Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Տարբեր նախաձեռնություններ՝ նույն եզրակացության «հետքերով»

Տարբեր նախաձեռնություններ՝ նույն եզրակացության «հետքերով»

Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները որոշել են առանձին նախաձեռնություններով ընթացք տալ գազամատակարարման ոլորտն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացություններին: Առայժմ ներկայացվել է որոշման երկու նախագիծ, բայց նախաձեռնությունները, ամենայն հավանականությամբ, այսքանով չեն սահմանափակվի:

ՀԱԿ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Գազամատակարարման բնագավառում հայտնաբերված չարաշահումների և ՀՀ-ում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող գազի սակագնի իջեցմանն ուղղված միջոցառումների մասին» որոշման նախագիծը:

Դրանով առաջարկվում է ՀՀ գազամատակարարման ոլորտի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունն ուղարկել դատախազություն՝ «դրանում տեղ գտած չարաշահումների փաստերով քրեական հետապնդում հարուցելու և մեղավորներին պատժելու նպատակով»: Նախագծի երկրորդ կետով ՀԱԿ խմբակցության պատգամավորները դիմում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ առաջարկելով ուսումնասիրել եզրակացության մեջ տեղ գտած բացթողումներն ու թերությունները և «երկշաբաթյա ժամկետում մշակել և ԱԺ-ին ներկայացնել դրանց վերացման, այդ թվում՝ սակագների նվազեցման, կորուստների կրճատման ուղղված միջոցառումների ծրագիր, ինչպես նաև այդ միջոցառումները ներառել հանձնաժողովի 2016թ. գործունեության ծրագրում»:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի խոսքով՝ նախագիծը պաշտոնապես ներկայացվել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: Ընթացակարգի համաձայն՝ այն նախ պետք է քննարկվի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, որպեսզի առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկվելու համար ստանա դրական կամ բացասական եզրակացություն: «Եթե հանձնաժողովը դրական եզրակացություն է տալիս, ուրեմն համաձայն է, որ մենք այն ուղարկենք դատախազություն: Եթե մերժում է, նշանակում է՝ միայն ես եմ չարաշահումներ հայտնաբերել»,- Parliamentmonitoring.am-ի հետ զրույցում ասաց Ա.Մանուկյանը: Նախագծին աջակցելու համար ՀԱԿ-ը, սակայն, չի դիմել որևէ խմբակցության:

ԱԺ որոշման մյուս նախագիծը ներկայացրել են «Դաշնակցություն», «Ժառանգություն» խմբակցություններն ու անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Առաջարկվում է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին վերապահել լիազորություն՝ մշտադիտարկման ենթարկելու «գազային» հանձնաժողովի եզրակացության մեջ նշված խախտումների վերացմանն ու առաջարկությունների կատարմանն ուղղված կառավարության քայլերը: Որպես համանման նախադեպ՝ հեղինակները նշում են այն որոշման նախագիծը, որով տարիներ առաջ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին հանձնարարվել էր մոնիթորինգի ենթարկել Մարտի 1-ի գործով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության առաջարկությունների իրականացման ընթացքը: «Մենք կարծում ենք, որ եթե գազամատակարարման ոլորտում որևէ բան վերանայվի, ապա դա կարող է արվել միայն այն դեպքում, երբ գործադիրը քայլեր ձեռնարկի: Իսկ գործադիրը քայլեր կձեռնարկի, երբ մենք խորհրդարանից այդ օրակարգը ձևավորենք»,- ասում է հեղինակներից Է.Մարուքյանը:

Նա, ի դեպ, կարծում է, որ պարտադիր չէ ԱԺ որոշում ընդունել և գազային հանձնաժողովի եզրակացությունն ուղարկել դատախազություն, որպեսզի դրանում առկա չարաշահումները քննության ենթարկվեն: «Եթե կան հանցագործություն պարունակող փաստեր, ապա դատախազությունը պարտավոր է դրանց ընթացք տալ: Հետևաբար` չեմ կարևորում ուղարկել-չուղարկելը»,- ասում է Է.Մարուքյանը:

ԲՀԿ-ական պատգամավոր Մ.Մելքումյանն էլ նշում է, որ դեռ չեն հասցրել ծանոթանալ գործընկերների ներկայացրած նախագծերին: Հետևաբար չեն էլ քննարկել՝ կաջակցե՞ն դրանց, թե՞ ոչ: «Բայց մենք ունենք մեր մոտեցումները, որոնք շարադրել և ուղղել ենք կառավարություն: Ելնելով գազամատակարարման հանձնաժողովի եզրակացությունից՝ մենք կառավարությանն առաջարկություններ ենք անում, թե ինչ պետք է անի, ինչ հարցեր պետք է հրատապ կերպով քննարկի»,- ասում է Մ.Մելքումյանը:

Պատգամավորի խոսքով՝ իրենք կառավարությանը կառաջարկեն գազամատակարարման համակարգում գազի կորուստների, սակագնի հաշվարկման մեթոդաբանության վերաբերյալ մշակումներ նախաձեռնել, ուսումնասիրել գազի կորուստներին ուղղված ներդրումների և ընդհանրապես ներդրումների արդյունավետությունը: «Եվ որ ամենակարևորն է, մենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեության հաշվետվողականության ավելացման ուղղությամբ օրենքի նախագիծ ենք պատրաստում: Այդ մարմինը տարին մեկ անգամ ԱԺ-ին հաշվետվություն է ներկայացնում և մի անգամ էլ՝ գործունեության ծրագիր: Մենք կառաջարկենք առնվազն կիսամյակը մեկ հանդես գալ հաշվետվությամբ: Որպեսզի հաշվետվողականության ինստիտուտը հստակ լինի, կսահմանենք, թե ինչ պետք է պարունակի հաշվետվությունը»,- ասում է Մ.Մելքումյանը:

Ընդդիմադիր խմբակցությունների հեղինակած նախաձեռնությունները կքննարկվե՞ն նիստերի դահլիճում, թե՞ ոչ ՝ կորոշվի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի առաջիկա նիստի ընթացքում:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները