Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ԲՀԿ-ում ներքին քննարկումները շարունակվում են

ԲՀԿ-ում ներքին քննարկումները շարունակվում են

Parliamentmonitoring.am-ի զրուցակիցը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ Վահան Բաբայանն է:

- Պարոն Բաբայան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավորներ, շարքային անդամներ են հեռանում: Ճի՞շտ են տեղեկությունները, թե այդ գործընթացը տեղի է ունենում ԲՀԿ արդեն նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջոցով:

- Ապատեղեկատվություն է, ես նման վերլուծություններին լուրջ չեմ վերաբերվում և չեմ էլ ցանկանում մեկնաբանել:

- Իսկ ունե՞ք հաշվարկ, թե այս մեկ ամսվա ընթացքում քանի մարդ է հեռացել ԲՀԿ-ից, թե Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում որքան պատգամավոր է մնացել:

- ԲՀԿ խմբակցության պատգամավորների, նաև կուսակցականների թվի վերաբերյալ  տեղեկություններ կտրամադրենք խմբակցության նիստից հետո, որն, ամենայն հավանականությամբ,  տեղի կունենա հաջորդ շաբաթ: Այդ նիստի ընթացքում էլ հավանաբար կընտրվեն խմբակցության ղեկավարն ու քարտուղարը:

- ԲՀԿ-ն արտահերթ համագումարի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր քաղաքական ուժ դառնալու մասին: Մարտավարական ի՞նչ փոփոխություններ են սպասվում կուսակցության քաղաքականության մեջ:

- Այս պահին մարտավարական այդ հարցերը քննարկվում են: Ընդհանրապես, քննարկում ենք բոլոր կարևորագույն հարցերը՝ և ներքին և արտաքին քաղաքական, որոնց շուրջ մենք պետք է հայտնենք մեր տեսակետները: Հիմա  ներքին քննարկումների, իրավիճակային լուծումների փուլում ենք, որի ավարտից հետո հանդես կգանք մեր տեսակետների հստակեցված տարբերակով:

- Իսկ հնարավո՞ր է իրեն ընդդիմություն հռչակած ԲՀԿ-ն եռյակի ֆորմատով շարունակի ՀԱԿ-ի ու «Ժառանգության» հետ նախկին համագործակցությունը:

- Ես կրկնում եմ՝ մենք այսօր մի փուլում ենք, երբ լուծվում են կուսակցության ներքին խնդիրները: Մինչև այդ փուլը չավատվի, մինչև մենք չհստականանք մեր ներքին իրավիճակը, չենք կարող խոսել արտաքին հարաբերությունների մասին:

- Իսկ հանրահավաքների վերսկսման կամ իշխանափոխության պահանջի հարցերը քննարկվելո՞ւ են: Նախկինի նման կտրուկ գործողություններ հնարավո՞ր են:

- Կտրուկ կամ մեղմ գոծողությունների, կառուցողական կամ արմատական քայլերի մասին ԲՀԿ-ն կհայտարարի իր որոշումներից հետո: Կլինենք արմատակա՞ն, կառուցողակա՞ն թե՞ ինստիտուցիոնալ՝ ապագայի և ոչ թե այս պահի հարց է:

- Ինչպե՞ս է լուծվելու ԲՀԿ-ի ֆինանսավորման հարցը: Չէ՞ որ Գ.Ծառուկյանն այլևս ԲՀԿ-ի հետ կապ չունի:

- Բնական է, որ այդ խնդիրը բոլորին հուզում է և շատերի մոտ հարցեր է առաջացնում, բայց կարող եմ ասել, որ ֆինանսավորման հարցերը լուծվելու են «ՀՀ կուսակցությունների մասին» օրենքի տառին համապատասխան:

- Իսկ համաժողովրդական շարժման մոտ ութ տասնյակ գրասենյակներն ինչո՞վ են զբաղվելու: Չէ՞ որ դրանք պետք է համակարգեին այն համաժողովրդական շարժումը, որը պետք է սկսեր եռյակը:

- Կուսակցության գրասենյակների բնականոն աշխատանքը շարունակելու է:

- Նաև տեղեկություններ են հրապարակվում, թե կուսակցության գրասենյակներից հավաքվում է գույքը:

- Դա ապատեղեկատվություն է. որևէ գույք որևէ մեկից որևէ մեկը չի ուզել: Դա նաև որոշակի սադրիչ գործողություն էր, որը փորձ արվեց ծավալել, բայց չստացվեց:

- Ո՞ւմ կողմից սադրիչ գործողություն: Ճի՞շտ են տեղեկությունները, թե Աբրահամ Մանուկյանն էր զանգահարում ԲՀԿ տարածքային գրասենյակների ղեկավարներին և Գ.Ծառուկյանի անունից պահանջում այդ գույքը:

- Այս պահին ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, գիտեմ իրավիճակի մասին, բայց այդպես անձնավորված ու կոնկրետացված լուրեր չունեմ: Կարծում եմ, որ նման բան տեղի էլ չի ունեցել, պարոն Ծառուկյանը նման բան չի հանձնարարել: Դա ինչ-որ մարդկանց կողմից առաջացրած խառնաշփոթ է:

- Իսկապե՞ս ԲՀԿ-ն դառնալու է իշխանության համակարգման ներքո գտնվող ընդդիմադիր կուսակցություն, իսկ այդ ստվերային համակարգմամբ զբաղվելու է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

- Դա էլ ֆանտաստիկայի ժանրից է, որ մեկնաբանելու կարիք չկա:

-Այդ դեպքում ո՞ւմ է ընդդիմադիր լինելու ԲՀԿ-ն, եթե այդ կուսակցության ղեկավար Գ.Ծառուկյանը քաղաքականությունից հեռացավ Սերժ Սարգսյանի պահանջով, իսկ կուսակցությունում այս գործընթացները սկսվեցին նախագահի հայտարարություններից հետո:

- Դա վերլուծական շրջանակներում քննարկվող հարց է: Ես՝ որպես ԲՀԿ մամլո խոսնակ, չեմ պատրաստվում մեկնաբանել այդ կարծիքները:

Քվեարկության պատմություն

Բաբայան Վահան Շոթայի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Բաբայան Վահան «Բարգավաճ Հայաստան» 606 58 120 83 98 24 17
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները