Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Զգուշացեք կառավարության խոստումներից կամ հարկ մատնահետքի դիմաց

Զգուշացեք կառավարության խոստումներից կամ հարկ մատնահետքի դիմաց

2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու 2010թ. ընդունված «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքը, որով Հայաստանում ներդրվելու է նոր հարկատեսակ՝ միասնական եկամտային հարկը, որը փոխարինելու է  գործող պարտադիր սոցիալական ապահովության վճարին և եկամտահարկին: ԱԺ ներկայացրած օրինագծի  հիմնավորման մեջ կառավարությունը նշել էր այն նպատակները, որոնք  պետք է  լուծի այս օրենքը.

-կրճատել հարկ վճարողների կողմից ներկայացվող հաշվետվությունների քանակը,

-միասնականացնել եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման եւ վճարման ժամկետներն ու մեթոդները,

-բարենպաստ օրենսդրական դաշտ ստեղծել ՀՀ-ում  ընթացող  կենսաթոշակային բարեփոխումների համար:

Փորձենք կետ առ կետ քննության առնել նշված նպատակները:

Դեռեւս 2009 թվականից  եկամտահարկի եւ պարտադիր սոցվճարների ժամկետները նույնականացվել են (հաջորդող ամսվա 20- ը), նաեւ ըստ  նույն թվականի հունվարի 1- ից ուժի մեջ մտած «Եկամտահարկի մասին» օրենքի փոփոխություններով աշխատավարձի եւ դրանց հավասարեցված եկամուտների մասով կիրառվում է եկամտահարկի բազայի հաշվարկման սկզբունքը։ Այսինքն՝  կառավարության արձանագրած նպատակը (տես 2- րդ կետը) արդեն երեք տարի է իրականացված է։ 2011 թվականի հունվարի 1- ից եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվետվությունները ներկայացվում են եռամսյակը մեկ։ Երկու հաշվետվություն տարեկան չորս անգամ՝ ստացվում  է ութ հաշվետվություն։

«Եկամտային հարկի» մասին նոր օրենքը սահմանում է, որ գործատուն հաշվետվություն պետք է ներկայացնի ամսական կտրվածքով՝ այսինքն 12 հաշվետվություն։ Իսկ ահա կառավարությունը նշում է, թե փորձում է կրճատել հաշվետվությունների քանակը (տես 1-ին կետը)։ Որքան էլ կառավարությունը համոզի, միևնույնն է,  12- ը 8- ից շատ է։ «Եկամտային հարկի մասին» օրենքը սահմանում է նաև, որ այս հարկի ամփոփ տվյալները լիազոր մարմնին ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային ստորագրության կիրառմամբ։ Հետաքրքիրն այն է, որ էլեկտրոնային ստորագրությունների տրամադրման եւ հաստատման կենտրոնի համար պատասխանատու Էլեկտրոնային Կառավարման Ենթակառույցների Ներդրման Գրասենյակի պաշտոնական կայքում նշված է, «որ 2013 թ հունվարի 1- ից բոլոր գործատուները պետք է ձեռք բերեն նույնականացման քարտ եւ էլեկտրոնային ստորագրություն՝ էլեկտրոնային եղանակով եկամտահարկի հաշվետվությունները ներկայացնեու համար՝ համաձայն «Եկամտային հարկի մասին» նոր օրենքի»։  

Իսկ ահա  «Նույնականացման քարտերի մասին» օրենքի 3- րդ հոդվածը սահմանում է, որ այդ քարտը տրամադրվում է կամավոր։ Այսինքն,  չնայած օրենքի այս ձեւակերպմանը, «Եկամտային հարկի մասին» օրենքի պահանջները կատարելու համար գործատուն պարտավոր էստանալ նույնականացման քարտ։ Իսկ այդ քարտն ստանալու համար նա պետք է ոստիկանությունում հանձնի աջ եւ ձախ ձեռքերի ցուցամատերի մատնանդրոշմները։ Ավելին՝ նույնականացման քարտ եւ էլեկտրոնային ստորագրություն ունենալը դեռ բավարար պահանջ չէ էլեկտրոնային հաշվետվություն ներկայացնելու համար, քանի որ անհրաժեշտ է ձեռք բերել նույնականացման քարտը ճանաչող հատուկ սարք 8- 10 հազար դրամ արժողությամբ։ Այսինքն,  նոր օրենքով սահմանված էլեկտրոնային հաշվետվություն հանձնելու համար պետք է
  • ոստիկանությունում հանձնել մատնադրոշմներ,
  • 8-10 դրամ վճարել նույնականացման քարտը ճանաչող հատուկ սարք ձեռք բերելու համար,
  • հանձնել ավելի շատ հաշվետվություններ, քան նախատեսված է մինչեւ այժմ։
Հակառակ կառավարության այն հայտարարություններին, թե  օրենքի կիրառմամբ հարկային բեռը չի ավելանա, իրականությունն այլ բան է հուշում։ Նոր օրենքով այլեւս հարկվելու է աշխատանքից ազատման դեպքում վճարվող արձակման նպաստը,  էապես նվազելու են  նաեւ ժամանակավոր անաշխատունակության (այդ թվում հղիության) նպաստների չափերը։ Օրենքի կիրառման արդյունքում մինչեւ 116 հազար դրամ աշխատավարձ ստացողի նպաստը 2013 թ. հունվարի 1-ից  կպակասի առնվազն 20 տոկոսով։ Ցանկացած օրենք ինչ- որ նպատակ  հետապնդում է։ Թե ինչ նպատակներ է հետապնդում «Եկամտային հարկի մասին» օրենքը , կարելի է միայն ենթադրել,  քանի որ կառավարության բարձրաձայնած նպատակներից և ոչ մեկին այն  չի համապատասխանում։


Փայլակ Թադևոսյան
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները