Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ԱԺ քառօրյա. 23.02-26.02

ԱԺ քառօրյա. 23.02-26.02

ԲՀԿ շարքերը նոսրանում են

Դեռ փետրվարի 8-ին էին ԲՀԿ-ական պատգամավորները հայտարարել, որ հնարավոր է բոյկոտեն հաջորդ՝ փետրվարի 23-26-ի քառօրյան, եթե իրավապահ մարմինները չբացահայտեն ակտիվիստ Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկողներին: Թե ովքեր էին ծեծել ակտիվիստին, փետրվարի 23-ին հայտնի չէր, բայց ԲՀԿ-ականները հայտարարեցին, որ բոյկոտում են քառօրյան՝ միանգամայն այլ պատճառով. ներքաղաքական իրավիճակը լարված է, ու ԲՀԿ-ն պետք է հստակեցնի իր քայլերը և ռազմավարությունը և այդ մասին կհայտնի հանրությանը առաջիկա օրերի ընթացքում:

Քառօրյայի առաջին օրը ԲՀԿ խմբակցության՝ դահլիճը լքելուց հետո այնտեղ մնացած միակ ԲՀԿ-ականը Արագած Ախոյանն էր: Դե ֆակտո նա այլևս ԲՀԿ-ական չէ, բայց դե յուրե համարվում է խմբակցության անդամ: ԱԺ կանոնակարգը նրան, ինչպես նաև համամասնական ընտրակարգով ընտրված որևէ պատգամավորի թույլ չի տալիս դուրս գալ խմբակցությունից՝ առանց մանդատից հրաժարվելու: Կարո Կարապետյանը և Հարություն Ղարագյոզյանը ևս կմնան ԲՀԿ խմբակցությունում, չնայած հայտարարել են կուսակցությունից դուրս գալու մասին: Նրանք նույնպես ԱԺ են եկել ԲՀԿ համամասնական ցուցակով:

ԲՀԿ խմբակցության շարքերն, այնուամենայնիվ, նախորդ քառօրյայի համեմատ, նվազել էին: Խմբակցությունից դուրս գալու դիմում են գրել մեծամասնականով ընտրված պատգամավորներ անկուսակցական Գրիգորի Մարգարյանը և ԲՀԿ-ական Դավիթ Քոչարյանը: Մելիք Մանուկյանն էլ, ինչպես պարզվեց ավելի ուշ, սխալմամբ դիմում է գրել ոչ թե խմբակցությունից դուրս գալու, այլ մանդատից հրաժարվելու մասին: 15 օրվա ընթացքում, սակայն, նա կարող է դիմումը հետ վերցնել:

ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մանդատի ճակատագիրը մնում է անորոշ ու ամենայան հավանականությամբ պարզ կդառնա առաջիկա օրերին՝ կախված թերևս ԲՀԿ-ի հայտարարությունից: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ինքը զբաղվում է բացակաների խնդրի փաստաթղթավորմամբ, և առաջիկայում այդ խնդրին լուծում կտրվի:

ԲՀԿ-ի շնորհիվ և առանց ԲՀԿ-ի

Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին հայտարարության նախագիծը արտահերթ կարգով օրակարգ ընդգրկվեց դեռ նախորդ նստաշրջանում՝ շնորհիվ ԲՀԿ-ական պատգամավորների ստորագրությունների: Նախագծի քննարկումը, սակայն, քառօրյայի առաջին օրը ԱԺ-ում սկսվեց առանց ԲՀԿ-ականների: Ու պատահական չէր ձեռնափայտով ԱԺ եկած և ամբիոնին մոտեցած ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի համեմատությունը. «ընդդիմությունը այսօր թոփալ է, բայց շուտով կապաքինվի»:

Հարցի քննարկման ամբողջ ընթացքից պարզ դարձավ, որ ճգնաժամի մեջ է ոչ միայն Հայաստանի կառավարման համակարգը, այլև` իշխաննությունն ու ընդդիմությունը միասին: ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն միմյանց մեղադրեցին կոռուպցիայի ու հանցագործության մեջ, հետո ՀՀԿ-ական Շարմազանովը չարախնդաց մենակ մնացած ՀԱԿ-ի վրա, ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանն էլ վերլուծեց եռյակի չիրականացրած իշխանափոխության պատճառները. դրանցից մեկը, ըստ Փաշինյանի, «սուպեր լիդերների գոյությունն է»: Ակնհայտ էր, որ Փաշինյանը պատասխանում էր ՀԱԿ խմբակցությանը, որը դեմ էր արտահայտվել Փաշինյանի նախագիծը օրակարգ ընդգրկելուն և քննադատել էր այն:

Առանց օրակարգ ընդգրկվելու

Փաշինյանի՝ օրակարգ չընդգրկված նախագիծը ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին էր: Օրակարգ ընդգրկելուն կողմ էին ընդամնեը 4 պատգամավոր՝ Ալեքսանդր Արզումանյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը: Արզումանյանը տարակուսած էր, թե ինչու ամիսներ շարունակ իշխանափոխություն պահանջող ուժերը դեմ են արտահայտվում նախագահի հրաժարականի՝ Փաշինյանի ներկայացրած նախագծին:

Քվեարկությամբ օրակարգ չընդգրկվեց նաև Զարուհի Փոաստանջյանի հեղինակած հայտարարության նախագիծը՝ «Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների եւ այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու եւ դատապարտելու մասին»: ՀԱԿ խմբակցությունը ամբողջ կազմով կողմ էր դրան, ՀՅԴ-ն հայտարարեց քվեարկությանը չմասնակցելու մասին, ՕԵԿ-ն ու ՀՀԿ-ն քվեարկեցին ձեռնպահ:

Ուշագրավ է, որ այս նախագիծը հեղինակը հետ էր վերցերլ մեծամասնության առաջարկով՝ դեռ անցած դեկտեմբերին, պայմանով, որ միասին կաշխատեն նախագծի վրա ու կգտնեն ընդհանուր տարբերակ: ՀՀԿ-ն աշխատեց, բայց սեփական նախագծի վրա, որին միացան բոլոր մյուս խմբակցությունները: Այն գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկվեց քառօրյայի օրակարգ: ՀՀԿ-ինը, սակայն, ի տարբերություն Փոստանջյանի նախագծի, օրինագիծ էր, որը դատապարտում էր միայն հույների ու ասորիների ցեղասպանությունը: Եզդիների ցեղասպանության մասին մեծամասնությունը չէր հիշատակել՝ հիմնավորմամբ, թե դրա մասին բավարար չափով պատմական ուսումնասիրություններ չկան:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները