Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Սահմանադրական փոփոխությունների մեկնարկը տրված է

Սահմանադրական փոփոխությունների մեկնարկը տրված է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին հավանություն է տվել մասնագիտական հանձնաժողովի կողմից ներկայացված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին: Ըստ ժամանակացույցի՝ հանձնաժողովը պետք է 10 ամսվա ընթացքում ավարտին կհասցնի նախագծի մշակումը և այն կներկայացվի խորհրդարանի քննարկմանը: Մասնագիտական հանձնաժողովի առջև նաև խնդիր է դրվել նախագծի մշակմանը զուգընթաց քննարկումներ կազմակերպել քաղաքական կուսակցությունների հետ և ամփոփել նրանց ներկայացրած առաջարկություններն ու դիտողությունները:

Մինչ այդ Սերժ Սարգսյանը հանդիպել էր մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ և ներկայացրել մշակված փաստաթղթի վերաբերյալ իր տեսակետը: Հանրապետության նախագահը նշել էր, որ հայեցակարգն առաջադիմական փաստաթուղթ է և դրա իրացումն իսկապես կարող է նոր հնարավորություններ ապահովել Հայաստանի հետագա ժողովրդավարական զարգացման համար, ընդգծել էր փոփոխությունների վերաբերյալ ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, թե կառավարման խորհրդարանական համակարգը կարող է Հայաստանում ամրապնդել ժողովրդավարությունը:

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների առանցքում կառավարման մոդելի փոփոխության հարցն է. առաջարկվում է գործող կիսանախագահական համակարգից անցում կատարել խորհրդարանականի: Ս.Սարգսյանը խոսել էր նաև իր մտահոգությունների մասին. «Ես դեռ լավ չեմ պատկերացնում, թե առաջարկվող մոդելն ինչպես է անվերապահորեն երաշխավորելու երկու կարևորագույն բաղադրիչ` երկրի արտաքին ու ներքին անվտանգությունն ու կառավարման համակարգի կայունությունը, ինչն, իմ կարծիքով, ապահովված է կառավարման գործող մոդելի պայմաններում»:

Ս.Սարգսյանի այս դիտարկումը հավանական դարձրեց 2 նախագծի մշակման հնարավորությունը. դրանցից մեկով հանձնաժողովը գործող կառավարման համակարգի կատարելագործում, մյուսով՝ խորհրդարանական համակարգին անցում կառաջարկի:

Սերժ Սարգսյանը ցանկանում է լայն կոնսոլիդացիա ապահովել

ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովը, ՀՀ իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք հայտնելով, կարևոր է համարել գործընթացի շուրջ քաղաքական ուժերի լայն կոնսոլիդացիան: Խորհրդարանական ոչ իշխանական բոլոր ուժերը՝ ՀԱԿ-ը, «Բարգավաճ Հայաստանը», «Ժառանգությունն» ու «Օրինաց երկիրը», մինչ նախագահի նախաձեռնած քաղաքական քննարկումները, ակտիվորեն քննադատել են սահմանադրական բարեփոխումների առաջարկը և մերժել բովանդակային քննարկումները` համարելով, թե իշխանություններն այդ փոփոխությունները նախաձեռնում են վերարտադրվելու համար: Սահմանադրական բարեփոխումների խորհրդարանական ոչ իշխանական ուժերից կողմ էր միայն ՀՅԴ-ն:

Քաղաքական կոնսոլիդացիան ապահովված է

Փետրվարի 12-ին Ս.Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին ուղղված կոշտ ելույթ ունեցավ: Դրան հետևեց ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը՝ ակտիվ քաղաքականությունը թողնելու մասին: Այդ հայտարարությունից ուղիղ մեկ ամիս հետո` մարտի 12-ին, հանրապետության նախագահը քաղաքական հանդիպումների շարք նախաձեռնեց: Մեկ օրվա ընթացքում Սերժ Սարգսյանը հանդիպեց յոթ քաղաքական ուժերի` ՀՅԴ, ԲՀԿ, ՕԵԿ, ՄԱԿ, ՀՀՇ, «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ղեկավարների հետ: «Հանդիպումների ժամանակ որևէ քաղաքական ուժ առարկություն չի ունեցել հայեցակարգի վերաբերյալ»,- քննարկումներից հետո ասել էր Ս.Սարգսյանը` անհրաժեշտ համարելով քաղաքական ուժերի հետ մշակել մասնագիտական քննարկումներն ապահովող արդյունավետ ձևաչափ:

Ի՞նչ են քննարկել կուսակցությունները Ս.Սարգսյանի հետ

Ս.Սարգսյանի հետ հանդիպած և ոչ մի կուսակցության ներկայացուցիչ հանգամանորեն չներկայացրեց, թե ինչ քննարկումներ են ունեցել: Ավելին` «Ժառանգություն» կուսակցությունում այդ հանդիպման պատճառով անգամ կռիվ ընկավ: Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, հանրապետության նախագահի հետ իր կուսակիցներ Արմեն Մարտիրոսյանի և Ռուբիկ Հակոբյանի հանդիմանն անդրադառնալով, նկատել էր՝ «հավանաբար, գնացել էին որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ»՝ ավելացնելով, թե կուսակցությունում դեմ են եղել այդ հանդիպմանը:

Արմեն Մարտիրոսյանը պարզաբանել էր, թե գնացել էին ներկայացնելու սահմանադրական փոփոխությունների արդյունքում հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու, ընտրություններից հետո ընտրողների ցուցակները հրապարակելու և ընդդիմությանը վերահսկողական լծակներով ապահովելու պահանջները:

«Մեր մտահոգություններն ու դիրքորոշումները թե հրապարակավ, թե նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտնել ենք»,- հանդիպումից հետո հայտարարել էր ԲՀԿ մամլո խոսնակ Վահան Բաբայանը` առանց մանրամասնելու, թե խոսքն ինչի մասին է:

«Մենք պատրաստակամություն ենք հայտնել քննարկել այդ փոփոխությունների հայեցակարգը և անհրաժեշտության դեպքում մասնակցել այդ աշխատանքային խմբի աշխատանքներին: Նախագահի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել ենք, որ մենք կառավարման որևէ համակարգի ֆանատներ չենք` բերելով դրական ու բացասական օրինակներ թե նախագահական, թե խորհրդարանական կառավարման համակարգերի հետ կապված»,- Parliamenmonitoring.am-ի հետ զրույցում ասաց ՄԱԿ կուսակցության նախագահ, բայց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

Մյուս կուսակցությունները որևէ հայտարարություն չեն արել, թե ինչ են քննարկել նախագահի հետ հանդիպումների ժամանակ:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները