Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Սահմանադրական փոփոխություններն ու ցանկալի կոնսոլիդացիան

Սահմանադրական փոփոխություններն ու ցանկալի կոնսոլիդացիան

Մայիսի 5-ին լրացավ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քաղաքական ուժերի կողմից առաջարկություններ ներկայացնելու վերջնաժամկետը: Խորհրդարանական ուժերից առաջարկություններ են ներկայացրել միայն «Դաշնակցություն» և «Օրինաց երկիր» կուսակցությունները: ՀՅԴ-ն ի սկզբանե պաշտպանել է խորհրդարանական կառավարման համակարգի ներդրման գաղափարը և իր առաջարկություններն ամիսներ առաջ է ներկայացրել: ՕԵԿ-ն իր առաջարկների՝ 5 կետից բաղկացած փաթեթը ներկայացրեց վերջնաժամկետից մի քանի օր ուշ՝ մայիսի 10-ին:

ՕԵԿ-ն այդ փաստաթղթով թեև չի կոնկրետացրել՝ կպաշտպանի՞ սահմանադրական փոփոխությունները, թե՞ ոչ, սակայն առաջարկությունները ձևակերպել է խորհրդարանական կառավարման համակարգի շրջանակներում: Մինչդեռ, հիշեցնենք, ՕԵԿ-ականները, կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ընդամենը մեկ-երկու ամիս առաջ հայտարարում էին, որ կտրականապես դեմ են խորհրդարանական կառավարման համակարգի ներդրմանը: Այդուհանդերձ, առաջարկել են այդ համակարգին անցնելու դեպքում էլ հնարավորինս ուժեղ պահել նախագահի լիազորությունները:

Ավելի ուշ իր գլխավորած «Ազատություն» կուսակցության անունից առաջարկությունների փաթեթ ներկայացրեց նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Այլ կուսակցությունների առաջարկությունների մասին հրապարակումներ դեռ հայտնի չեղան, բայց սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը նշեց, որ բացի ՕԵԿ-ից ու ՀՅԴ-ից՝ առաջարկություններ են ներկայացրել ևս մեկ տասնյակ կուսակցություններ:

Վենետիկի հանձնաժողովի պահանջներն ու կոնսոլիդացիան

Այսպիսով, եթե ոչ սահմանադրական փոփոխությունների, ապա գոնե այդ գործընթացի շուրջ քննարկումներում որոշակի կոնսոլիդացիա է ստեղծվել: Իշխող հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ մարտի 12-ին Բաղրամյան 26-ում Ս.Սարգսյանի ու մի շարք կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը, իսկ հետո մի շարք քաղաքական ուժերի կողմից առաջարկությունների ներկայացումը նշանակում է, որ սահմանադրական փոփոխությունների շուրջ կոնսոլիդացիան կայացել է: Այս մասին, նրա խոսքով, տեղյակ կպահվի Վենետիկի հանձնաժողովին, որն, ինչպես հայտնի է, սահմանադրական փոփոխությունների գործընթացում խիստ կարևորում է քաղաքական ուժերի լայն կոնսոլիդացիան:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը պատրաստվում է մշակվող նախագիծը մայիսի 18-19-ը Փարիզում քննարկել Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ: Վ.Պողոսյանի փոխանցմամբ՝ հանձնաժողովն ավարտել է Սահմանադրության առաջին երեք գլուխների մշակումը ՝ սահմանադրական կարգի հիմունքներ, մարդու հիմնական իրավունքներ, ազատություններ: Իսկ նախագահին, խորհրդարանին և կառավարությանը վերաբերող գլուխների վրա աշխատանքը դեռ շարունակվում է:

Մարտի 12-ին, հավանություն տալով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին, Սերժ Սարգսյանը խոսել էր իր որոշ մտահոգությունների մասին և ըստ էության չէր բացառել կիսանախագահական համակարգը կատարելագործելու տարբերակը: Հանձնաժողովի ընտրությունը, սակայն, կանգ է առել կառավարման խորհրդարանական մոդելի վրա: Վ.Պողոսյանը չի բացառում, որ նախագծի մեջ որոշ հարցերի շուրջ լինեն նաև այլընտրանքներ: Ըստ նրա՝ դեռ հայտնի չէ, թե նախագիծը երբ կներկայացվի հանրության դատին:

Խորհրդարանական վեց մինուս երեք-ը

Խորհրդարանական ուժերից 3-ը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» առաջարկություններ չեն ներկայացրել հանձնաժողովին: ԲՀԿ մամլո խոսնակ, պատգամավոր Վահան Բաբայանը Parliamentmonitoring.am-ի հետ զրույցում ասաց, թե առաջարկություններ կներկայացնեն այն դեպքում, եթե սահմանադրական բարեփոխումները տեղի ունենան կիսանախագահական համակարգը պահպանելու շրջանակներում: «Մեր տեսանկյունը մնում է անփոփոխ, և հանրապետության նախագահի հետ հանդիպման ժամանակ մենք դա վերահաստատել ենք: Բայց եթե խնդիրը մնում է նույն ձևաչափում, մենք այս պահին զերծ ենք մնում որևէ առաջարկով հանդես գալուց»,- ասում է Վ.Բաբայանը:

«Ժառանգություն» կուսակցությունը, մերժելով խորհրդարանական համակարգի՝ այս փուլում ներդրումը, մեկ տարի առաջ 3 առաջարկ էր ներկայացրել, որոնք այնքան էլ սահմանադրական փոփոխություններին չէին վերաբերում: Կուսակցությունը իշխանություններից պահանջում էր օրենսդրական փոփոխություններով անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգին, ապահովել ընտրություններից հետո ընտրողների ցուցակների հրապարակումը: «Եվ եթե իսկապես համախոհության մթնոլորտում ընդունվում է բարեփոխված Սահմանադրություն, պետական կառավարման համակարգը դառնում է խորհրդարանական, ապա պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ: Ս.Սարգսյանի հետ հանդիպումից հետո կար պայմանավորվածություն, որ այս առաջարկները պետք է քննարկվեն, բայց այդ առումով որևէ առաջարկ մինչ այժմ չի եղել»,- նշում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

«Բազմիցս հայտարարել ենք, որ բովանդակային քննարկման մեջ չենք մտնելու: Այս ամբողջ խաղը, քաղաքական ուժերին իրար խառնելը քողարկված ձևով Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգելու նպատակ ունի»,- ասում է սահմանադրական փոփոխությունների գործընթացը միանշանակ մերժող ուժի՝ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները