Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ինչո՞ւ էթիկայի հանձնաժողովն այլևս դիմումներ չի ստանում

Ինչո՞ւ էթիկայի հանձնաժողովն այլևս դիմումներ չի ստանում

Հարցազրույց ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Արփինե Հովհաննիսյանի հետ:

-Էթիկայի հանձնաժողովն այս նստաշրջանի ընթացքում գերազանցեց բոլոր ռեկորդները. որևէ նիստ չգումարեց, որևէ դիմում չստացավ, հետևաբար որևէ որոշում էլ չկայացրեց: Որպես հանձնաժողովի նախագահ՝ ո՞րն է Ձեր բացատրությունը, սա արդյոք չի՞ նշանակում, որ հանձնաժողովին այլևս ոչ ոք չի վստահում:

-Ես այդպես կատեգորիկ չէի գնահատի: Կարող եմ ասել, որ շատերը խոսում են էթիկայի կանոնների խախտումների մասին, դեպքեր են մատնանշում, բայց որևէ մեկը չգիտես ինչու չի դիմում: Եվ սա այն դեպքում, երբ հանձնաժողովի գործունեության վիճակագրությունը փաստում է, որ և հանրապետական, և ոչ հանրապետական պատգամավորների նախագահության շրջանում եղել են որոշումներ հենց հանրապետական պատգամավորների մասին: Այսինքն՝ հանձնաժողովն ապացուցել է, որ կուսակցական կաշկանդվածություն չունի և ազատ է իր որոշումների մեջ:

- Այդ դեպքում, ըստ Ձեզ, ինչո՞ւ հանձնաժողովին այլևս չեն դիմում:

-Ընդունված կարծրատիպ կա, որ էթիկական պատասխանատվությունը շոշափելի չէ: Մեր ազգային հոգեբանության մեջ ընդունված է, որ պատասխանատվությունը պետք է քրեական, քաղաքացիական, վարչական, նյութական կամ կարգապահական բնույթ ունենա, այսինքն ենթադրի պատասխնատվություն, որն ուղղակիորեն առնչվում է ազատությանը, հարվածում է գրպանին կամ մեկ այլ կերպ է շոշափելիորեն արտահայտվում: Առիթներ ունեցել ենք համոզվելու սրանում, քանի որ եղել են որոշումներ, երբ հանրապետական պատգամավորի նախագահությամբ հանձնաժողովը հանրապետական պատգամավորին առնչվող որոշում է կայացրել, բայց հարց է հնչել՝ լավ, հետո՞: Այդ հետոն ենթադրում, պահանջում է շոշափելիություն:

-Հնարավո՞ր է՝ օրենսդրական առաջարկ ներկայացնեք, որ հանձնաժողովի որոշումները շոշափելի պատասխանատվություն ենթադրեն. գուցե այդ դեպքում դիմումներ ստանաք:

-Աշխարհի որևէ երկրում էթիկայի հանձնաժողովները նման լծակներ չունեն: Միջազգային փորձը ուսումնասիրելով՝ ես այլ ուղղությամբ աշխատելու անհրաժեշտություն եմ տեսնում: Էթիկայի հանձնաժողովը պետք է կարողանա գործունեություն ծավալել ոչ միայն դիմումների հիման վրա, այլ նաև՝ սեփական նախաձեռնությամբ, բոլոր այն դեպքերում, երբ կհամարի, որ էթիկայի խախտումներ կան: Այլապես, մարդիկ խոսում են, որ դիմելու կարիք կա, բայց դիմումներն այդպես էլ հանձնաժողովին չեն հասնում: Բայց այս փոփոխության համար քաղաքական կոնսենսուս է անհրաժեշտ:

-Այս նստաշրջանի ընթացքում եղե՞լ են միջադեպեր, որ նման իրավասություն ունենալու դեպքում քննության կառնեիք:

-Որպես հանձնաժողովի նախագահ զերծ կմնամ տեսակետ հայտնելուց, բայց որպես պատգամավոր կասեմ, որ, այո, եղել են իրավիճակներ, որոնցում էթիկայի կանոնների խախտում կարելի կլիներ արձանագրել: Սա իմ տեսակետն է, բայց անուններ խնդրում եմ մի պահանջեք: Սա պարզապես իմ դիտարկումն է ՝ հիմնված ԱԺ կանոնակարգ օրենքում ամրագրված կանոնների ուսումնասիրության վրա:

-Ասում եք՝ հանձնաժողովի որոշումները շոշափելի հետևանքներ չեն ունենում, դրա համար հանձնաժողովին չեն դիմում: Չե՞ք կարծում, որ հանձնաժողովն ինքն էլ ամեն ինչ անում է , որ այդ հետևանքները հնարավորինս աննկատ լինեն: Վերջին որոշումը, որը մեկ տարի առաջ է կայացվել և վերաբերում էր Առաքել Մովսիսյանին, ընդամենը բաժանվեց պատգամավորներին, մինչդեռ կարող էր ընթերցվել ԱԺ ամբիոնից, այսինքն` ավելի հրապարակայնացվեր:

-Կոնկրետ այդ որոշման կայացման շրջանում ես էթիկայի հանձնաժողովը չեմ ղեկավարել: Չեմ կարծում, որ չընթերցվելու պատճառով այդ որոշման ռեզոնանսը փոքրացել է: Հանձնաժողովի որոշումների նկատմամբ լրատվամիջոցների ուշադրությունն այնքան մեծ է, որ դրանց հրապարակայնությունը, ռեզոնանսը, որ ցանկանում ենք ստանալ, ապահովվում է: Այսինքն՝ չեմ կարծում, որ որոշումը չընթերցվեց , այդ պատճառով դրա մասին քիչ մարդ իմացավ: Խնդիրը իրականում այն պատճառների մեջ է, որոնք նշեցի. էթիկայի կանոնների խախտման համար ոչ թե վերացական, այլ շոշափելի հատուցում է ակնկալվում:

Քվեարկության պատմություն

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
0 0
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները