Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Գազային հանձնաժողովն օրինական է գնահատում 305 մլն դոլար պարտքի ձևավորումը

Գազային հանձնաժողովն օրինական է գնահատում 305 մլն դոլար պարտքի ձևավորումը

««ՀայՌուսգազարդ» ընկերության պարտքի ձևավորումն օրինական է, տնտեսապես հիմնավորված և ունի պայմանագրային հիմք»,- Ազգային ժողովի մարտի 26-ի նիստում հայտարարեց ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ ներկայացնելով հանձնաժողովի զեկույցը:

Հանձնաժողովը ստեղծվել էր 2014թ. փետրվարին, հայ-ռուսական «գազային» համաձայնագրերի վավերացման հետքերով: Նպատակ ուներ ուսումնասիրել ու եզրակացություն ներկայացնել ՌԴ-ից ՀՀ ներմուծվող գազի դիմաց կուտակված 305,4 միլիոն դոլար պարտքի ձևավորման օրինականության և չափի հիմնավորվածության, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում ՀՀ 20% բաժնեմասի գնահատման, բնական գազի այլընտրանքային ներկրման, Հայաստանի տարածքով տարանցման հնարավորությունների և այլնի վերաբերյալ: Հիշեցնենք՝ 2013թ. վերջին ՀՀ կառավարությունն այս պարտքի դիմաց ռուսական «Գազպրոմ» ընկերությանը փոխանցեց «ՀայՌուսգազարդ»՝ այժմ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունում ունեցած 20 տոկոս բաժնեմասը: Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը հայտարարում էին, որ պարտքի ձևավորումն անօրինական է, իսկ 20 տոկոս բաժնեմասն իրականում ավելին արժե, քան պարտքի չափն է:

Հանձնաժողովը պետք է գործունեության արդյունքների վերաբերյալ եզրակացությունը խորհրդարանի քննարկմանը ներկայացներ մինչև ԱԺ 5-րդ նստաշրջանի ավարտը: Սակայն հունիսին՝ միջանկյալ եզրակացության քննարկման ժամանակ, որոշվեց հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել մինչև ԱԺ 6-րդ նստաշրջանի ավարտը՝ լրացուցիչ մասնագիտական ուսումնասիրություններ կատարելու և վերջնական եզրակացությունն ավելի փաստարկված ու արժանահավատ դարձնելու նկատառումով: 6-րդ նստաշրջանն ավարտվեց, սակայն եզրակացությունն այդպես էլ չներկայացվեց:

Մոտ 100 էջից կազմված փաստաթուղթը, որոշմամբ նախատեսված ժամկետների խախտմամբ, խորհրդարանի դատին ներկայացվեց 7-րդ նստաշրջանի 3-րդ քառօրյայի վերջին նիստի ընթացքում:

Ի՞նչ է ուսումնասիրել գազային հանձնաժողովը

Գազային հանձնաժողովն ուներ չորս ենթախումբ, 12 անդամ: Նրանցից 6-ը Հանրապետական խմբակցության անդամ էին, 2-ը՝ «Բարգավաճ Հայաստան»-ի, մեկական անդամներով ներկայացված էին ՀԱԿ, «Դաշնակցություն», «Ժառանգություն» և «Օրինաց երկիր» խմբակցությունները: Հանձնաժողովն իր գործունեության մոտ մեկ տարվա ընթացքում պատկան մարմիններին է ուղարկել 55 գրություն, ստացել է 46 պատասխան, ուսումնասիրել է մոտ 200 տեղեկանք, շուրջ 6000 էջ փաստաթուղթ: Ուսումնասիրությունների արդյունքում կազմած եզրակացության մեջ հանձնաժողովն օրինական է համարել «ՀայՌուսգազարդի» պարտքը կառավարության կողմից որպես պետական պարտք ճանաչելու և մարելու որոշումը՝ նշելով, որ «պարտքը գոյացել է ՀՀ կառավարության հետ պայմանավորվածության հետևանքով»: Հանձնաժողովը օրինական է համարել նաև ՀՀ կառավարության 20 տոկոս բաժնեմասը ռուսական կողմին փոխանցելու քայլը՝ առանց մանրամասնելու, թե որքանով է համարժեք դիտարկում գնահատումը:

Եզրակացության մեջ նշվում է, որ 2011թ. հունվարի 1-ից վաճառողը իրավասու է եղել առաջարկել գների փոփոխություն, իսկ գների փոփոխությունը չհամաձայնեցնելու դեպքում իրավունք է ունեցել դադարեցնել գազի մատակարարումը: 2010թ. կնքված համաձայնագրի համաձայն՝ 01.04.2010թ.-31.03.2011թ. ժամանակաշրջանի համար ՀՀ սահմանի վրա 1000 խորանարդ մետր գազի գինը սահմանվել 180 դոլար: Դրանից հետո կնքվել է գազի թանկացման երեք լրացուցիչ համաձայնագիր, որոնց մասին հանրությունը տեղյակ չի եղել: Առաջինը կնքվել է 04.06.2011թ, որով գազի գինը սահմանվել է 210 դոլար: Հաջորդ բարձրացումը եղել է 2012թ. ապրիլի 1-ին՝ 240 դոլար, իսկ երրորդ համաձայնագրով 2013թ. ապրիլի 1-ից գազի գինը դարձել է 270 դոլար: Սակայն այդ ընթացքում «ՀայՌուսգազարդը» մատակարարվող բնական գազի համար վճարել է 180 դոլար: Թանկացման տարբերությունն էլ կազմել է վերը նշված 305,4 մլն դոլար պարտքը, որից 23,8 մլն-ը հետաձգված պարտքի համար հաշվարկված տոկոսային գումարն է:

Ոչ իշխանական ուժերը պնդում էին, որ իշխանությունները թաքցրել են գազի գնի բարձրացման իրողությունը՝ 2012թ. խորհրդարանական և 2013թ. նախագահական ընտրությունների շրջանում հանրության հնարավոր դժգոհությունը կանխելու նպատակով: Ոչ իշխանական ուժերը նաև համոզված էին, որ «ՀայՌուսգազարդ» ընկերության կողմից վերջնական սպառողին վաճառվող գազի մոտ 400 դոլար գինը չափազանց բարձր է և արդարացված չէ: Հանձնաժողովը, սակայն, այս հարցին գնահատական չի տվել և գործող սակագնի ձևավորմանն ընդհանրապես չի անդրադարձել: Այս մասով եզրակացությունն ավարտված չէ, ու չի բացառվում, որ այն ամբողջացնելու համար հանձնաժողովի գործունեության ժամկետը ևս մեկ անգամ երկարացվի:

Հատուկ կարծիքներ չկան

Հանձնաժողովի անդամները եզրակացության առնչությամբ կարող էին հատուկ կարծիք ներկայացնել, սակայն որևէ խմբակցության ներկայացուցիչ չի օգտվել որոշմամբ ընձեռված այդ հնարավորությունից: Հանձնաժողովի անդամ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը Parliamentmonitoring.am-ի հետ զրույցում նկատեց, թե Վ.Այվազյանի պնդումները հիմնված են փաստաթղթերի վրա: «Այդ պատճառով էլ դիտարկումներ կան, որոնք իրավական են, դիտարկումներ կան, որոնք տնտեսական նպատակահարմարության դաշտում են»,- ասաց պատգամավորը:

Արդյոք ԲՀԿ-ն համաձա՞յն է 305,4 մլն դոլար պարտքի և 20 տոկոս բաժնեմասի օտարման վերաբերյալ գնահատականների հետ: «Բաներ կան, համաձայն ենք, բաներ կան՝ ոչ»,- ասում է Մ.Մելքումյանը՝ ավելացնելով, թե ԲՀԿ-ն հանձնաժողովի եզրակացության առնչությամբ հատուկ կարծիք չի ներկայացնի:

ՀԱԿ խմբակցության քարտուղար, հանձնաժողովի անդամ Արամ Մանուկյանը համաձայն չէ զեկույցում առկա գնահատականների մեծ մասի հետ: «Դա խայտառակ բան է, որովհետև մենք բազմիցս փաստաթղթերով, նաև հանձնաժողովում հիմնավորել ենք և 20% բաժնեմասի վաճառքի , և մոտ 300 մլն դոլարը պարտք ձևակերպելու ապօրինի լինելը: Դա չորս ենթախմբերից մեկի բացահայտ ապօրինությունն է, որը տեղի է ունեցել Հայաստանի օրենքների և սահմանադրության խախտումով»,- ասում է Ա.Մանուկյանը: Նա, սակայն, նշում է, որ ՀԱԿ-ը հատուկ կարծիք չի ներկայացնի, բայց քննարկման ժամանակ հանդես կգա ծավալուն ելույթներով:

Նշենք նաև, որ խորհրդարանը մարտի 26-ի նիստում հասցրեց լսել միայն հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի զեկույցը: Փաստաթղթի քննարկումը կշարունակվի ապրիլի 6-ին մեկնարկող քառօրյայի ժամանակ: Եզրակացությունը քվեարկությամբ չի ընդունվելու. ԱԺ-ն քննարկելու է այն և ընդունելու է ի գիտություն:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները