Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ԱԺ-ում պատասխանողի դերում Գևորգ Կոստանյանն էր

ԱԺ-ում պատասխանողի դերում Գևորգ Կոստանյանն էր

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կողմից նախորդ քառօրյայի ընթացքում խորհրդարանին ներկայացված հաղորդումը՝ դատախազության 2014թ. գործունեության մասին, հավակնում է նստաշրջանի ամենաերկար քննարկված փաստաթուղթը դառնալուն: Հաղորդման քննարկումը սկսվեց մայիսի 20-ին, շարունակվեց ևս մեկ օր ու մնաց անավարտ: ԱԺ-ն փաստաթղթի քննարկումը կավարտի հաջորդ՝ նստաշրջանի վերջին քառօրյայի ընթացքում:

Գլխավոր դատախազը բանավոր ընթացակարգով առաջին անգամ էր հաշվետվություն ներկայացնում խորհրդարանին: «Դատախազության մասին» և ԱԺ կանոնակարգ օրենքներում 2014-ին կատարված փոփոխությունները պարտադիր դարձրեցին հաղորդման քննարկումը նիստերի դահլիճում: Մինչ այդ հաշվետվությունը ներկայացվում էր խորհրդարանին , բայց չէր քննարկվում:

Հաղորդման թվերն ու Կոստանյանի խոստումները


Գլխավոր դատախազության 2014թ. գործունեության մասին հաղորդումը բաղկացած էր 72 էջից, պարունակում էր բազմաթիվ թվային տվյալներ հանցագործությունների, դրանց բացահայտման աճի կամ նվազման մասին: Ըստ հաղորդման՝ 2014թ. Հայաստանում գրանցվել է հանցագործության 17 546 դեպք, որը 787-ով կամ 4,3 %-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Գ.Կոստանյանը սա համարեց դրական ցուցանիշ: Ընդհանուր դեպքերի մեջ աճել են, օրինակ, մարդու նկատմամբ կամ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, նվազել են ընդհանուր բնույթի հանցագործությունները:

Գ.Կոստանյանն ԱԺ-ում հանդես եկավ ծավալուն ելույթով, հայտարարեց, որ 2013թ. գլխավոր դատախազ նշանակվելուց հետո կարևորել է գործունեության 3 ուղղություն՝ դատախազության համակարգում կոռուպցիայի և ոչ պրոֆեսիոնալիզմի դեմ անզիջում պայքարը, դատախազների քաղաքական չեզոքության ապահովումը և անպատժելիության մթնոլորտի վերացմանն ուղղված քայլերը: Նշեց, որ այս ուղղություններով կատարվել է մեծ ծավալի աշխատանք:

Գլխավոր դատախազն իր ելույթում հատուկ անդրադարձ կատարեց 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի և 2015թ. հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի նկատմամբ կատարված սպանդի քննությանը: Տեղեկացրեց, որ հասարակության մեջ առկա մտահոգությունները հաշվի առնելով և մարտիմեկյան դեպքերի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործից մահվան յուրաքանչյուր դեպքով առանձին վարույթներ են անջատել: Դրանց քննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության քննությանն անդրադառնալով՝ գլխավոր դատախազը հայտարարեց, թե ստեղծվել է աննախադեպ իրավիճակ, ինչպիսին երբեք չի եղել ոչ ՀՀ իրավապահների, ոչ էլ ՌԴ իրավապահների պրակտիկայում: Դատախազը միայն վստահեցրեց, որ նույնն են բոլորի զգացմունքները, մոտեցումներն ու ակնկալիքները:

Իսկ 2015թ. գլխավոր դատախազության հիմնական առաջնահերթությունները համարեց կոռուպցիայի և ոչ պրոֆեսիոնալիզմի դեմ պայքարը, դատախազների քաղաքական չեզոքության ապահովումը և անպատժելիության մթնոլորտի վերացմանն ուղղված քայլերը: «Նշված առաջնահերթություններից բացի՝ 2015թ. հատուկ ուշադրություն եմ դարձնելու քրեական վարույթի բոլոր մասնակիցների և, հատկապես, մեղադրյալների իրավունքների խստագույնս պահպանմանը: Պատահական չէ, որ հատուկ առանձնացնում եմ այս ոլորտը, որովհետև վստահ եմ, նկատել եք, որ վերջերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հաճախակի են դարձել Հայաստանի վերաբերյալ վճիռներով արդար դատաքննության իրավունքի խախտումների արձանագրումները: Ընդ որում՝ ոչ միայն խախտումների, այլև այնպիսի խախտումների, որոնք կարող էին ազդել կամ ազդել են գործի ելքի վրա: Ես՝ որպես գլխավոր դատախազ և նաև որպես ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, նման վճիռները համարում եմ չափազանց մտահոգիչ և համարում եմ, որ դրանք ցույց են տալիս, որ մենք մեր իրավապահ համակարգում, այս ոլորտում ունենք լրջագույն խնդիրներ»,- եզրափակեց Գ.Կոստանյանը:

ՄԻԵԴ-ից մինչև Գոհար Ենոքյան

Ազգային ժողովում Գլխավոր դատախազության հաղորդումը բովանդակային քննարկման գրեթե չարժանացավ: Պատգամավորներին հետաքրքրող հարցերը հիմնականում վերաբերում էին հասարակական հնչեղություն ստացած կոնկրետ դեպքերին ու հանցագործություններին: Դրանց շրջանակը բավական լայն էր՝ ՎՊ տարեկան հաշվետվության մեջ հիշատակվող չարաշահումների դեպքերից, էլեկտրաէներգիայի թանկացումից, Գոհար Ենոքյանի նկատմամբ հարուցված գործից մինչև ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ կայացված վճիռներ ու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով քննություն:

Առանցքային էր նաև Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի թեման: Պատգամավորներին հետաքրքրում էր, թե տարիներ շարունակ քրեական տարբեր միջադեպերի մասնակից լինելով՝ մարզպետին ու նրա ընտանիքի անդամներին ինչպես է հաջողվում անպատիժ մնալ: Գ.Կոստանյանը վստահեցրեց, թե իր համար անձը նշանակություն չունի. եթե ապացուցվի, որ մեղավոր է, պատժի կենթարկվի, իսկ եթե անմեղ է, անկախ հասարակության մեջ առկա կարծիքներից, երբեք չի պատժվի:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հակադարձեց, թե Ս.Խաչատրյանի, նրա ընտանիքի անդամների մասնակցությամբ քննվող գործերի մասին Գ.Կոստանյանի դիտարկումները արժանահավատ չեն և որ գլխավոր դատախազը ստանձնել է այդ ընտանիքի հովանավորչությունը: Պատգամավորը նկատեց, թե դատախազն իր խտրական մոտեցմամբ միջամտում է նախաքննական մարմնի գործունեությունը. «Ոչ թե արդար քննության պահանջներն ապահովելու, այլ խտրական որոշումները պաշտպանելու նպատակով»,- գտնում է Զ.Փոստանջյանը:

ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը հետաքրքրվեց, թե ինչու ընթացք չի տրվում խախտումների ու չարաշահումների վերաբերյալ ՎՊ ներկայացրած փաստերին, առավել ևս, երբ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարում է, որ որոշ գործեր ուղարկել է դատախազություն: Գ.Կոստանյանը պատասխանեց, որ դատախազությունը ՎՊ-ից որևէ հաղորդում չի ստացել, բայց իր նախաձեռնությամբ ընթացք է տվել որոշ փաստերի: Հիմք ընդունելով Վերահսկիչ պալատի 2012 եւ 2013 թվականների հաշվետվությունները՝ 2 քրեական գործ է հարուցվել՝ հավելագրված ծախսերի, չկատարված աշխատանքների, անորակ կատարված աշխատանքների ուղղություններով: Բայց դատախազությանը հետաքրքրում է նաև հարցի մյուս կողմը: «Արդյո՞ք ՎՊ անդամներն, իրենց ուսումնասիրությունները կատարելիս, սուբյեկտիվություն հանդես չեն բերել, արդյո՞ք բոլոր ուղղություններով կատարված ուսումնասիրություններն անաչառ են եղել»,- խորհրդարանում նման հարց բարձրացրեց գլխավոր դատախազը։

Ինչո՞ւ է ՄԻԵԴ-ը այդքան շատ վճիռներ կայացնում ՀՀ-ի դեմ՝ հարցը հետաքրքրում էր ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանին: Ըստ Կոստանյանի՝ վիճակը մտահոգիչ չէ այլ երկրների հետ հայաստանյան վիճակագրությունը համեմատելու , նաև ՀՀ-ից ՄԻԵԴ գնացած դիմումների և կայացված վճիռների քանակները համադրելու դեպքում:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Էլինար Վարդանյանն էլ կարծում է, որ Գլխավոր դատախազությունն այնքան արդյունավետ չի համագործակցում խորհրդարանի հետ, հակառակ դեպքում կմասնակցեր իր ղեկավարած հանձնաժողովում օմբուդսմենի զեկույցի քննարկմանը: Գ.Կոստանյանը հայտարարեց, թե կարևորում է «լսումները, սեմինարները, կլոր սեղաններն ու քառակուսի սեղանները», բայց գերադասում է առարկայական քննարկումը:«Ցավում եմ, որ ստորադասում եք խորհրդարանական լսումներն ու հանձնաժողովների նիստերը, և կարծում եք, որ այնտեղ առարկայական քննարկումներ չեն ընթանում: Դա ցույց է տալիս Ձեր վերաբերմունքն ԱԺ-ի նկատմամբ»,- հայտարարեց պատգամավորը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները