Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

2014թ. բյուջեի հիմնական ցուցանիշները չեն կատարվել

2014թ. բյուջեի հիմնական ցուցանիշները չեն կատարվել

2014թ. կառավարությունն ավելի շատ գումար է հավաքել ու ծախսել, քան նախատեսված էր 2014թ. պետական բյուեջով: Մասնավորապես, փաստացի եկամուտները նախատեսվածից ավելի են 52,9 մլրդ, ծախսերը ՝ 48.1 մլրդ միլիարդ դրամով: 2014-ին Հայաստանում գրանցվել է 3,4% տնտեսական աճ`բյուջեով նախատեսված 5,2 5%-ի փոխարեն: Կառավարությունն այս անկումը բացատրում է արտաքին պահանջարկի աճի տեմպերի դանդաղմամբ, դրամի տարեվերջյան արժեզրկմամբ և տրանսֆերտների նվազմամբ: Նախատեսված տնտեսական աճը չապահովելու պայմաններում հարկային մարմիններին ինչպե՞ս է հաջողվել նախատեսվածից ավելի շատ եկամուտներ հավաքել, արդյո՞ք տնտեսվարողները հարկային տեռորի են ենթարկվել. մայիսի 25-ին Ազգային ժողովում 2014թ. բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Գաիգիկ Խաչատրյանն այս հարցին այդպես էլ չպատասխանեց:

Իսկ անցած տարվա 3,4 տոկոս տնտեսական աճին հիմնականում նպաստել են ծառայությունների և գյուղատնտեսության ոլորտները՝ համապատասխանաբար 2,2 և 1,5 % աճով: Տարիներ շարունակ Հայաստանի տնտեսության աճի առաջատար ոլորտը՝ շինարարությունը, նախորդ տարվա ընթացքում գրանցել է ընդամենը 0,4 % աճ:

2014-ին արձանագրվել է 4,6% գնաճ։ Պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են ՀՆԱ-ի 25.3%-ը` նախորդ տարվա 25.1%-ի դիմաց, իսկ հարկային եկամուտները՝ ՀՆԱ-ի 23.5%-ը` նախորդ տարվա 23.4%-ի դիմաց: Նախորդ տարվա նկատմամբ պետական բյուջեի եկամուտների անվանական աճը կազմել է 6.9%, հարկային եկամուտների աճը` 6.3%: Իսկ ՀՆԱ-ի նկատմամբ պետական բյուջեի ծախսերի ցուցանիշը 2014թ. արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 0.6 տոկոսով կամ 95 մլրդ դրամով՝ կազմելով 27.3%:
Եվ վերջապես՝ 2014թ. Հայաստանում 1,4 տոկոսով աճել է գործազրկության ցուցանիշը՝ հասելով 17,6 տոկոսի։

Պետական պարտքը՝ հիմնական մտահոգություն

2014թ. բյուջեի կատարողականի քննարկման առաջին իսկ օրը պատգամավորների հիմնական մտահոգությունը վերաբերում էր Հայաստանի արտաքին պարտքին: Հաշվետվությունը ներկայացնելիս՝ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ 2014թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի պարտքը կազմել է 4 մլրդ 441.5 մլն դոլար: Կառավարության ներկայացուցչի խոսքով՝ սա մտահոգիչ ցուցանիշ չէ, և Հայաստանը դասվում է արտաքին պարտքի նվազ բեռ ունեցող երկրների շարքին: Այդ դեպքում որ կետից է Հայաստանի համար արտաքին պարտքը դառնում մտահոգիչ՝ հետաքրքվեցին ՕԵԿ և ԲՀԿ խմբակցությունների անդամներ Հովհաննես Մարգարյանն ու Նաիրա Զոհրաբյանը:

«Թե ինչքանով է պարտքը վտանգավոր, գնահատվում է որոշակի չափորոշիչների հիման վրա: Ընդունված է, որ երբ արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը գերազանցում է 60%-ը, այն դառնում է կառավարման ու կայունության տեսակետից ռիսկային: Մեր պարտքը դեռևս գտնվում է կառավարելի մակարդակում: Հայաստանը գնահատվում է որպես նվազ պարտքի բեռ ունեցող երկիր»,- ասաց Ա.Ջանջուղազյանը:

Հայաստանի արտաքին պարտքը դեռ չի հասել ՀՆԱ-ի 60%-ին: Կառավարությունը նշում է, որ այն կազմում է ՀՆԱ-ի մոտ 39 %-ը, իսկ Կենտրոնական բանկի հաշվարկներով այն արդեն 46.6 % է, քանի որ հաշվարկվում է արտարժութային կուրսի հիման վրա: Դոլարի արժեվորման արդյունքում պարտքի դրամային արտահայտությունը մեծացել է: ԿԲ նախագահ Արսեն Ջավադյանը նույնպես հայտարարեց, որ պարտքի չափն ամենևին մտահոգիչ չէ, եթե այն ճիշտ է կառավարվում:

«Այսինքն, եթե ֆուտբոլային տերմինալոգիայով բնութագրենք, վարկատու կազմակերպությունների կողմից դեռևս չենք հասել կարմիր քարտի ցուցանիշին: Երևի թե գտնվում ենք դեղին քարտի զգուշացման փուլում: Այդուհանդերձ, լրջագույն խնդիր է վարկային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, երբ այնտեղ հսկայական գումարներ են կազմում խորհրդատվությունները: Մենք մեր գործընկերների հետ քննարկում ենք օրենսդրական մեխանիզմների մշակման հարցը, որ վարկային ծրագրերի արդյունավետությունն այսուհետ քննարկվի խորհրդարանում, քանի որ յուրաքանչյուր վարկ մեզ մոտեցնում է արտաքին պարտքի ռիսկայնության շեմին»,- հայտարարեց Ն.Զոհրաբյանը:

Պաշտոնյաների դեդովշչինայից մինչև բյուջեում աննկատ 52,9 մլրդ դրամի փոփոխության կատարում

2014թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունն Ազգային ժողովում սկսվել է մայիսի 25-ին և կավարտվի հունիսի 2-ին: Քննարկումներն այս անգամ բավական պասիվ են ընթանում: Ոչ իշխանական ուժերից ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունները գրեթե չեն մասնակցում քննարկումներին, որոշակի ակտիվություն դրսևորում են «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» և «Դաշնակցություն» խմբակցությունները:

Ի դեպ, բյուջեի կատարողականի քննարկումները պատգամավորների նման չեն կարևորում նաև որոշ գերատեսչությունների ղեկավարներ: Օրինակ՝ Վերահսկիչ պալատի, Արտաքին գործերի նախարարի, Ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության, Երևանի քաղաքապետարանի, Սյունիքի մարզպետի և մի շարք այլ գերատեսչությունների ղեկավարների փոխարեն խորհրդարան էին եկել նրանց տեղակալները: Նրանց չներկայանալը պատգամավորները համարում են անհարգալից վերաբերմունք խորհրդարանի նկատմամբ:

«Նախորդ տարի էլ ասացի, որ տպավորություն է, թե պաշտոնյաների ու մարզպետների դեդովշչինա է գործում: Հանձնաժողովի նախագահներին եւ ԱԺ ղեկավարությանը կոչ եմ անում ապահովել համապատասխան պաշտոնյաների պատշաճ մասնակցությունը՝ հակառակ դեպքում ստացվում է, որ Հայաստանում կան առաջին եւ երկրորդ սորտի պաշտոնյաներ, եւ առաջին սորտի պաշտոնյաները այսպիսի քննարկումների չեն գալիս՝ համարելով, որ դա իրենց պատվից ցածր է»,- Երևանի քաղաքապետարանին վերաբերող քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու հեռացավ դահլիճից:

ԲՀԿ անդամ Ստեփան Մարգարյանը Parliamentmonitoring.am-ի հետ զրույցում ափսոսանք հայտնեց, որ բյուջեի կատարողականի ներկայացման գործող ձևաչափը թույլ չի տալիս խոսել ծախսերի արդյունավետության, որակական գնահատականի մասին: Ըստ նրա՝ խորհրդարանը չունի այնպիսի մեխանիզմներ, որ ստուգի, թե որքան արդյունավետ են ծախսվել բյուջեի գումարները: «Ասվում է, թե տվյալ ոլորտին հատկացված է այսքան գումար, այն ծախսվել է: Եվ չծախսելու դեպքում կարող ես ասել, որ լավ չեք աշխատել, որ չեք ծախսել: Իսկ թե ծախսելուց հետո ինչ արդյունք են ստացել, գրեթե որևէ գնահատական չկա: Միայն Վերահսկիչ պալատի հաշվետվությունն է երբեմն ասում, թե գողությոսւն է եղել, ծախսերն անարդյունավետ են եղել»,- դժգոհում է պատգամավորը:

ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը քննարկումների առաջին իսկ օրը դժգոհեց, թե 2014 թ. բյուջեում ինչու է 52,9 մլրդ դրամի փոփոխություն տեղի ունեցել, բայց այդ մասին խորհրդարանը տեղյակ չի եղել: «Բյուջեն փոփոխել են, եկամուտները նախատեսվածից 52,9 մլրդ դրամով ավելի են հավաքագրում և դրան համարժեք ծախսումներ կատարում: Իրենք ասում են, թե օրենքով ունեն նման փոփփոխություն անելու իրավունքը: Մենք էլ ասում ենք, թե ունեք, բայց դա կարող է լինել օպերատիվ միջամտության, այլ ոչ թե նման ծավալի վերաբաշխումների համար»,- բացատրում է պատգամավորը:

Ա.Մինասյանը բացասական է գնահատում 2014թ. բյուջեի կատարողականը, քանի որ չեն լուծվել ամրագրված խնդիրները: Օրինակ, չի ապահովվել նախատեսված 5,2 տոկոս տնտեսական աճը կամ չի նվազել աղքատությունը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները