Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Մի մանդատի պատմություն

Մի մանդատի պատմություն

Գագիկ Ծառուկյանը Ազգային ժողովի ամենաշատ բացակայած պատգամավորն է դեռ նախորդ գումարումից: Պատգամավորության շուրջ 8 տարիների ընթացում նրա գրեթե մշտական բացակայությունը դարձել էր սովորական, սովորական էր նաև այդ բացակայության վերաբերյալ ԱԺ աշխատակազմից տրված մեկնաբանությունը. Ծառուկյանը ներկայացրել է անհրաժեշտ տեղեկանքները, և նրա բացակայությունները հարգելի են: Այսքանից հետո անիմաստ էր խոսել Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու մասին, քանի որ, ըստ Սահմանադրության, նստաշրջանի ընթացքում անցկացված քվեարկությունների կեսից ավելիից բացակայած պատգամավորի լիազորությունները դադարում են, եթե այդ բացակայությունները անհարգելի են: Իսկ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը սահմանում է կարգը, թե ինչպես են դադարեցվում պատգամավորի լիազորությունները, եթե նրա բացակայությունները հարգելի չեն:

2013 թվականին, երբ ԱԺ կանոնակարգի մի հոդվածի սահմանադրականությունը վիճարկելու նպատակով խորհրդարանական եռյակը դիմեց Սահմանադրական դատարան, ՍԴ-ն որոշեց, որ տվյալ հոդվածը սահմանադրական է: Փոխարենը հակասահմանադրական և անվավեր համարվեցին 99 հոդվածի 4-8 դրույթները, որոնք ներկայացնում են պատգամավորին մանդատից զրկելու ընթացակարգը, համաձայն որի կազմվում է պատգամավորի անհարգելի բացակայությունների հարցին վերաբերող նախագիծ, այն քննարկվում է նիստերի դահլիճում, հետո անցկացվում է փակ գաղտնի քվեարկություն, ընդունվում է որոշում, որի հիման վրա էլ կազմված արձանագրությունը, ԱԺ նախագահի ստորագրությամբ, ուղարկվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով: ՍԴ-ն որոշել էր, որ պատգամավորի լիազորությունները դադարում են համաձայն Սահմանադրության 67-րդ հոդվածի, իսկ ԱԺ կանոնակարգ օրենքի 99 հոդվածի 4-8 դրույթները ներկայացնում են ոչ թե դադարման, այլ դադարեցման կարգը, ինչը արդեն իսկ հակասահմանադրական է:

Այսքանով հանդերձ, Ազգային ժողովը չէր շտապել փոփոխել ԱԺ կանոնակարգ օրենքն ու վերոնշյալ հոդվածները հանել այնտեղից: Պատգմավոր Գագիկ Ծառուկյանի բացակայությունները առիթ դարձան, որ հանրապետականները հիշեն ՍԴ-ի երկու տարի առաջվա որոշումը ու հայտարարեն, որ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը կարգավորվում է ոչ թե ԱԺ կանոնակարգով, այլ այդ կանոնակարգին վերաբերող ՍԴ որոշմամբ, քանի որ ՍԴ-ի կողմից հակասահամանադրական ճանաչված հոդվածները համարվում են ուժը կորցրած:

Ծառուկյանի մանդատի կուսակցական հետևանքները

Սերժ Սարգսյանը՝ փետրվարի 12-ի իր ելույթում խոսել էր ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի բացակայությունների մասին, բայց սա դարձավ առիթ, որ հրապարակվեն ԱԺ 6-րդ նստաշրջանի քվեարկությունների կեսից ավելիից բացակայած բոլոր պատգամավորների անունները: Նրանք 15-ն են, 12-ը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: Այս 12-ից 5-ը արդեն նախկին ԲՀԿ-ականներ են. մինչ Ազգային ժողովի նախագահն ու աշխատակազմը Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու ուղիներն էին փնտրում, ԲՀԿ խմբակցության 5 գործարար պատգամավորներ, ովքեր նաեւ ամենաշատ բացակայածների ցուցակում էին, լքեցին ԲՀԿ խմբակցությունն ու կուսակցությունը, իսկ նրանցից մեկը՝ Մելիք Մանուկյանը, հայտարարեց ընդհանրապես պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին: Ուշագրավ է, որ այս ամբողջ պատմությանը զուգահեռ տեղի ունեցավ նաև Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումը, ու չի բացառվում, որ դրա արդյունքում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դադարեցնի Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթացը, մինչդեռ ամբողջ պատմությունը սկիզբ էր առել հատկապես նրան մանդատից զրկելու նպատակով:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները