Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Անծրագիր

Անծրագիր

Փետրվարի 12- ից՝ ՀՀԿ խորհրդում Սերժ Սարգսյանի՝ Գագիկ Ծառուկյանի դեմ հայտնի ելույթից հետո, Հայաստանի իշխանությունները կրկին հիշեցին օրինապաշտության մասին։ Հանկարծ հիշեցին, որ Ազգային անվտանգության խորհուրդը կինոթատրոն չէ, որ պատգամավորը պետք է մասնակցի ԱԺ նիստերին, գործարարը պետք է հարկեր վճարի, քրեական հանցագործությունները չպետք է քողարկվեն։ Քաղաքակիրթ երկրներում բնական համարվող կանոնների պահպանման անհրաժեշտությունը Սերժ Սարգսյանի ելույթի միակ ծրագրային մասն էր։ Ելույթի մյուս մասից կարելի էր եզրակացնել, որ իշխանությունների երկարամյա գործընկեր Գագիկ Ծառուկյանն այսօր միակ «ծրագրային» դեմքն է Հայաստանի քաղաքական կյանքում։

Ընդհանրապես, Սահմանադրության և օրենքների մասին ընդդիմությունը հիշում է, երբ որոշում է դավաճանել իր կողմից փողոց դուրս բերված հասարակությանը՝ խոստանելով «սահմանադրական» իշխանափոխություն, իշխանությունն էլ, երբ որոշում է հերթական վենդետան սկսել իր հակառակորդների դեմ: Թերևս ձեռնպահ մնանք «քաղաքական հալածանք» եւ «քաղաքական հակառակորդ» եզրույթներից, քանի որ արդեն վաղուց Հայաստանում նման գործընթացները «քաղաքական» կարելի է բնորոշել միայն շատ վառ երեւակայություն ունենալու դեպքում։

Ինչեւէ, Սերժ Սարգսյանի հայտնի ելույթի եզրափակիչ չորս կետերից ցանկացածը կարելի է քննարկման թեմա դարձնել, սակայն խոսենք ԱԺ-ում բացակայությունների մասին, քանի որ այս խնդիրը parliamentmonitoring.am-ի ուշադրության առանցքում է արդեն մի քանի տարի։ «2013-2014թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին: Եթե նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին և Ազգային ժողովի դերը, մենք դրա իրավունքը չունենք. մենք պատասխանատու ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար: Մեր պատգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը։

Իհարկե, գովելի է, որ պետության ղեկավարը հիշում է ՀՀ քաղաքացիների իրավունքների կամ ԱԺ դերի մասին, սակայն դա պարզունակ դեմագոգիա է։ Այն, որ Գագիկ Ծառուկյանը ԱԺ նիստերին չի մասնակցում, գրանցում էր parliamentmonitoring.am-ի վիճակագրությունը (ԱԺ- ում նա նման միակ պատգամավորը չէ), սակայն ԱԺ նախկին ու ներկա նախագահներ Հովիկ Աբրահամյանն ու Գալուստ Սահակյանը կարծես թե այդ բացակայություններում որեւէ խնդիր չէին տեսնում։ Իսկ հիմա՝ Սերժ Սարգսյանի «ծրագրային» ելույթից հետո, իրար հերթ չտալով իրենց երբեմնի ընկերոջը ոտնատակ են փորձում տալ։

Հետաքրքիր է, թե Գալուստ Սահակյանն աչքաչափով ինչպե՞ս է որոշելու՝ իր «հարգելի» ճանաչած բացակայություններից  որոնք են այժմ «անհարգելի»։ Ակնհայտ է, որ դրանով ԱԺ դերն ամենեւին չի բարձրանա և ոչ էլ բացակայությունների խնդիրը կլուծվի։ Համենայն դեպս՝ 2001 թ. հոկտեմբերի 9-ից հետո, երբ քաղաքական հաշվեհարդարի արդյունքում պատգամավորական մանդատից բացակայությունների պատճառով զրկվեց Վանո Սիրադեղյանը, խորհրդարանական կարգապահությունն ամենեւին չբարելավվեց։

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները