Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ԱԺ ժամանակավոր հանձնաժողովներն ու մեր ժամանակավոր հիշողությունը

ԱԺ ժամանակավոր հանձնաժողովներն ու մեր ժամանակավոր հիշողությունը

Ազգային ժողովի եւս մեկ ժամանակավոր հանձնաժողով, որն ստեղծվել էր եւս մեկ աղմկահարույց գործ ուսումնասիրելու համար, ներկայացրեց իր զեկույցը։ Այս անգամ հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանի ղեկավարած հանձնաժողովն ուսումնասիրում էր ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունը։ Հանձնաժողովը պարզեց, որ ՌԴ-ից ՀՀ ներմուծվող գազի դիմաց կուտակված 305,4 միլիոն դոլար պարտքի ձևավորումն օրինական էր։

Մի կողմ թողնենք, իհարկե, թե որքանով է օրինական, երբ գործադիր իշխանությունը թաքցնում է գազի թանկացման փաստը եւ հսկայական պարտք գումարում Հայաստանի համար՝ առանց ներկայացուցչական իշխանության համաձայնության։ Ենթադրենք, որ հանկարծ ժամանակավոր հանձնաժողովը պարզեց, որ պարտքի կուտակումը օրինական չէր, ի՞նչ կլիներ։ Խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովների ուսումնասիրությունների ավանդույթը հստակ արձանագրել է, որ դրանք առ ոչինչ են։

Քաղաքակիրթ ժողովրդավարական երկրներում խորհրդարանների ամենակարեւոր գործառույթներից մեկը գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողությունն է։ ԱԺ վերահսկողական գործառույթի մասին բազմիցս խոսել է նաև parliamentmonitoring- ը։ Ժամանակավոր հանձնաժողովների այս ինստիտուտն այդ գործառույթի իրացման գործիքներից մեկն է։ Հայաստանում, սակայն, ժամանակավոր հանձնաժողովները ստեղծվում են ուսումնասիրության պատրանք ստեղծելու, նաեւ որոշ պատգամավորների PR-ն ապահովելու համար։

Գազամատակարարման այս հանձնաժողովին ստառնում է նույն ճակատագիրը։ Ճիշտ է, հանձնաժողովում ընդդիմադիր խմբակցություններ ներկայացնող անդամներն այժմ իրարից անկախ առաջարկություններով են հանդես գալիս, սակայն պարզ է, որ դրանք ավելի շատ ինքնագովազդի տարրեր են պարունակում։

Սահմանադրական բարեփոխումների շրջանում այդ փոփոխությունները պաշտպանող ուժերը, իհարկե, այստեղ կտեսնեն գործող Սահմանադրության թերություններ, կընդգծեն, որ պատճառն ընդդիմությանը ոչ բավարար լիազորություններ տրամադրելու մեջ է։ Սակայն եղել են նաև հանձնաժողովներ, որոնք ղեկավարել են ընդդիմադիր գործիչներ։ Հիշենք թեկուզ Վազգեն Մանուկյանի ղեկավարած «Կապի ոլորտում կառավարության գործունեությունն ուսումնասիրող» կամ ինչպես ընդունված էր ասել «ԱրմենՏելի» գործով հանձնաժողովի ճակատագիրը։ Հիշենք դաշնակցական Վահան Հովհաննիսյանի ղեկավարած «Օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների, վարկերի, դրամաշնորհների եւ մարդասիրական օգնությունների օգտագործման արդյունավետությունը ուսումնասիրող» կամ ինչպես ընդունված էր ասել Ջրի հանձնաժողովի ճակատագիրը։

Ընդհանրապես, ժամանակավոր հանձնաժողովների գործունեությունն այնքան անարդյունավետ է, որ աստիճանաբար մոռանում ենք Հայաստանի նորագույն պատմության մեջ այնպիսի վճռորոշ իրադարձությունների քննության համար ստեղծված հանձնաժողովների մասին, ինչպիսին, ասենք, Մարտի 1- ի՝ Սամվել Նիկոյանի ղեկավարած կամ Հոկտեմբերի 27- ի՝ Վահագն Գրիգորյանի գլխավորած ԱԺ ժամանակավոր հանձնաժողովներն էին։

Իսկ նման պատկեր ստեղծվել է շատ բնական պատճառով։ Հայաստանում ավանդաբար խորհրդարանը չի դիտարկվում որպես իշխանության մարմին։ Ու դրա մեղավորն ամենեւին էլ տասը տարին մեկ փոփոխվող սահմանադրությունները չեն, այլ նախեւառաջ պատգամավորների՝ ինքնահարգանքի եւ ընդհանրապես ԱԺ ինստիտուտի նկատմամբ հարգանքի բացակայությունը։ Իհարկե՝ կարելի է եւս մեկ անգամ փոխել Սահմանադրությունը, կարելի է էլ ավելի ընդլայնել խորհրդարանի լիազորությունները, վերջապես կարելի է խորհրդարանական կառավարման անցնել, սակայն դրանով մեր խորհրդարանի դերը Հայաստանի կառավարման համարկարգում երբեւէ չի ունենա այն հեղինակությունը, որն ունի, ասենք, ԱՄՆ Կոնգրեսը նախագահական կառավարման համակարգում։ Ու դրա պատճառն այդ երկրի ձեւավորման պահից իսկ կոնգրեսականների՝ սեփական անձի, իրենց ընտրողների եւ իրենց ներկայացրած մարմնի նկատմամբ հարգանքն է։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները