Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

300 մլն՝ ատոմակայանի 10 տարվա աշխատանքի համար

300 մլն՝ ատոմակայանի 10 տարվա աշխատանքի համար

Ազգային ժողովը ապրիլի 29-30-ը քննարկեց 2014թ. դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին» և 2015թ. փետրվարի 5-ին Մոսկվայում ստորագրված «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրերը:

Համաձայնագրերից առաջինով խորհրդարանին առաջարկվում է 10 տարով՝ մինչև 2026 թվականը, երկարաձգել ՀԱԷԿ-ի գործունեության ժամկետը (կայանի գործունեության ժամկետն ավարտվում է 2015թ. վերջին): Երկրորդ համաձայնագրով առաջարկվում է ԱԷԿ-ի աշխատանքի երկարաձգման համար անհրաժեշտ տեխնիկական զննման ու վերազինման նպատակով Ռուսաստանից ստանալ մինչև 270 միլիոն դոլար վարկային գիծ: ՌԴ-ն այդ նպատակով տրամադրելու է ևս 30 մլն դոլար դրամաշնորհ: Ընդ որում՝ դեռ պարզ չէ, թե կոնկրետ որքան գումար է անհրաժեշտ այդ աշխատանքների համար: Չի բացառվում, որ ծախսվի ավելի քիչ, քան վարկային գումարն է:

Համաձայնագրերն ԱԺ-ին ներկայացնելիս էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը հայտարարեց, այս ծրագրի յուրահատկության պատճառով իրենք չեն կարող ստույգ թիվ նշել: Այդ պատճառով էլ ոչ թե վարկ, այլ վարկային գիծ են ստանում, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան 270 մլն դոլարից քիչ գումար վերցնել: Փոխնախարարը նաև ավելացրեց, որ այդ վարկը վերցվում, իսկ ՀԱԷԿ-ի գործունեության ժամկետը երկարաձգվում է այն նպատակով, որ Հայաստանն ունենա անխափան և անվտանգ էներգամատակարարոմ, ինչը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի էներգետիկ անվտանգության համար: ՀԱԷԿ-ն ամբողջությամբ պետական բաժնեմաս ունեցող ընկերություն է և արտադրում է Հայաստանում սպառվող էլեկտրաէներգիայի մոտ 40 տոկոսը: ՀԱԷԿ-ը Հայաստանում արտադրում է ամենաէժան էլեկտրաէներիգիան:

Զննման և վերազինման աշխատանքները պետք է կատարի ռուսական «Ռոսատոմ» ընկերությունը: Նշենք, որ վարկը համարվում է արտոնյալ, ունենալու է 3 տոկոս տոկոսադրույք, իսկ մայր գումարը պետք է մարվի 10 տարվա ընթացքում: Կնքված համաձայնագրի համաձայն՝ վարկը կարող է մարվել ինչպես դոլարով, այդպես էլ ռուսական ռուբլով: Ա.Գալստյանի խոսքով՝ վարկը հետագայում ներառվելու է ՀԱԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի սակագնում՝ կվտ էլեկտրաէներգիայի համար կազմելով 2,5 դրամ:

Խորհրդարանական բոլոր խմբակցություններն անհրաժեշտ համարեցին ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումը , հայտարարեցին, որ «կողմ» են քվեարկելու այդ համաձայնագրերին՝ միաժամանակ բազմաթիվ մտահոգություններ հայտնելով:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, թե քանի որ իրականացվելիք աշխատանքի ծավալը հայտնի չէ, ապա իրավիճակի գնահատման փուլի ավարտից անմիջապես հետո հանրությանը պետք է իրազեկվի կատարված աշխատանքների մասին: «Պետք է համապատասխան հաշվետվություն ներկայացվի ուսումնասիրության արդյունքների և կատարվելիք աշխատանքների մասին, ծրագրային փաթեթ: Իսկ դա ԱԺ-ին հնարավորություն կտա վերահսկողություն իրականացնել այս վարկային միջոցների արդյունավետ օգտագործման նկատմամբ»,- նշեց Մինասյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նույնպես կարևորեց վարկային ծրագրում ԱԺ-ի վերահսկողական դերը: Ասաց, թե ԲՀԿ-ն բնավ դեմ չէ արդյունավետ վարկեր վերցնելուն և դրանք նպատակային օգտագործելուն, նշեց, որ կողմ են համաձայնագրին, բայց դեմ են, երբ այդ վարկերն օգտագործվում են աննպատակ և ցածր արդյունավետությամբ: Նա առաջարկեց էլեկտրաէներգիայի սպառման ոլորտում նույնպես կիրառել երկդրույքային սակագին, որպեսզի ձեռնարկությունների վնասը չվերաբաշխվի բնակչության վրա: Մ.Մելքումյանն իր զարմանքն արտահայտեց այն առումով, որ կառավարությունը ՀԱԷԿ-ի համար սահմանել է զրո տոկոս շահութաբերություն: «Մի տեղ, որտեղ շահութաբերություն չի պլանավորվում, ի՞նչ պետք է լինի: Գողություն: Դա հանցագործություն է բիզնեսի նկատմամբ, ինչը տեղի է ունեցել ՀԱԷԿ-ում»,- նկատեց պատգամավորը:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, կարևորելով համաձայնագրերը, մտահոգություն հայտնեց, որ Հայաստանը գալիք սերունդներին թողնում է ահռելի քանակությամբ վարկային պարտավորություններ: «Վարկեր, վարկեր, վարկեր անսահման: Ես կասեի, որ վատ բան չէ վարկերով պետությունն ուժեղացնելու, նաև այս պահի նեղ վիճակից դուրս գալու հնարավորությունը: Ինձ համար կարևոր է, թե ինչպես ենք ծախսելու այդ վարկը: Այո, մենք կողմ ենք, որ աջակցենք ՀԱԷԿ-ի գործունեության երկարացման ծրագրին: Մեզ համար ամեն ինչ է ՀԱԷԿ-ի անվտանգ և բնականոն աշխատանքը, բայց հորդորում ենք սրտացավ ծախսել այդ գումարները: Այնպես, ինչպես ձեր ընտանիքի վերցրած վարկերն եք տնօրինում»,- ասաց Հ.Բիշարյանը:

Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը կարծում է, որ Հայաստանը չի կարող գոյատևել առանց ատոմակայանի, և եթե ԱԷԿ-ի աշխատանքն ապահովելու համար սեփական ռեսուրսներ չկան, ուրեմն պետք է վարկային միջոցներ ներգրավել: Բայց նա դեմ է Հայաստանի վարած էներգետիկ այն քաղաքականությանը, որի արդյունքում ոլորտը գրեթե ամբողջությամբ հայտնվել է ռուսական կազմակերպությունների ձեռքում: «Գոնե ՀԱԷԿ-ի դեպքում կարելի էր անկախ քաղաքականություն վարել: Հնարավոր էր միջազգային դոնոր կազմակերպություններից ֆինանսներ ներգրավել և այդ աշխատանքներն անել ինքնուրույն: Ի վերջո, վերջին տարիներին միջազգային կազմակերպություններից կամ այլ երկրներից ՀԱԷԿ-ին տրամադրվել է 110 մլն դոլար, որից միայն 50 միլիոնը ԱՄՆ-ն է տվել»,- Parliamentmonitoring.am-ի հետ զրույցում հիշեցրեց Խ.Քոքոբելյանը:

Հանրապետական խմբակցության անդամ Արտակ Զաքարյանն էլ գործընկերներին բացատրում է, որ տվյալ դեպքում իրենց գործընկերը ՌԴ-ն է կամ ռուսական ընկերությունն է, քանի որ ՀԱԷԿ-ի դեպքում նրանց հետ համագործակցությունն ունի երկար տարիների պատմություն: «Այդ համագործակցության շնորհիվ է, որ մենք կարողանում ենք լուծել ատոմային էներգետիկայի բնականոն ու անվտանգ շահագործումը: Ինչ վերաբերում է պարտքի բեռին, ապա յուրաքանչյուր հարց ունի իր արժեքը: Չեմ կարծում, որ տվյալ դեպքում դա քննարկելի արժեք է, քանի որ այս պահին կշեռքի նժարին դրված է շատ ավելի մեծ հարց»,- եզրափակեց պատգամավորը:

Համաձայնագրերի քննարկումն ավարտվեց, բայց քվեարկությունը տեղի կունենա ԱԺ հաջորդ նստաշրջանի ժամանակ:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները