Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Անձնական տվյալները կպաշտպանվեն, իսկ անձի՞նք

Անձնական տվյալները կպաշտպանվեն, իսկ անձի՞նք

Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի նախագիծը՝ 17 այլ նախագծերից կազմված կից փաթեթով, Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց մարտի 4-ին, 65 կողմ, 24 դեմ, 10 ձեռնպահ ձայնով: Ուշագրավ էր, սակայն, ոչ թե այս օրենքի քննարկումը, որքան դրան նախորդած ընթացքը: Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը կառավարության այն բացառիկ նախաձեռնություններից էր, որը մեկ անգամ Ազգային ժողովի կողմից արդեն մերժվել էր: Առաջին անգամ փաթեթը խորհրդարանում քննարկվել էր աշնանային նստաշրջանում և չէր ընդունվել՝ քվորում չլինելու պատճառով. ԲՀԿ, ՕԵԿ, ՀԱԿ, «Ժառանգություն» խմբակցությունները քվեարկությանը չէին մասնակցել:

Մինչև երկրորդ անգամ փաթեթը Ազգային ժողովում ներկայացնելը՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այն քննարկելու համար կազմակերպեց հանրային լսումներ, և արդեն լիագումար նիստի ընթացքում, որպես օրենսդրական փաթեթի բովանդակությունը հանրայնացնելու քայլ, հիմնական զեկուցող, արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը հիշատակում էր հենց այս լսումները:

Մկրտչյանի ներկայացմամբ՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի ընդունումը պայմանավորված է ժամանակի պահանջով. Եվրամիության անդամ պետություններում և ամբողջ աշխարհում անձնական տվյալների պաշտպանության հատուկ իրավական ռեժիմ է գործում՝ հագեցած տվյալների մշակման ավտոմատացված հնարավորություններով: Օրենքը կարգավորում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից անձնական տվյալները մշակելու, դրանց նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու կարգն ու պայմանները: Այս հարցերը մինչ օրս կարգավորող օրենքը՝ «Անհատական տվյալների մասին», ըստ Մկրտչյանի, տվյալների պաշտպանություն չի ապահովում:

Օրինագծով անձնական տվյալ է համարվում ֆիզիկական անձին վերաբերող այն տեղեկությունը, որը թույլ է տալիս ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը: Այդպիսի տվյալներ են անձնական կյանքի, ֆիզիկական, ֆիզիոլոգիական, մտավոր, սոցիալական վիճակի վերաբերյալ տեղեկությունները: Սահմանվում են նաև հատուկ կատեգորիայի տվյալները. դրանք են անձի ռասսայական, ազգային պատկանելությանը, քաղաքական հայացքներին,կրոնական կամ փիլիսոփայական համոզմունքներին, արհեստակցական միությանն անդամակցությանը, առողջական վիճակին ու սեռական կյանքին վերաբերող տեղեկությունները:

Նախագծի քննարկմանը մասնակցող սակավաթիվ պատգամավորներից ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը հիշեցրեց, որ լսումների ժամանակ առաջարկել է մանրամասնել, թե ինչպես են որոշելու անձի փիլիսոփայական համոզմունքները: Ի պատասխան՝ նախարարի տեղակալը կիսեց պատգամավորի դիտարկումը, թե օրենքում հիմնականում ընդհանուր ձևակերպումներ են տրված, բայց դա, ըստ նրա, հատուկ է այս ոլորտը կարգավորող այլ երկրների օրենքներին ընդհանրապես, որովհետև կարգավորվող ոլորտը շատ լայն է:

Օրենքով նախատեսվում է ստեղծել անձնական տվյալների մշակմամբ զբաղվող և պաշտպանությունն ապահովող հատուկ լիազոր կառույց, որը գործելու է Արդարադատության նախարարության ենթակայությամբ: Լիազոր մարմինը պարտավոր է պահպանել իր գործունեության ընթացքում իրեն վստահված կամ հայտնի դարձած անձնական տվյալների գաղտնիությունը: Այս կառույցի նկատմամբ վստահելիություն ապահովելու նպատակով պատգամավոր Անդրանիկ Թևանյանը առաջարկել էր, որ այն գործի ոչ թե կառավարության ենթակայությամբ, այլ որպես առանձին կառույց՝ աուդիտի պարտադրանքի ներքո: Այս առաջարկությունը, սակայն, առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում չէր ընդգրկվել:

Օրենսդրական փաթեթը ընդունվեց միայն ՀՀԿ խմբակցության պատգամավորների կողմ ձայների շնորհիվ: ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» քվեարկեցին դեմ, ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը՝ ձեռնպահ:

Դրա քննարկմանը մասնակցեց ընդամենը 5 պատգամավոր: Իսկ առաջին անգամ այն քննարկելիս ՀԱԿ խմբակցության անդամ Ջհանգիրյանը առաջարկել էր փոխել օրենքի անվանումը, քանի որ այն իրականում նախատեսում է ոչ թե անձնական տվյալների պաշտպանություն, այլ երրորդ անձանց կամ երկրներին փոխանցելու հնարավորություն: Այս հոդվածը պահպանվել էր նաև երկրորդ անգամ ներկայացված նախագծում: Մասնավորապես սահմանվում է, որ առանց անձնական տվյալների սուբյեկտի համաձայնության մշակողը կարող է անձնական տվյալները փոխանցել երրորդ անձանց կամ տվյալներից օգտվելու հնարավորություն տրամադրել, եթե դա նախատեսված է օրենքով եւ ունի բավարար պաշտպանության մակարդակ։ Հատուկ տվյալների դեպքում ևս օրենքը այդպիսի հնարավորություն տալիս է:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները