Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Գազի սակագինը կարող է նվազել մոտ 25 տոկոսով

Գազի սակագինը կարող է նվազել մոտ 25 տոկոսով

«Իմ հաշվարկներով գազի սակագինը կարող է իջնել մոտ 25 տոկոսով կամ 50 դոլարով»,- ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Եզրակացության քննարկումը սկսվել էր դեռևս նախորդ քառօրյայի ավարտին՝ մարտի 26-ին: Ապրիլի 7-ին մեկնարկած քառօրյայի ընթացքում խորհրդարանը դրա քննարկմանը տրամադրեց ևս 3 օր: Հիշեցնենք՝ հանձնաժողովը ստեղծվել էր 2014թ. փետրվարին, հայ-ռուսական «գազային» համաձայնագրերի վավերացման հետքերով: Նպատակ ուներ ուսումնասիրել ու եզրակացություն ներկայացնել ՌԴ-ից ՀՀ ներմուծվող գազի դիմաց կուտակված 305,4 միլիոն դոլար պարտքի ձևավորման օրինականության և չափի հիմնավորվածության, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում ՀՀ 20% բաժնեմասի գնահատման, բնական գազի այլընտրանքային ներկրման, Հայաստանի տարածքով տարանցման հնարավորությունների, ինչպես նաև՝ սակագնի ձևավորման վերաբերյալ: Հանձնաժողովը ձևավորվել էր խորհրդարանական վեց խմբակցությունների 12 անդամներից:

««ՀայՌուսգազարդ» ընկերության պարտքի ձևավորումն օրինական է, տնտեսապես հիմնավորված և ունի պայմանագրային հիմք»,- քննարկման սկզբում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Ոչ իշխանական հինգ խմբակցությունների անդամները, սակայն, չեն ստորագրել հանձնաժողովի եզրակացության տակ: Նրանցից հատուկ կարծիք ներկայացրել է միայն «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Հանձնաժողովի անդամ Ա.Մանուկյանի խոսքով՝ գազային հանձնաժողովը ստեղծելու մասին ԱԺ որոշման համաձայն՝ ամփոփիչ եզրակացությունը հաստատելու համար պետք է նիստ հրավիրվեր, որի ժամանակ էլ պետք է հրապարակվեին հատուկ կարծիքները: Բայց քանի որ հանձնաժողովն այդ նպատակով նիստ չի հրավիրել, իրենք չէին կարող հատուկ կարծիք ներկայացնել: Ա.Մանուկյանի գնահատմամբ՝ խորհրդարանի քննարկած փաստաթուղթը չի կարող հանձնաժողովի եզրակացություն համարվել, քանի որ խորհրդարանական 6 խմբակցություններից 5-ը դրան համաձայնություն չեն տվել: Ըստ Մանուկյանի՝ այն կարող է ընդամենը տեղեկանք համարվել:

Փաստաթղթի քննարկման ժամանակ խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները դրական գնահատեցին հանձնաժողովի աշխատանքը՝ հայտարարելով, որ մեկ տարվա ուսումնասիրության արդյունքում կարևոր բացահայտումներ են արվել: Բայց հանձնաժողովի ոչ իշխանական անդամները համաձայն չէին եզրակացության մեջ առկա և հանձնաժողովի նախագահ, Հանրապետական խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի այն պնդմանը, թե «ՀայՌուսգազարդ» ընկերության պարտքի ձևավորումն օրինական է, տնտեսապես հիմնավորված և ունի պայմանագրային հիմք:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ով նաև հանձնաժողովի անդամ էր, իր հատուկ կարծիքը ներկայացրեց՝ այն պատգամավորներին բաժանելով: Դրանում նշվում է, որ «2011-2013թթ. գազի դիմաց կուտակված պարտքի ձևավորումը հակասում է ՀՀ Սահմանադրության 5-րդ և 81-րդ հոդվածներին, «Բյուջետային համակարգի մասին» և «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքներին: Ինչպես նաև՝ «ՀայՌուսգազարդ ՓԲԸ կանոնադրական կապիտալում ՀՀ ունեցած բաժնեմասի գնահատում /աուդիտ/ տեղի չի ունեցել: Խախտվել է «Պետական գույքի մասնավորեցման մասին» ՀՀ օրենքը»: «Դա սրճարանի վաճառք չէր, ռազմավարական կարևոր օբյեկտի էր: Գործարքը պետք է բերեիք մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկ, որ ԱԺ-ն ու ժողովուրդն իմանային: Բայց ճարպկությամբ հետին թվով բերում եք ԱԺ, թե օրինական է եղել: Մարդիկ հետին թվով չեն ապրում»,- իր ելույթում հայտարարեց Ռ.Հակոբյանը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը հստակ չհայտարարեց, որ 305 մլն դոլար պարտքի կուտակումն ու դրա դիմաց կառավարության 20 տոկոս բաժնեմասի օտարումը հակաօրինական է, բայց նշեց, որ իրավական ու տնտեսական խնդիրներ կան: «Կառավարությունը պետք է պահպաներ «Մասնավորեցման մասին» օրենքի բոլոր ընթացակարգերը՝ նախապատրաստում, գնահատում, աուդիտ և այլն, ինչը չի արվել»,- հայտարարեց նա: Պատգամավորի խոսքով՝ ռուսական կողմն այդ 20 տոկոսը բաժնեմասը վերցրել է այն պատճառով, որ այդպիսով ՀՀ կառավարությանը զրկի ընկերության տնօրենների խորհրդում ներկայացուցիչ ունենալու և տարին գոնե մեկ անգամ աուդիտ անցկացնելու հնարավորությունից: «Ուրեմն սա ստանդարտ գնահատման խնդիր չէ, սա միջպետական քաղաքականության խնդիր կա»,- հայտարարեց նա:

Մելքումյանը նաև ավելացրեց, թե այդ եզրակացության նման նյութ այս գումարման ԱԺ-ն դեռ չի ունեցել, և որ ԲՀԿ-ն դրա հիման վրա հարցապնդումներ և օրենսդրական նախաձեռնություններ կներկայացնի:

«Ես կցանկանայի հաշվել, թե մեր բնակիչների գրպանից որքան փող է գնում այս ընկերությանը, կամ ռազմավարական նշանակության քանի հիմնարկ ենք տվել օտար երկրներին՝ էլեկտրաէներգիա, գազ, կապ, երկաթուղի: Հետևություն է պետք անել, ընկերներ: Հնարավո՞ր է, որ օտարերկրյա այդ ընկերությունները վաղը մեզ դուրս հրավիրեն մեր երկրից»,- հայտարարեց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

«Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ հայտարարեց, թե ինքն այն պատգամավորներից է, ովքեր դեմ են եղել «ՀայՌուսգազարդ»-ում ՀՀ կառավարության 20 տոկոս բաժնեմասի հանձնմանը, սակայն համաձայն չէ իր գործընկերների հետ, թե վաճառքի պայմանագիրն օրինական չէ: «ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ միջազգային պայմանագրերն ՀՀ օրենքների նկատմամբ ունեն գերակա ուժ: Այդ տեսակետից «Մասնավորեցման մասին» օրենքը ստորադասվում է միջազգային պայմանագրին: Բայց ես համաձայն եմ իմ գործընկերների այն կարծիքների հետ, որ պայմանագիրը պատշաճ ընթացակարգով չի ընդունվել»,- ավելացրեց պատգամավորը: Անդրադառնալով եզրակացությանը՝ Ա.Մինասյանը հայտարարեց, թե այն ախտորոշիչ տեղեկատվություն է: Ախտորոշվել են համակարգում եղած թերություններն ու բացթողումները:

Ա.Մանուկյանն էլ հայտարարեց, որ ոչ միայն բաժնեմասի օտարման գործարքն է հակաօրինական, այլև ուռճացված է գազի գործող սակագինը: Պատգամավորը համոզված է, որ չհիմնավորված ծախսերի կրճատման արդյունքում հնարավոր է գազի սակագինը իջեցնել մոտ 25 տոկոսով կամ 50 դոլարով: «Այն բոլոր մտահոգությունները, որոնք հնչեցրեցին իմ ընկերները, հիմք են ասելու, որ այստեղ կա քրեական թեմա: Կարող եք ատկատ ասել կամ կոռուպցիա, դատախազությունը կարող է զբաղվել դրանով: Բայց իմ անձնական խնդիրը ոչ թե մարդկանց պատժելն է, այլ՝ հասարակությանը ցույց տալը, որ այս ուսումնասիրության արդյունքում մենք պարզել ենք, որ գազի գինը կարող է իջեցվել»,- ասաց նա:

Վ.Այվազյանն էլ հայտարարեց, թե կազմել են այնպիսի փաստաթուղթ, որը ցանկացած խմբակցության կամ անհատ պատգամավորի երկարաժամկետ աշխատելու հնարավորություն կտա:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները