Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ԲՀԿ համագումարը կայացավ, բայց հարցերը մնացին անպատասխան

ԲՀԿ համագումարը կայացավ, բայց հարցերը մնացին անպատասխան

Ազգային ժողովի փետրվարի 23-ին մեկնարկող քառօրյայի սկզբում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կհայտարարի, որ ԲՀԿ-ն դառնում է ընդդիմություն: Սա միակ հստակ որոշումն է, որ կայացվեց ԲՀԿ 8-րդ արտահերթ համագումարում՝ կուսակցության նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանի ղեկավարությամբ: Իսկ մինչ դա՝ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր կուսակցության նախագահի և խմբակցության ղեկավարի լիազորությունները վայր դնելու մասին՝ համագումարին ներկա ԲՀԿ-ականներին հորդորելով՝ այլեւս որեւէ քաղաքական հարցով իրեն չդիմել: Մինչդեռ նրա հրաժարականից ու արտահերթ համագումարից հետո էլ ԲՀԿ-ին առնչվող հարցերը մնում են անպատասխան: Դրանք վերաբերում են և կուսակցությանը, և խմբակցությունը:

Նախ՝ անորոշ է մնում Գագիկ Ծառուկյանի մանդատի հարցը: Նա իր ելույթում նշել էր միայն կուսակցության նախագահի եւ խմբակցության ղեկավարի լիազորություններից հրաժարվելու մասին՝ շրջանցելով մանդատից հրաժարվել-չհրաժարվելու հարցը: Համագումարից հետո ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե Գագիկ Ծառուկյանի մանդատի հետ կապված որևէ խնդիր չկա, որովհետև ինքը պարբերաբար ԱԺ նախագահին է ուղարկել նրա բացակայություններին վերաբերող տեղեկանքները, ու ԱԺ նախագահը այդ բացակայությունները համարել է հարգելի:

Ամենայն հավանականությամբ, Ծառուկյանի մանդատի հարցը որոշելու է իշխանությունը, ու եթե հաշվի առնենք, որ այս մասին իր վերջին մեկնաբանությում Գալուստ Սահակյանը ասել էր, թե ինքը չի ուզենա որևէ պատգամավորի մանդատից զրկելու նախադեպ ստեղծել, այդ որոշումը լինելու է հօգուտ մանդատը Ծառուկյանին թողնելու: Այս դեպքում էլ ուրիշ հարցեր են առաջ գալիս. մասնավորապես, սրանից հետո մասնակցելո՞ւ է Գագիկ Ծառուկյանը ԱԺ նիստերին թե՞ ոչ: Բացի սա. իր ելույթում Ծառուկյանը նշել էր, որ ինքն այսուհետ կապ չի ունենալու ԲՀԿ-ի հետ. իսկ սա նշանակո՞ւմ է, որ նա, մանդատը պահելու դեպքում, դուրս է գալու ԲՀԿ խմբակցությունից: Ծառուկյանը պատգամավոր է ընտրվել մեծամասնական ընտրակարգով, և համաձայն ԱԺ կանոնակարգի, կարող է դուրս գալ խմբակցությունից՝ շարունակելով մնալ պատգամավոր: Այս դեպքում չի բացառվում, որ Ծառուկյանը համալրի անկախ պատգամավորների շարքերը:

Ո՞վ է ղեկավարելու ԲՀԿ խմբակցությունը: Այս հարցը ևս անորոշ է: ԲՀԿ-ն այն կքննարկի խմբակցության առաջիկա նիստում: Եթե Նաիրա Զոհրաբյանը դառնա նաև խմբակցության ղեկավար, նիստում կընտրվի խմբակցության նոր քարտուղար:

Չկա վերջնական պատասխան նաև այն հարցին, թե քանի անդամ ունի այսօր ԲՀԿ խմբակցությունը: Արտահոսքը խմբակցությունից և կուսակցությունից շարունակվում է: Մեծամասնականով ընտրվածներ Դավիթ Քոչարյանը, Գրիգորի Մարգարյանը, Մուշեղ Պետոյանը արդեն հայտարարել են խմբակցությունից դուրս գալու մասին: Ծառուկյանից բացի, կուսակցությունից դուրս գալու մասին մարտի 5-ին հայտարարեց նաև Վարդան Օսկանյանը: Մանդատից հրաժարվելու մասին նա նույնպես որևէ հայտարարություն առայժմ չի արել, բայց լինելով համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, Օսկանյանը կարող է խմբակցությունից դուրս գալ՝ առանց մանդատից հրաժարվելու: ԱԺ կանոնակարգը այդպիսի իրավունք է տալիս համամասնական ցուցակի առաջին 3 համարներին, իսկ Օսկանյանը ԲՀԿ ընտրական ցուցակի 2-րդ հորիզոնականում է:

Այսքանով ԲՀԿ խմբակցությանը վերաբերող անորոշ հարցերը չեն սպառվում: Թեպետ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն լինելու է ընդդիմադիր, բայց դեռ հայտնի չէ՝ շարունակելո՞ւ է համագործակցությունը արմատական ընդդիմադիր ՀԱԿ-ի հետ թե՞ ոչ, կամ որքանո՞վ է հետքայլ անում այն նպատակներից, որոնց մասին բարձրաձայնում էր մինչև Ծառուկյան-Սարգսյան հանդիպումը:

Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ ԲՀԿ-ի դիրքորոշումը ևս վերահաստատման և հստակեցման կարիք է զգում: Այս մասին տրված հարցին Զոհրաբյանը հարցով պատասխանեց. «Իսկ երկրում ինչ-որ բա՞ն է փոխվել, որ մեր դիրքորոշումը փոխվի»: Նկատենք, որ ԲՀԿ-ն ոչ միայն դեմ էր Սահմանդրության փոփոխություններին, այլև պատրաստվում էր հանրաքվեի օրը հայտարարել միասնական «ոչ»-ի օր և հանդես գալ հակաքարոզչական միջոցառումներով:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները