Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Արտահերթ նիստ ՝ հին ավանդույթներով ու նոր անակնկալներով

Արտահերթ նիստ ՝ հին ավանդույթներով ու նոր անակնկալներով

«Առաջարկվում է Քրեական օրենսգրքում և Քրեական դատավարության օրենսգրքում առաջակվող փոփոխությունների նախագծի երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում: Ես ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ այս նախագիծը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում չի քննարկվել: Ավելին՝ նիստերից մեկում մուտք է արվել, հետո մենք լուրջ առարկություններ ենք ներկայացրել, հեղինակը հետ է տարել: Հիմա բավական չէ հրատապով մտել է օրակարգ, երկրորդ ընթերցումն էլ կազմակերպում են ենք 24 ժամվա ընթացքում: Այս նախագիծը սկզբունքորեն անընդունելի է եղել հանձնաժողովի համար»,- մայիսի 5-ի ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին՝ օրակարգի հաստատման ժամանակ, հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթի օրակարգում ընդգրկված է 14 օրենսդրական փաթեթ և 5 միջազգային պայմանագիր: Համաձայնագրերից 3-ը խորհրդարանը քննարկել էր ապրիլի 27-30-ի քառօրյայի ընթացքում: Արտահերթին դրանք պարզապես քվեարկության դրվեցին: Գրեթե միաձայն՝ 100-ից ավելի «կողմ» ձայներով, խորհրդարանը վավերացրեց Հայկական ատոմային էլեկտրակայանին վերաբերող հայ-ռուսական երկու համաձայնագրերը:

Հիշեցնենք, որ համաձայնագրերից առաջինով նախատեսվում է 10 տարով՝ մինչև 2026 թվականը, երկարաձգել ՀԱԷԿ-ի գործունեության ժամկետը (կայանի գործունեության ժամկետն ավարտվում է 2015թ. վերջին): Երկրորդ համաձայնագրով առաջարկվում է ԱԷԿ-ի աշխատանքի երկարաձգման համար անհրաժեշտ տեխնիկական զննման ու վերազինման նպատակով Ռուսաստանից 270 միլիոն դոլար վարկային միջոցներ ներգրավել:

Արտահերթի օրակարգում ընդգրկված օրենսդրական փաթեթների մեծ մասը կառավարությունն առաջարկում է քննարկել հատուկ կարգով՝ քվեարկությունների 24-ժամյա ռեժիմով: Նախագծերի մի մասը օրակարգ է ընդգրկվել հրատապ կարգով՝ առանց մշտական հանձնաժողովներում քննարկվելու: Գործադիրի՝ արդեն ավանդական դարձած այս գործելաոճը հերթական անգամ հարուցեց ոչ իշխանական պատգամավորների դժգոհությունը: Այն կրկնապատկվեց հենց օրակարգային առաջին հարցի քննարկման ժամանակ, որին ԱԺ-ն տրամադրեց արտահերթի առաջին ողջ օրը:

Օրինագիծ՝ «խոպանչիներին» հարկելու մասին

Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Եկամտային հարկի մասին» և «Շահութահարկի մասին» օրենքներում և եկամտային հարկի 13 % դրույքաչափ սահմանել այն վարձու աշխատողների համար, ովքեր գործատուների հետ կնքված պայմանագրով աշխատանքներ են կատարում ՀՀ տարածքից դուրս: Խոսքը վերաբերում է շինանրարական արտագնա աշխատանքներին:

Նախագծի հիմնավորման մեջ կառավարությունը նշում է, որ հարկային փոփոխությունը կխթանի շինարարական ծառայությունների արտահանումը և լրացուցիչ մուտքեր կապահովի ՀՀ բյուջե:

Նիստերի դահլիճում նույնպես ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշեց, որ կառավարությունն այս կերպ ցանկանում է կարգավորել ու խրախուսել շինարարական աշխատանքների արտահանումը:

ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ գնահատմամբ՝ օրենսդրական փոփոխությունն ուղղակիորեն խթանում է արտագաղթը: Ըստ Հրանտ Բագրատյանի ՝ օրենսդրական փաթեթը որևէ քննադատության չի դիմանում և տնտեսագիտական կանոնների մեջ չի տեղավորվում:
«Լրջագույն օրենք ենք քննարկում՝ թեթեւամիտ ձեւով: Ռուսաստանին հարցրե՞լ եք, որ սենց օրենք եք ընդունում: Բա որ այստեղ նստածներից մեկը վերցնի ու Պուտինին նամակ գրի: Ես հոգնել եմ այդ արտասահմանյան հայ օլիգարխներից: Դրանք այս պետությունը մի օր կքանդեն»,- օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ նախաձեռնությունը որակելով որպես «խոպանչիներին» հարկելու մասին օրինագիծ:

«Որեւէ խոպանչիի սա չի վերաբերում, ի՞նչ եք բառախաղի հետեւից ընկնել, ոչ էլ քաղաքացիություն կորցնելու մասին է խոսքը: Մարդիկ խեղաթյուրում են ամբողջ օրենսդրական փաթեթի իմաստը: Պարզապես հարկային այն գործակալը, որն այնտեղ մարդիկ է տանում, այնտեղ փող մուծելու փոխարեն այստեղ թող մուծի: Լավ կլինի, որ վճարի իր երկրում, որեւէ մեկը իր ձեռքը չի բռնի ու ասի՝ մի հատ էլ ստեղ վճարի»,- հակադարձեց իշխող Հանրապետական խմբակցության անդամ Վարդան Այվազյանը` նկատելով, որ նման քայլի հնարավորություն տալիս է ԵԱՏՄ անդամակցությունը:

«Մարմնավաճառներ են ահագին Հայաստանից դուրս գալիս, փող են աշխատում: Լավ բիզնես է, գնացեք օրենք բերեք սրա համար»,- իր հերթին ավելացրեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նրա գնահատմամբ՝ կառավարությունը «հեղափոխական» քայլ է կատարում. «Դուք մարդուն ասում եք՝ ես քեզ թողնում եմ գնաս, բայց վերջում կոստյումդ էլ այստեղ հանելու ես, նոր ես գնալու»:

ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի կարծիքով՝ պարզ չէ, թե ինչ շրջանառության մասին է խոսքը, ինչ է շահելու պետական բյուջեն օրինագծերի փաթեթի ընդունումից, ինչ ռիսկերի է բախվելու: Նրա կարծիքով՝ կառավարությունը պետք է հստակ հաշվարկներ ու տեղեկատվություն ներկայացնի, ինչը չի արել:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները