Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Քաղաքական մտքի փոխազդեցությունները

Քաղաքական մտքի փոխազդեցությունները

Կամ արդյո՞ք քննարկումների վայր է խորհրդարանը

Խորհրդային Միությունում ողջ իշխանությունը պատկանում էր սովետներին (իմա. խորհրդարանին), սակայն իր 70+ ամյա պատմության մեջ այս երկրում խորհրդարանն ամենեւին քննարկումների վայր չէր։ Մոսկվայից սկսած, ավարտված գավառներով կամ պրովինցիայով, ինչպիսին էր նաեւ Խորհրադային Հայաստանը, Գերագույն, ապա եւ տեղական սովետներում դեպուտատները նախօրոք ստանում էին գրված եւ կուսկոմներում հաստատված ելույթները, կարդում նստաշրջաններում եւ դա կոչվում էր խորհրդային պառլամենտարիզմ։

Եվ ահա այս պայմաններում, երբ քաղաքական, ու ոչ միայն, նորաձեւությունը Մոսկվան էր պարտադրում, Ղարաբաղյան շարժման համաժողովրդական ալիքի պայմաններում ՀՍՍՀ Գերագույն սովետի 1988-ի հունիսյան նստաշրջանում սկսվեցին ԽՍՀՄ տարածքում առաջին քաղաքական քննարկումները։ Սա, ըստ էության, դեպի անկախություն Հայաստանի առաջին քայլն էր՝ արեւն այլեւս մեզ համար Կրեմլից չէր ծագում։

Հետո այդ քննարկումներն այնքան սովորական դարձան, որ որեւէ մեկը չէր կարող պատկերացնել պատգամավորին ամբիոնի մոտ թղթով ելույթ ունենալիս։ Անկախությունից հետո Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդն արդեն իրական քննարկումների, բանավեճերի, հաճախ նաեւ բանակռիվների իրական վայր էր։ Քննարկումների ազդեցությունն այնքան մեծ էր, որ անգամ հայկական պառլամենտարիզմի գարնան ավարտից հետո, երբ 1995 թ. ձեւավորվեց առաջին գումարման Ազգային ժողովը, այնտեղ եւս տեղի էին ունենում բուռն քննարկումներ՝ քաղաքական առումով   զիջելով  Գերագույն խորհրդին։ 

Հետխորհրդային հանրապետություններում իշխանության մոտ կանգնածներին, որոնք հիմնականում սովետական նոմենկլատուրայի ներկայացուցիչներն ու նրանց ժառանգներն են, պառլամենտարիզմի նման մոտեցումները խորթ են։ Եվ պատահական չէր, որ ժամանակին Ռուսաստանի Պետդումայի նախագահ Բորիս Գռիզլովի հայտարարությունը, թե «խորհրդարանը բանավեճի տեղ չէ», հարուցեց մտածող մարդկանց հեգնանքը, ծիծաղը, նաեւ սատիրան։ Սակայն սովետական նոմենկլատուրայի ներկայացուցիչների համար անհասկանալի էր այս հեգնանքը, ծիծաղը, նաեւ սատիրան։

Իսկ Մոսկվան, որը քաղաքական, ու ոչ միայն, նորաձեւության թելադրողն էր, այսօր էլ փորձում է իր ազդեցության տարածքում վերականգնել այդ դերը։ Ու կարծես, հաջողում է։ Անցած քառօրյայի սկզբին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանելով Նաիրա Զոհրաբյանի հարցին, հետաքրքիր միտք արտահայտեց. «Անցած չորսօրյա նիստերում մենք հիմնականում մեկ խնդիր ենք քննարկել եւ որեւէ հարց չենք կարողացել քննարկել... առավել եւս մենք օրենսդրական աշխատանքում բավականին հետ ենք մնացել... »։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի խոսքից ստացվում է, որ խորհրդարանն օրենսդրական աշխատանքում թերանում է, քանի որ այնտեղ քննարկումնե՞ր են ընթանում։  Ահա եւ... դարձ ի շրջանս յուր։

Հայաստանի Ազգային ժողովի օրենսդրական աշխատանքի հիմնական ծավալն իրականացվում է կառավարությունում՝ գործադիրն է հիմնական օրենքների հեղինակը։ Ավելին՝ եթե նայենք թեկուզ այս նստաշրջանի մինչ այժմ ընդունած օրենքների վիճակագրությունը, ապա կտեսնենք, որ օրենսդրական աշխատանքում առաջին տեղում տնտեսական ոլորտն է՝ 13։33% հարկային, 6,67% տնտեսական, 3% բյուջետային ոլորտներին առնչվող օրենքների ընդունմամբ։ Երկրորդ տեղում՝ պետաիրավականն է՝ 20%։ Նույն առաջնահերթություններն են նաեւ նախորդ նստաշրջաններում եւ գումարումներում։

Այսինքն՝ ԱԺ գոյության 20 տարիների ընթացքում Հայաստանում իշխանությունն այդպես էլ չի կարողացել պետաիրավական եւ տնտեսական այնպիսի կայուն միջավայր ստեղծել, որ ամեն նստաշրջանում մի քանի տասնյակի հասնող օրենսդրական փոփոխություններով հերթական անգամ տհաճ անակնկալներ չմատուցի, նաեւառաջ, գործարարներին, որոնք ստիպված են ամեն անգամ աշխատել համակերպվել նոր տնտեսական օրենսդրությանը՝ չհասցնելով «մարսել» նախկինը։ Այսինքն՝ կառավարությունն ու խորհրդարանն այդպես էլ չեն կարողանում իրենց աշխատանքում ձեւակերպել, թե ինչպիսի Հայաստտան են իրենք ցանկանում կառուցել։ Եվ այդպես 20 տարի շարունակ։

Ու նման պայմաններում, երբ ԱԺ- ն ընդունում է այն օրենքները, որոնք պարտադրում է կառավարությունը, մերժում է այն օրինագծերը, որ կառավարության սրտով չէ, չի կարողանում կառավարության գործունեության վերահսկողություն իրականացնել, քննարկումները միակ բանն են, որ ՀՀ ԱԺ-ն դեռ խորհրդարան են հիշեցնում։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները