Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Արտահերթ նստաշրջան. լավագույն ավանդույթները շարունակվում են

Արտահերթ նստաշրջան. լավագույն ավանդույթները շարունակվում են

Վարչապետ նշանակվելուց հետո, նաև վերջին քառօրյայի կառավարություն-պատգամավորներ հարցուպատասխանի ընթացքում, Հովիկ Աբրահամյանը դարձյալ վստահեցրեց, թե ինքն ու կառավարությունը ամենայն հարգանքով ու լրջությամբ են վերաբերվում օրենսդիրի հետ հարաբերություններին, եթե անգամ ինչ-որ հանգամանքներից ելնելով խորհրդարան է գալիս ոչ թե տվյալ ոլորտի նախարարը, այլ նրա որևէ տեղակալ: Պետք էր, սակայն, սպասել ընդամենը 2-3 օր, համոզվելու համար, որ Ազգային ժողովի հիմնական՝ օրենքներ ստեղծելու գործառույթը գործադիրը այնքան էլ չի կարևորում, կամ դրանում նախևառաջ կարևորում է սեփական դերն ու նշանակությունը:

Հունիսի 8-11-ը տեղի ունեցավ 7-րդ գումարման Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի վերջին քառօրյան, ավարտին հնչեց օրհներգը, պատգամավորները միմյանց բարի հանգիստ մաղթեցին, թեպետ գիտեին՝ գործադիրը իրենցից դեռ ակնկալիքներ ունի: Կառավարության նախաձեռնությամբ հունիսի 15-ին հրավիրվեց ԱԺ արտահերթ նստաշրջան՝ բավականին հագեցած օրակարգով. 23 օրենսդրական փաթեթ, 7 միջազգային համաձայնագիր: Պատգամավորներին, սակայն, վրդովեցրեց ոչ այնքան օրակարգի բովանդակությունը, որքան այն քննարկելու և ընդունելու ընթացակարգը: Ինչպես բոլոր արտահերթերի դեպքում՝ գործադիրը այս անգամ էլ ԱԺ-ին առաջարկում էր նախագծերը ընդունել հատուկ ընթացակարգով. 24 ժամվա տարբերությամբ կազմակերպելով դրանց երկրորդ և երրորդ ընթերցումները:

ԱԺ-ն դիմադրում է

«Կառավարությունը Ազգային ժողովին պրեսսինգի տակ է պահում». այսպես բնութագրեց իրավիճակը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ նկատելով, թե սա գործադիրի կողմից իրականացվող հատուկ քաղաքականություն է, որ կիրառվում է նախագծերը արագ ու առանց լուրջ քննարկման ընդունելու նպատակով: Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը կոնկրետ օրենք էլ նշեց. Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ առաջարկող նախագիծը: Դրանում, ըստ պատգամավորի, վերջնականապես չճշտված 7-8 սկզբունքային կետ կա, 24 ժամվա ընթացքում դրանք քննարկել հնարավոր չէ, ուստի նա ԱԺ նախագահին առաջարկեց դիմել Կառավարությանը՝ այս նախագծի հարցում իր մոտեցումը վերանայելու առաջարկով: Այդպիսի 2 նախագիծ էլ ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը նշեց: Նա առանձնացրեց «Պետական պարտքի մասի» և «Ակցիզային հարկի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունների նախագծերը, որոնք բացասական ազդեցություն են ունենալու տնտեսության վրա, և հետևաբար, դրանք պետք է լուրջ քննարկման առարկա դառնան: Օրենսդրական այդ փաթեթները, Վարդան Այվազյանի տեղեկացմամբ, չէին քննարկվել նաև տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում:

Կառավարությունն առաջարկում է բարձրացնել հարկերը

Արտահերթի օրակարգում ընդգրկված նախագծերից մեկով՝ «Ակցիզային հարկի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով, կառավարությունը նախատեսում է վերանայել որոշ ապրանքների համար սահմանված դրույքաչափերը: Մասնավորապես՝ առաջարկվում է 10 %-ով բարձրացնել ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկի դրույքաչափերը:

Սա, ի դեպ, բխում է ԵՏՄ անդամակցությունից. ըստ հիմնավորման՝ նպատակը Հայաստանում և ԵՏՄ շրջանակներում գործող դրույքաչափերի ներդաշնակեցումն է: Բացի այդ՝ առաջարկվում է նոր ապրանք ներառել ակցիզային հարկով հարկվողների ցանկում, խոսքը տրանսպորտային միջոցներում որպես վառելիք օգտագործվող սեղմված բնական գազի մասին է:

«Սեղմված գազի համար առաջարկվում է կիրառել ակցիզային հարկ, ինչը նշանակում է, որ 2016 թ. հունվարի 1-ից հետո մեր քաղաքացիները ստիպված են լինելու վճարել նոր հարկ այս գազասպառման համար: Մեր հաշվարկներով ՝ մոտ 200 դրամ յուրաքանչյուր լիցքավորման դեպքում: Սա լուրջ բեռ է»,-ասում է ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա գնահատմամբ՝ փաթեթը հակազարգացումային է, քանի որ մյուս փոփոխությունը նույնպես՝ տեղական արտադրության ծխախոտի ու խմիչքների ակցիզային հարկի 10 %-ով բարձրացումը, իր հերթին հանգեցնելու է տեղական արտադրության կրճատմանը:

Պետական պարտքի փոխարեն՝ կառավարության պարտք

«Պետական պարտքի մասին» օրենքում ընդամենը մեկ բառի փոփոխություն է առաջարկվում. «պետական պարտք» կապակցությունը փոխարինել «կառավարության պարտք» բառերով: Փոքր թվացող այս փոփոխությամբ գործադիր լուրջ խնդիր է լուծում: Բանն այն է, որ օրենսդրորեն կա սահմանափակում ՝ ՀՆԱ-ի նկատմամբ 50-60 % պետական պարտքի դեպքում բյուջեի դեֆիցիտը չի կարող գերազանցել 3 %-ը, իսկ պետական պարտքի 60 %-ի և ավելիի դեպքում արգելվում է որևէ նոր պարտք ներգրավելը:

«Առաջարկի համաձայն՝ փաստորեն այս սահմանափակումներն արդեն վերաբերելու են ոչ թե ամբողջ պետական պարտքին, այլ՝ միայն կառավարության պարտքին: Իմ խորին համոզմամբ՝ կառավարությունը մանևրում է, որ կարողանա Կենտրոնական բանկի միջոցով շատ ավելի մեծ պարտքեր ներգրավել: Հավանաբար՝ տնտեսությունն այնպիսի վիճակում է, որ արտաքին լրացուցիչ ֆինանսների կարիք ունի», -ասում է Արծվիկ Մինասյանը:

Հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ՝ Բյուջե 2014-ի կատարողականի քննարկման ժամանակ կառավարության ներկայացուցիչները տարբեր ձևակերպումներով պնդում էին , որ Հայաստանի պետական պարտքը ռիսկային սահմանագծին չի հասել:

ԱԺ-ում սպասում են

Հազվադեպ է պատահում, երբ իշխող ՀՀԿ-ի պատգամավորները «ընդվզում են» կառավարության ներկայացրած օրակարգի դեմ: Սա այդ հազվադեպ դեպքերից էր, ու թերևս նաև դրա արդյունքում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խոստացավ օրակարգը թեթևացնելու շուրջ խորհրդակցել կառավարության հետ: Կառավարության արձագանքը պարզ կլինի հընթացս, նստաշրջանի աշխատանքներին զուգահեռ: Շատ հնարավոր է, որ գործադիրը, այնուամենայնիվ, որոշի ինչ-որ նախագծեր հանել օրակարգից, նախկինում այդպիսի դեպքեր եղել են: Բայց հազիվ թե երբևէ հրաժարվի օրենքների ընդունման հատուկ ընթացակարգ պարտադրելու պրակտիկայից՝ ըստ էության անպատասխան թողնելով հարցը. եթե կարելի է նախագծերը հանել արտահերթի օրակարգից, ո՞րն է դրանք այնտեղ ընդգրկելու նպատակը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները