Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ՕԵԿ-ի ընդդիմության մեկ տարին

ՕԵԿ-ի ընդդիմության մեկ տարին

2014 թվականի ապրիլի 13-ին Հովիկ Աբրահամյանը նշանակվեց վարչապետ: ՕԵԿ-ականները այդ օրերին չէին թաքցնում կուսակցական նեղացվածությունը. հերթական անգամ չէր իրականացել Արթուր Բաղդասարյանի՝ վարչապետ դառնալու ցանկությունը: Մի քանի օր անց, ապրիլի 28-ին, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ կուսակցությունը դառնում է ընդդիմություն, իսկ Արթուր Բաղդասարյանը հրաժարվեց Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Այս իրադարձություններից անցել է ավելի քանի 1 տարի. ինչպես է փոխվել ՕԵԿ-ի կեցվածքը՝ ընդդիմադիր դառնալուց հետո:

ՕԵԿ-ը մնաց առանց մեծամասնականի

ՕԵԿ-ի՝ ընդդիմադիր դառնալուն պես խմբակցությունը լքեց Կարեն Բոթոյանը: Նա ՕԵԿ միակ պատգամավորն էր, ով ընտրվել էր մեծամասնական ընտրակարգով: ՕԵԿ-ը, սակայն, այս կորուստը այնքան էլ ծանր չտարավ, քանի որ լքվելու դառը փորձառություն արդեն ունեցել էր. 2006թ-ին, երբ կուսակցությունը թողեց կոալիցիան, գրեթե բոլոր գործարար պատգամավորները դուրս եկան ՕԵԿ խմբակցությունից:

ՕԵԿ-ին սպասող չկար

ՕԵԿ-ը ՀՀԿ-ից հրաժարվեց, երբ ոչ իշխանական քառյակը իր գործունեության գագաթնակետին էր. միասնական նախաձեռնություններ էին հեղինակում, ստորագրահավաքներ կազմակերպում և նիստեր բոյկոտում, նաև՝ պարբերաբար հայտարարում իշխանությունը փոխելու մասին: Մշտապես ՀՀԿ-ի կցորդ ընկալված ՕԵԿ-ին քառյակում չէին սպասում, բայց առաջնորդվեցին «ով մեր դեմ չէ, մեզ հետ է» սկզբունքով, ու միասնական նախաձեռնությունների տակ հայտնվեց ՕԵԿ-ի ստորագրությունը ևս: Ավելի ուշ, երբ ՀՅԴ-ն դուրս եկավ քառյակից, ՕԵԿ-ը 1-2 անգամ հասցրեց մասնակցել նաև նրանց նիստերին՝ ոչ պաշտոնապես դառնալով չորրորդ կողմ:

ԲՀԿ-ն ՕԵԿ-ին չի հասնի

ԲՀԿ-ի հետ տեղի ունեցած հայտնի դեպքերից, ԲՀԿ-ի՝ իրեն ընդդիմություն հայտարարելուց հետո ՕԵԿ-ը բաց չթողեց չարախնդալու հնարավորությունը: Այս երկու կուսակցությունների լիդերներին համեմատողներին ՕԵԿ-ականները հիշեցնում էին, թե իրենց առաջնորդը ժամանակին թողեց ԱԺ նախագահի պաշտոնը՝ չհրաժարվելով իր սկզբունքներից ու պայքարից, ի տարբերություն Ծառուկյանի, ով հրաժարվեց պայքարից փակ հանդիպումների արդյունքում: Շատ չանցած՝ լուրեր տարածվեցին, թե ԲՀԿ-ից դուրս եկածներից շատերը, նաև պատգամավորներ, ՕԵԿ-ին անդամագրվելու ցանկություն են հայտնել: ՕԵԿ-ականները այս լուրերը հաստատեցին՝ հրաժարվելով անուններ նշելուց:

Հեռուստաընկերություն՝ ընդդիմադիր ՕԵԿ-ին

Ընդդիմություն դառնալուց հետո «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ձեռք բերեց «Երևան Հ/Ը»-ը, որը հետո դարձավ Հ3: Սա դիտարկվեց որպես ևս մեկ հաստատում այն բանի, որ ՕԵԿ-ը լինելու է վերահսկելի ընդդիմություն՝ իշխանության կողմից վերահսկվող հեռուստաեթերով: Գրեթե միաժամանակ հեռուստաընկերություն («Արարատ»Հ/Ը) տրվեց նաեւ «Հանրապետականին», բայց ինչպես պարզվեց շուտով ոչ ՀՀԿ-ն, ոչ էլ հեռուստաալիքներ ունեցող մյուս քաղաքական ուժերը՝ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, գլխի չէին ընկել, թե որն է հեռուստաալիքը կուսակցության շահերին ծառայեցնելու ամենաուղիղ ճանապարհը:

ՕԵԿ-ն սկսեց ուղիղ եթեր հեռարձակել Ազգային ժողովի բոլոր լիագումար նիստերը, ու դրան զուգահեռ խմբակցությունն սկսեց ակտիվանալ այնքան, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե խորհրդարանը չի հասցնում օրենքներ ընդունել ու պատգամավորներին հորդորեց խոսել կոնկետ ու հակիրճ: Բայց ԱԺ նախագահի հորդորին ՕԵԿ-ականները ականջալուր չեղան: ԱԺ վերջին քառօրյայի ընթացքում նրանք հարցեր ունեին գրեթե բոլոր նախագծերի վերաբերյալ, ելույթներ էին ունենում գրեթե բոլոր հարցերի շուրջ՝ բացատրելով, որ հարց տալու համար սահմանված 3 րոպեն բավարար չէ իրենց դիրքորոշումը ամբողջությամբ հայտնելու համար:

Ավելի վաղ, սակայն, երբ կուսակցությունը դեռ կոալիցիայի անդամ էր ու չուներ ԱԺ նիստերը հեռարձակող իր հեռուստաալիքը, այդ ժամանակը միանգամայն բավարար էր: Այս գումարման 3-րդ նստաշրջանում, օրինակ, ըստ Parliamentmonitoring.am-ի տվյալների՝ խմբակցության բոլոր 6 անդամները միասին ունեցել են ընդամենը 15 ելույթ և տվել ընդամենը 9 հարց, ընթացիկ 7-րդ նստաշրջանում հարցերի թիվը ավելացել է 4 անգամ՝ դառնալով 36, իսկ ելույթները ավելի քան կրկնապատկվել են, մինչդեռ նստաշրջանը դեռ չի ավարտվել:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները