Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ավանդական սահմանադրափոխություն

Ավանդական սահմանադրափոխություն

Կամ պատրանքներ ստեղծելու արվեստը

Հայաստանի նորագույն պատմության մեջ ձեւավորվում է սահմանադրափոխության ավանդույթը։ Ամեն տասը տարին մեկ հանրապետության նախագահն իրականացնում է սահմանադրական փոփոխություններ. 1995- ին ընդունվեց Հիմնական օրենքը, 2005- ին փոխվեց, եկավ 2015- ը…

Թե ի՞նչ խնդիր է փորձում լուծել իշխանությունը այս փոփոխություններով եւ ի՞նչն էր խանգարում եղած Հիմնական օրենքում, որ լուծվեն երկրի առաջ ծառացած կարեւորագույն խնդիրները, այդպես էլ պարզ չէ։ Այնպես որ, թե ինչ խնդիր է լուծում իշխանությունը այս փոփոխություններով, կարելի է միայն գուշակել։ Սակայն զերծ մնանք գուշակություններից եւ անդրադառնանք գործընթացի նոր փուլին, որն սկիզբ առավ փոփոխությունների հակառակորդ ԲՀԿ արդեն նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի քաղաքական չեզոքացումից անմիջապես հետո։

«Մեր երկրի համար սահմանադրական բարեփոխումները… կարող են իրականացվել միայն լայն քաղաքական կոնսոլիդացիայի պայմաններում»,- ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ մարտի 13- ին կայացած հանդիպման ժամանակ հայտարարեց Սերժ Սարգսյանը։ Իսկ դրանից մեկ օր առաջ նա հանդիպել էր խորհրդարանական տարբեր ուժերի հետ։

Պետության ղեկավարի համար «քաղաքական կոնսոլիդացիայի» պատրանքն այնքան է կարեւորվում, որ նա գերադասում է գնալ կուսակցական կոնսոլիդացիայի ուղիով՝ նախեւառաջ ընդունելով խորհրդարանական ոչ թե ուժերին, այլ այնտեղ ներգրավված կուսակցությունների, այդ թվում նաեւ մարդ- կուսակցությունների, ներկայացուցիչներին։ Ու ստացվում է այնպես, որ հանդիպումներն ընդգրկում են ոչ միայն ԲՀԿ- ն, ՀՅԴ- ն, ՕԵԿ- ն ու «Ժառանգությունը», այլ նաեւ ՄԱԿ- ը, որն անդամ ունի ԲՀԿ- ում, ՀՀՇ- ն, որն անդամ ունի «Ժառանգությունում», «Ազատ դեմոկրատները», որն անդամ ունի… խորհրդարանում։

Կուսակցական կոնսոլիդացիան այնքան է կարեւորվում, որ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունենում ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի եւ «Ժառանգության» անդամների հետ, որոնք դեռ մի քանի ամիս առաջ հստակ ժամանակավրեպ էին համարում այս փոփոխությունները։ Միայն ՀԱԿ- ի հետ է, որ ՀՀ նախագահը չի հանդիպի, քանի որ այս ուժը շատ կոշտ դեմ է փոփոխություններին։ Հանրային ռադիոյի տված հարցազրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի բացառել, որ քաղաքական քննարկումների արդյունքում քաղաքական այն ուժերը, որոնք մինչ այժմ մերժել են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, փոխեն իրենց դիրքորոշումը եւ ասել է, որ սկսված քննարկումները նաև այդ նպատակն ունեն: Ինչպես ասում են, հիմա համոզելու ժամանակն է։

Արդեն այս հայտարարությունը հստակ ցույց է տալիս, որ Հայաստանում առկա է ցանկացած ճգնաժամ՝ վստահության, քաղաքական, սոցիալ- տնտեսական, մշակութային… բայց չկա սահմանադրական ճգնաժամ։ Հակառակ պարագայում պետության ղեկավարը չէր համոզի սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության համար։ Ինչպես որ ամենեւին չպիտի համոզել, որ երկրում պետք է քայլեր ձեռնարկել հասարակական վստահության, քաղաքական, սոցիալ- տնտեսական, մշակութային եւ մյուս խնդիրները լուծելու համար։
Միակ խորհրդարանական խմբակցությունը, որին համոզել պետք չէ, ՀՅԴ- ն է։ Նա ակտիվորեն կողմ է սահմանադրական փոփոխություններին եւ կրկին խոսում է կառավարման խորհրդարանական ձեւին անցնելու մասին։

«Ես դեռևս լավ չեմ պատկերացնում, թե առաջարկվող մոդելն (խորհրդարանական. խմբ.) ինչպես է անվերապահորեն երաշխավորելու երկու կարևորագույն բաղադրիչ՝ երկրի արտաքին և ներքին անվտանգությունը և կառավարման համակարգի կայունությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը մարտի 13- ին, նույն ելույթում նշելով նաեւ, որ «Վենետիկի հանձնաժողովը ևս գտնում է, որ կառավարման խորհրդարանական համակարգը կարող է ամրապնդել ժողովրդավարությունը Հայաստանում»։

Նկատի ունենալով իշխանությունների Սահմանադրության նկատմամբ, ինչպես դասականը կասեր, արգահատական վերաբերմունքը, կառավարման մոդելի շուրջ խոսակցությունները «քաղաքական բանավեճի» պատրանք են ստեղծում։ Երբ գրեթե ամեն օր տեսնում ես, թե ինչպես են իշխանությունն ու պետական մարմինները ոտնահարում Սահմանադրությունն ու երկրի օրենքները, ապա դժվար թե կառավարման ինչ-որ մոդել կարող է փոխել իշխանության գիտակցությունը, որն էլ պայմանավորում է մեր ներկա կեցությունը։
Իսկ խորհրդարանակա՞ն, թե նախագահակա՞ն երկընտրանքն էլ կարելի է գտնել համաշխարհային օրինակում։ Կարող ենք կամ լինել խորհրդարանական երկիր Հյուսիսային Կորեայի նման, որտեղ Գերագույն ժողովրդական ժողովն ըստ այս երկրի Սահմանադրության ունի շատ լուրջ, բայց լոկ պատրանքային իշխանություն, կամ նախագահական երկիր Նիգերիայի նման, որտեղ երկրի նախագահն այդպես էլ չի կարողանում ներքին եւ արտաքին անվտանգությունն ապահովել արդեն տասնյակ տարիներ։ Սակայն կարող ենք նաեւ պահպանել ներկա կիսանախագահական, կիսախորհրդարանական մոդելը՝ նախապատվությունը տալով ներկա կիսապետությանը։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները