համաձայն այդ կանոնակարգի: Այս պահին ադ մասին այլ բան ասել չեմ կարող:
-ՀՀԿ-ն փետրվարի 13-ի խորհրդի նիստից հետո հայտարարեց, որ անգրագիտությունը քաղաքականության մեջ տեղ չունի: Հնարավո՞ր է՝ Գագիկ Ծառուկյանին քաղաքական դաշտից հեռացնելուց հետո սկսեք անգրագետներից մաքրել նաեւ հարազատ կուսակցությունը:
-Մենք խոսում ենք ոչ թե անձանց, այլ երևույթների մասին: Իսկ Գագիկ Ծառուկյանը բացառիկ երևույթ է: Ես չգիտեմ էլի մի ոչ քաղաքական էլեմենտ, ոըը լինի մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի առաջնորդ: Մենք ասում ենք, որ պետք է պայքարել մարտնչող տգիտության դեմ:
-Ո՞վ է որոշում՝ ով է անգրագետը, և ով իրավունք ունի զբաղվել քաղաքականությամբ:
-Ո՞վ է որոշում. որոշում է չգրված օրենքը, որն ասում է, որ մշակույթով պետք է զբաղվեն մշակութային գործիչները, լրագրությամբ՝, լրագրողները, քաղաքականությամբ՝ քաղաքական գործիչները:
-ՀՀԿ-ականներ Մհեր Սեդրակյանն ու Սամվել Ալեքսանյանը քաղաքակա՞ն գործիչներ են:
-Մհեր Սեդրակյանն ու Սամվել Ալեքսանյանը կուսակցություն չեն ղեկավարում: Դուք մի փորձեք խոսակցությունը շեղել:
-Պայքարը Գագիկ Ծառուկյանի դեմ հաջորդեց նրա ելույթին ոչ իշխանական ուժերի խորհրդաժողովում. չունե՞ք մտաավախություն, որ այն, ինչ անում է ՀՀԿ-ն, կարող է դիտվել որպես խոսքի ազատության սահմանափակում:
-Բացարձակ: Չի կարող այդպիսի ընկալում լինել: Նրանք, ովքեր որևէ խնդիր չունեն օրենքի հետ, կարող են հանգիստ քնել, վայելել իրենց ունեցածը, բարգավաճել: Անհանգստանալու տեղ ունեն նրանք, ովքեր հակաօրինական գործողություններ են կատարում: