Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Նոր դիրքավորումներ՝ 2017թ. ընտրություններին ընդառաջ

Նոր դիրքավորումներ՝ 2017թ. ընտրություններին ընդառաջ

Մայիսի 30-ին «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնությունը կուսակցության կարգավիճակով քաղաքական դաշտ մտնելու հայտ ներկայացրեց: Նորաստեղծ կուսակցության ղեկավար մարմնի անդամ են ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը և մի շարք այլ երիտասարդ գործիչներ: Մի փոքր ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ Տիգրան Ուրիխանյանն էր ստեղծել «Ալյանս ցենտրիստական առաջադիմական» անունով կուսակցությունը: Նորաստեղծ երկու ուժերն էլ հայտարարել են, որ գործելու են ընդդիմադիր դաշտում և պատրաստվում են մասնակցել առաջիկա ընտրություններին:

Մայիսի 31-ին, նոր գործընկերներից հետ չընկնելով, հին ընկերներին անսպասելիորեն համախմբվելու կոչ արեց «Օրինաց երկիր» կուսակցությունը: Կիրակի օրը ՕԵԿ-ը ընդլայնված նիստ էր հրավիրել, որում կարևորել էր Հայաստանում «միասնական հասարակական-քաղաքական պլատֆորմի և օրակարգի» ստեղծումը: «Հաշվի առնելով երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը և նպատակ հետապնդելով վճռական քայլեր ձեռնարկել Հայաստանի անվտանգության ապահովման, պետական և հանրային կյանքի բոլոր բնագավառներում համարձակ ու ժողովրդանպաստ բարեփոխումների խորացման, պետության տնտեսական առաջընթաց զարգացման և ժողովրդավարության խորացման համար՝ ՕԵԿ-ը կարևորում է Հայաստանում միասնական հասարակական-քաղաքական պլատֆորմի և օրակարգի ստեղծումը»,- հայտարարում է ՕԵԿ-ը:

Գործընկերները չեն շտապում գնահատականներ տալ

Քաղաքական կոնսոլիդացիայի ՕԵԿ-ի կոչը, ըստ ամենայնի, հասցեագրվում է ընդդիմադիր դաշտին, քանի որ Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական ծանր վիճակի պատասխանատուն համարվում են իշխանությունները:

Խորհրդարանական ոչ իշխանական ուժերն առայժմ չեն շտապում գնահատել նոր կուսակցությունների ստեղծումն ու արձագանքել ՕԵԿ-ի առաջարկին: Նրանք ընդամենը ողջունում են նոր գործընկերների մուտքն ու կարևորում համախմբումն ընդհանրապես:

ՀԱԿ-ն, օրինակ, նախընտրում է ընդհանրապես չանդրադառնալ այս իրադարձություններին: ՕԵԿ-ի առաջարկությունն ընդունելու կամ ընդհանրապես այդ կուսակցության հետ համագործակցելու հնարավորության մասին հարցին ի պատասխան խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը միայն ասում է, թե իրենք այդ ուժի հետ խորհրդարանում ունեն «ստորագրություններ հավաքելու հաջողված փորձ», այլ հարցեր դեռևս չեն քննարկել: Իսկ նորաստեղծ կուսակցությունների մասին նա առայժմ լռում է:

«Բարեփոխում, իշխանափոխություն՝ դրանք թափառող ձևակերպումներ են: Պետք է հստակ ասել, թե ինչի մասին է խոսքը»,- ՕԵԿ-ի առաջարկի մասին ասում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ այդ կուսակցությանը կոչ անելով ճշտել իր առաջարկի սկզբունքները:

Այնուամենայնիվ Ռ.Հակոբյանը կողմ է լայն կոնսոլիդացմանը և գտնում է, որ ճիշտ քաղաքական զարգացումներ ապահովելու համար համախմբումն անհրաժեշտ է: Բայց այդ համախմբումն, ըստ նրա, չպետք է լինի որևէ մեկ ուժի առանցքի շուրջ: «Որովհետև դա արդեն բարդույթավորում է դաշտը: Պետք է նստել և միասնական օրակարգ քննարկել, և ոչ թե մեկի նախաձեռնությամբ կամ մեկի առանցքի շուրջ այն ձևավորել»,- ասում է Ռ. Հակոբյանը:

Իսկ նոր ստեղծված ուժերին նա շնորհավորում է և ավելացնում, թե քաղաքականության մեջ նույնպես սերնդափոխություն է անհրաժեշտ: «Բայց նրանց խորհուրդ կտամ ինքնահաստատման համար չքննադատել մյուսներին»,- եզրափակեց Ռ.Հակոբյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը Parliamentmonitoring.am-ի հետ զրույցում ողջունեց յուրաքանչյուր նախաձեռնություն, յուրաքանչյուր նոր կառույցի ձևավորումը: «Յուրաքանչյուր նոր ստեղծվող նախաձեռնություն պետք է գոյության իրավունք ունենա և հասարակության կողմից ընկալելիություն ունենա: Իսկ թե ինչքանով գործունակ կլինի, ես նման կանխատեսումներ չեմ անի»,- ասում է նա:

Իսկ ՕԵԿ-ի առաջարկությունն այս խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին դեժավյու է հիշեցնում: ԲՀԿ-ի՝ կոնսոլիդացիայի տապալված փորձը նկատի ունենալով՝ Ն.Զոհրաբյանը նկատում է, որ հիմնական դժվարություններն ի հայտ են գալիս կոնսոլիդացիայից հետո: «Նույնիսկ միասնական օրակարգի ձևակերպումը բավարար չէ գործընթացն ավարտին հասցնելու համար: Նման կոնսոլիդացիայի համար անհրաժեշտ է միասնական գաղափար, որի շուրջ կհամախմբվեն: Սա ասում եմ` որպես մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որն անցել է դրա միջով: Հետո գալիս են տարբեր մոտեցումները, տարբեր խնդիրները»,- ասում է Զոհրաբյանը։

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները