Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Կառավարմա՞ն, թե՞ քաղաքական ճգնաժամ

Կառավարմա՞ն, թե՞ քաղաքական ճգնաժամ

Փետրվարի 25-ին Ազգային ժողովը ձայների 16 կողմ, 65 դեմ և 6 ձեռնպահ հարաբերակցությամբ մերժեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զուրաբյանի հեղինակած «Հայաստանի հանրապետությունում առաջացած կառավարման ճգնաժամի մասին» հայտարարության նախագիծը: Դեմ քվեարկեցին  ՀՀԿ խմբակցության պատգամավորները, կողմ՝ ՀԱԿ-ը, ՕԵԿ-ն ու «Ժառանգությունը», ձեռնպահ էին ՀՅԴ պատգամավորներն ու Էդմոն Մարուքյանը:  Քառօրյայի բոյկոտի պատճառով նախագծի քննարկմանն ու քվեարկությանը չէր մասնակցել ԲՀԿ խմբակցությունը:

«Հայաստանի հանրապետությունում առաջացած կառավարման ճգնաժամի մասին» ԱԺ հայտարարության նախագիծը ներկայացվել և օրակարգ էր ընդգրկվել դեռևս հոկտեմբերի 20-ին արտահերթ ընթացակարգով՝ ոչ իշխանական 44 պատգամավորի ստորագրությամբ: Այդ շրջանում Ադրբեջանի կողմից հայկական ռազմական ուղղաթիռի խոցման ու հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման պատճառով նախ հեղինակներն իրենք հետաձգեցին նախագծի քննարկումը: Ապա քննարկումը հետաձգվեց պատճառաբանությամբ, որ արտահերթ քննարկման են սպասում նաև կառավարության կողմից անհետաձգելի համարված մի քանի օրինագծեր:

Արտագաղթից մինչև կապիտալի արտահանում

Նախագծի հեղինակներն առաջարկում էին ԱԺ հայտարարությամբ ամրագրել, որ Հայաստանում առկա է կառավաման ճգնաժամ. համակարգային կոռուպցիան, մենաշնորհները խաթարում են ազատ տնտեսական մրցակցությունը, աղքատության և արտագաղթի աճը սպառնում են ազգային անվտանգությանը: Ներկայացնելով նախագիծը`ՀԱԿ խմբակցության ղեկավար Լ. Զուրաբյանը հայտարարեց, որ իշխող վերնախավի կողմից տեղի է ունենում պետական միջոցների վատնում և կապիտալի ապօրինի արտահոսք: Հեղինակավոր Global Financial Integrity կազմակերպության հաշվարկների համաձայն՝ 2003-2012թթ. Հայաստանից արտահանվել է 7,5 միլիարդ ԱՄՆ դոլար: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2008-2014թթ. Հայաստանից արտագաղթել է մոտ 300,000 քաղաքացի:

«Կարող եմ  հավաստիացնել, որ խնդիրը միայն վատ սոցիալ-տնտեսական պայմանները չեն: Մարդիկ փախչում են, որովհետև չեն ընդունում այս երկրի որակը: Նրանք որևէ հավատ չունեն այն երկրի նկատմամբ, որտեղ տիրում է գողապետությունը, կոռուպցիան, սեփականության նկատմամբ ոտնձգությունները, հարկային և մաքսային կամայականությունները, ծախու և իշխանությանը հնազանդ դատարանները, միջին ձեռնարկատիրության ջախջախումը: Ի՞նչ է այս ամենը, եթե ոչ կառավարման ճգնաժամ»,- հայտարարեց Լ.Զուրաբյանը:

Որտե՞ղ է ճգնաժամը. ընդդիմադի՞ր, թե՞ իշխանական դաշտում

Կառավարման ճգնաժամի մասին հայտարարության նախագծի քննարկումը թեժ բանավեճի առիթ դարձավ՝ վերածվելով քննարկման՝ ճգնաժամը կառավարմա՞ն, թե՞ քաղաքական դաշտում է: Փոխադարձ մեղադարանքների, դասերի ու հորդորների պակաս  չզգացվեց:

ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, նկատի ունենալով քառօրյայի ընթացքում Լ.Զուրաբյանի կաղալը և ձեռնափայտով քայլելը, հայտարարեց. «Ընդդիմությունը կաղում է, բայց լավատես չեմ, թե դա ապաքինվող տկարություն է, որովհետև ընդդիմությունը նոր չէ կաղում, կաղում է վաղուց, կաղում է երկու ոտքից և կարող եմ ասել նաև երեք ոտքից»: Ըստ Նաղդալյանի՝ Հայաստանում ճգնաժամ կա, բայց այն ոչ թե կառավարման համակարգում է, այլ ՝ ընդդիմադիր դաշտում: «Եվ այդ ճգնաժամն ակունքներ ունի՝ մեկ ոտքով իշխանության, մեկ ոտքով ընդդիմության մեջ լինելու ցանկությունը։ Իսկապես ընդդիմության այդ տկարությունն արագ ապաքինվող հիվանդություն չէ»,-ասաց նա:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հակադարձեց. իշխանությունների ցինիզմը հասնում է այն մակարդակի, որ հայտարարվում է, թե ընդդիմության պատճառով արտագաղթը նոր թափ է առնում: «Բա դուք ինչո՞վ եք զբաղված, միթե՞ ընդդիմության պատճառով է այս վիճակը հասունացել: Հիվանդ են բոլոր նրանք, ովքեր այս ամենը պայմանավորում են ընդդիմության գործունեությամբ»: Ըստ Հակոբյանի ՝ ճգնաժամի առկայության լավագույն ցուցիչը ԲՀԿ-ին առնչվող իրադարձություններն են: «Պարզվում է՝ խորհրդարանում պատգամավորների քանակով երկրորդ ուժը հաշված ժամերի, օրերի ընթացքում կարող է վերանալ քաղաքական եթերից, անհետանալ»,- հայտարարեց Ռ.Հակոբյանը:

Դաշնակցությունից Արծվիկ Մինասյանն առաջարկեց ճշմարտությանը բաց աչքերով նայել. կառավարման ճգնաժամ կա, այն համակարգային է, բայց պետք է ճիշտ ախտորոշել: Ըստ դաշնակցական պատգամավորի՝ ելքը սահմանադրական բարեփոխումներն են : «Եթե բոլոր քաղաքական ուժերը դեմ են ցնցումներին ու արյունահեղությանը, ապա մնում են համակարգային բարեփոխումները: Առանց սահմանադրական կարգավորումների անհնար է լինելու իրականացնել համակարգային փոփոխություններ»,- հայտարարեց ՀՅԴ խմբակցության անդամը:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ չար չլինելու և միմյանց լսելու կոչ արեց. «Մի ողջ քաղաքական թիմի եք վախեցնում, ժողովրդին եք վախեցնում։ Սա հավատի, վստահության, մարդկային տեսակի, որակի… ամեն ինչի ճգնաժամ է»,- ասաց Բիշարյանը։

Քննարկման նյութ, որևէ սկզբունք փաստաթղթում չկա՝ անդրադառնալով հայտարարությանը հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա ՀԱԿ-ին մեղադրեց ոչ թե ծրագրերով, այլ քաղաքական վրեժխնդրությամբ առաջնորդվելու մեջ և հայտարարեց. քաղաքական իմաստով ընդդիմություն Հայաստանում գոյություն չունի:

Դուք գնում եք բոլշևիզմի ճանապարհով ՝ արձագանքեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: «Վիճակը վատ է և առավել ևս վատ է այն առումով, որ չեք ուզում համակերպվել այն բանի հետ, որ վիճակը վատ է»,- ասաց պատգամավորը։

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները