Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Մեծամասնությունն ուրախ է, փոքրամասնությունը՝ հիասթափված. բյուջե 2013-ն ընդունվեց

Մեծամասնությունն ուրախ է, փոքրամասնությունը՝  հիասթափված.  բյուջե 2013-ն ընդունվեց
2013 թվականի պետական բյուջեի նախագծի քվեարկությունն անցավ այնպես, ինչպես կառավարության ներկայացրած գրեթե բոլոր նախագծերինը. մեծամասնության անդամները «բերման էին ենթարկվել» և մեկը մյուսի փոխարեն կոճակ սեղմելով՝ հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթուղթը դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ԱԺ նիստում ընդունվեց: Հանրապետական և «Օրինաց երկիր» խմբակցությունների 71 պատգամավոր կողմ քվեարկեց բյուջեի նախագծին,  դեմ էր մյուս չորս խմբակցությունների՝ նիստին ներկա  37 պատգամավոր: Բյուջեի նախագծի ընդունումն ակնհայտորեն թեթևություն պարգևեց հանրապետական պատգամավորներին, նրանք քվեարկությունից հետո  միմյանց շնորհավորում էին:

Մինչ այդ, սակայն, այս քառօրյայում շարունակված բուջեի նախագծի քննարկումների ժամանակ հիմնական զեկուցող ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ ԱԺ հանձնաժողովներից, խմբակցություններից և անհատ պատգամավորներից ստացվել է 406 առաջարկ: Դրանց հիմնական մասը վերաբերել է տարբեր ոլորտներում հատկացումներ նախատեսելուն, հատկացվող գումարները ավելացնելուն: Սակայն քննարկման արդյունքում ընդունվել է ընդամենը 67 առաջարկ, իսկ 207 առաջարկների լուծումը հնարավոր է համարվել հաջորդ տարվա բյուջեով կամ միջնաժամկետ ծրագրով: Բյուջեի վերջնական տարբերակում առաջարկվում է եկամուտները սահմանել 1 տրիլիոն 32 միլիարդ 800 միլիոն դրամ իսկ ծախսերը՝ 1 տրիլիոն 152 միլիարդ 600 միլիոն դրամ: Այսինքն, բյուջեի եկամտային և ծախսային մասերը սկզբնականի համեմատությամբ համապատասխանաբար ավելացել են 1,2 մլրդ դրամով:

Կատարված փոփոխությունները չեն փոխել ոչ կոալիցոն ուժերի դիրքորոշումները. խորհրդարանական երեք ընդդիմադիր ուժերը՝ «Ժառանգությունը», ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն, ինչպես նաև այլընտրանքային «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կարծում են, որ Բյուջե 2013-ը ժողովրդին բարեկեցիկ ապրելու հնարավորություն չի տալիս և մեծացնելու է արտագաղթի տեմպերը:

«Բյուջեն նպատակ չէ, այլ՝ միջոց մարտահրավերներին դիմակայելու համար: Եթե սոցիալ- տնտեսական զարգացման ռազմավարության մեջ  չեք առաջնորդվում զանգվածային աշխատատեղերի ստեղծմամբ, երկրի քաղաքացիներին արժանապատիվ վարձատրությամբ աշխատատեղեր ստեղծելու քաղաքականությամբ, ուրեմն քաղաքացիներից մի պահանջեք մեր պետականությանն ու իշխանություններին գովաբանելու մոտեցում: Չի լինելու էդպիսի բան: Այն առաջարկությունները որոնք ներկայացրել ենք, ցավոք, կառավարության կողմից համարժեք պատասխան չեն ստացել, և ուրեմն` անկարող ուժերին մենք ոչ ենք ասում, և մեր խմբակցությունը դեմ է քվեարկելու բյուջեին»,- Հ.Յ. Դաշնակցություն խմբակցության դիրքորոշումը ներկայացնելով հայտարարեց Արծվիկ Մինասյանը: 

ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը, ներկայացնելով իրենց դիրքորոշումը հայատարարեց, որ 40 առաջարկ են ներկայացրել, որոնց մեծ մասը, կառավարության գնահատմամբ, համահունչ է վարվող տնտեսական քաղաքականությանը, սակայն ոչ մեկը չի ընդունել: Նրա խոսքով, իշխանության կողմից ժողովրդին միտումնավոր աղքատացնելը ընդամենը հեշտությամբ վերարտադրվելու նպատակ է հետապնդում: Նախկին վարչապետն իր ելույթում դժգոհեց, որ եկամուտների մասով բյուջեում կամ ոչինչ չկա, կամ մեկ տող է գրված: Նրա մյուս մտահոգությունը վերաբերում էր բյուջեի ծախսային մասերի ոչ նպատակային բաշխմանը, մոնոպոլիզացիայի և ստվերային տնտեսության նվազեցման ուղղությամբ կատարվող ոչ բավարար քայլերին: Եվ այս ամենն արտահայտելուց հետո հայտարարեց,  որ ՀԱԿ խմբակցությունը 2013 թվականի բյուջեի նախագծին դեմ է քվեարկելու:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը երկար չխոսեց և ասաց, որ իրենց առաջարկությունները չեն ընդունվել, վերահաստատեց խմբակցության նախկին դիրքորոշումը և պնդեց, որ իրենք պետական բյուջեի նախագծին դեմ են: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այս օրերին ամբողջ կազմով չի ներկայանում ԱԺ նիստերին, քանի որ նրանց մի քանի անդամներ գտնվում են Բրյուսելում: Քվեարկությունից առաջ նույն խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ չնայած խմբակցության անդամների մի մասի բացակայությանը, ԲՀԿ-ն բյուջեի նախագծի  վերաբերյալ միասնական դիրքորոշում ունի. դեմ է առաջընթաց չապահովող փաստաթղթին: Ամենաուշագրավը ՀՀԿ խմբակցության ղեկավարի ամփոփումն էր:

Գալուստ Սահակյանն ասաց, որ կառավարությունից «նեղացած ու վիրավորված» է նաև խորհրդարանական մեծամասնությունը: Գործադիրը «ոչ» է ասել ՀՀԿ-ի այն առաջարկներին, որոնք վերաբերում էին ԱԺ ներկայացուցչական ծախսերը ավելացնելուն: Խորհրդարանական մեծամասնությունը, մասնավորապես,  կառավարությանն առաջարկում էր ավելացնել ԱԺ գործուղումների, խորհրդարանական մեքենաների ընթացիկ նորոգման, տրանսպորտային նոր միջոցների ձեռքբերման  համար նախատեսված միջոցները: «Չնայած մեզ «ոչ» ասացին, բայց  միևնույնն է՝ մենք մինչեւ վերջ պայքարելու ենք եւ ստանալու ենք այդ գումարները», - հայտարարեց Գալուստ Սահակյանը: Նաև ասաց, որ կառավարության «ոչ»-ը ՀՀԿ-ին չի խանգարում  «այո»   ասել Բյուջե 2013-ին:
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները