Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Արտահանման խթանո՞ւմ, թե՞ մենաշնորհ արտահանման համար

Արտահանման խթանո՞ւմ, թե՞ մենաշնորհ արտահանման համար

Խորհրդարանը մարտի 3-ի արտահերթ նիստում ձայների 68 կողմ, 11 դեմ, 28 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը: Փոփոխություններին կողմ էր Հանրապետական խմբակցությունը, ձեռնպահ՝ ԲՀԿ-ն, դեմ էին ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»: «Օրինաց երկիր» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը:

Առաջին ընթերցման ներկայացված տարբերակով գործադիրն առաջարկում էր շահութահարկի դրույքաչափը 20 տոկոսից նվազեցնել մինչև 2 տոկոս այն տնտեսվարող սուբյեկտների համար, որոնք կկարողանան ապահովել տարեկան 50 միլիարդ դրամի արտահանում: Կառավարության հիմնավորմամբ՝ հարկային արտոնությունը «կխթանի արտահանման ծավալների ընդլայնմանը, կնպաստի տնտեսական աճի տեմպերի զարգացմանը»:

Երկրորդ ընթերցման տարբերակում կառավարությունն ավելացրել է ևս մեկ շեմ՝ 40 մլրդ դրամի սահմանագիծը, որը վերաբերելու է այդքան արտահանում ապահովող ընկերություններին: Այդ խմբի համար, ըստ նախագծի, շահութահարկը 20 տոկոսից դառնալու է 5 տոկոս: Օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո կառավարությունը յուրաքանչյուր տարի պետք է սահմանի, թե արտահանման որ մասը պետք է ապահովվի հայրենական արտադրության և որ մասը՝ այլ երկրներից ներկրման ու Հայաստանի միջոցով երկրորդ երկիր արտահանման հաշվին:

Շահութահարկի արտոնությունը չի տարածվելու հանքարդյունաբերական ոլորտի և ենթաակցիզային հարկով հարկվող ապրանքների վրա: Այդ դեպքում Հայաստանում քանի՞ ընկերություն կա, որոնք ապահովում են կամ հնարավորություն ունեն ապահովել 50 մլրդ դրամի արտահանում: Պարզվում է՝ առայժմ այդ ծավալի արտահանում ապահովում են միայն հանքարդյունաբերական ոլորտի ընկերությունները: Իսկ ենթաակցիզային հարկ վճարող որոշ ընկերություններ` ալկոհոլային խմիչք կամ ծխախոտ արտադրող ընկերությունները, արտադրության ծավալների որոշակի ավելացման դեպքում միայն կարող են 50 մլրդ դրամի արտահանում ապահովել: Ստացվում է, որ արտոնությունը չի տարածվում գործող որևէ ընկերության վրա: Օրինագիծը ԱԺ-ում ներկայացնող ֆինանսների փոխնախարար Վարդան Միրումյանը պարզաբանեց, որ հարկային արտոնություն սահմանելով` կառավարությունը ցանկանում է արտահանողներին խրախուսել նման ծավալի արտահանում ապահովելը:

Պատգամավորները, սակայն, ունեն մտահոգություն, թե կառավարությունը ցանկանում է կենտրոնացնել արտահանումը, մենաշնորհային վիճակ ստեղծել նաև այս ոլորտում: Չի բացառվում, որ օրենքի ընդունումից հետո կստեղծվի նոր ընկերություն, որն իր ձեռքում կկենտրոնացնի Հայաստանի արտահանման հիմնական մասը: Կամ էլ արդեն գոյություն ունեցող որևէ ընկերություն, ունենալով հսկայական միջոցներ, հարկային արտոնյալ պայմաններում կդառնա 50 մլրդ դրամ ծավալ ապահովող: Իսկ այն ընկերությունները, որոնց համար դժվար է արտահանում իրականացնելը, իրենց արտադրանքը կվաճառեն արտահանող ընկերությանը: Առաջին հայացքից թվում է, թե դրական նախաձեռնություն է, որը փոքր ու միջին ընկերություններին գործունեություն ծավալելու, արտադրանքն իրացնելու ռեալ հնարավորություն է ընձեռելու: Բայց այս դեպքում էլ կան բազմաթիվ մտահոգություններ:

Մտահոգություններից մեկն այն է, որ 50 մլրդ արտահանում ապահովող ընկերությունը կսկսի փոքր արտադրողներին գին թելադրել` այս դեպքում գին իջեցնել: Օրինակ, մամուլը բազմիցս անդրադարձել է թարմ գյուղմթերք արտահանող «Սպայկա» ընկերությանը. ոլորտում գերիշխող դիրք ունենալու արդյունքում այս ընկերությունը գյուղացիական տնտեսություններին գին է թելադրում, նաև թույլ չի տալիս, որ հարևան Վրաստանից գործարարներ գան և Հայաստանի գյուղացիական տնտեսություններից իր առաջարկած գնից ավելի բարձր գնով գյուղմթերք գնեն:

Կա նաև մտահոգություն, որ արտահանման ծավալների ընդլայնումը մեր երկրում տարբեր ապրանքների դեֆիցիտ կստեղծի: Մեկ այլ տեսակետի համաձայն էլ՝ որոշ գործարարներ ցանկանում են նման արտոնություններ ստանալ, որպեսզի կարողանան Հայաստանից Ռուսաստան շինանյութ, մասնավորապես, քար և ցեմնետ արտահանել:

Կա նաև կարծիք, թե կառավարությունն այս հարկային արտոնությունը սահմանում է «Նաիրիտ» գործարանի համար նոր ներդրող գտնելու նպատակով: Ներդրումների ներգրավման դեպքում, ըստ մասնագետների, «Նաիրիտը» կկարողանա 50 մլրդ դոլարի արտահանում ապահովել:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները