Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Կառավարության նախագիծը բարկացրել էր անգամ Գալուստ Սահակյանին

Կառավարության նախագիծը բարկացրել էր անգամ Գալուստ Սահակյանին

Մայիսի 19-ին՝ կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանում, Ազգային ժողովը ձայների 56 «կողմ», 38 «դեմ» և 2 «ձեռնպահ» հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը: Գործադիրն առաջարկում է 10%-ով բարձրացնել բենզինի, ծխախոտի ու ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկի դրույքաչափը, ինչպես նաև ընդլայնել ակցիզային հակով հարկվող ապրանքների ցանկը:

Առաջարկվում է տրանսպորտային միջոցների լիցքավորման համար օգտագործվող բնական սեղմած գազի համար սահմանել ակցիզային հարկ, ինչը, պատգամավորների հաշվարկով, յուրաքանչյուր լիցքավորման համար հավելյալ 200 դրամ գումար կպահանջի։ Նախատեսվում է, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2016թ. հունվարի 1-ից և 9 միլիարդ դրամ բյուջետային եկամուտ կապահովեն: Նախագիծը ներկայացվել է հատուկ ընթացակարգով՝ առաջին և երկրորդ ընթերցումները 24 ժամյա ռեժիմով կազմակերպելու առաջարկով:

Փոթորիկ անապատում

Քվեարկության նախօրեին այսպես անվանեց կառավարության ներկայացրած նախագիծը «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Կառավարության նախագիծը խորհրդարանում աննախադեպ իրավիճակ էր ստեղծել՝ ոտքի հանելով բոլորին: Պատգամավորները վրդովված էին, որ հոսանքի թանկացումը դեռ չմարսած՝ հանրությունը կանգնելու է հարկային նոր փոփոխությունների բերած թանկացման առաջ:

«Եթե դուք սեղմված գազը բերում եք ակցիզային հարկով հարկման դաշտ, իսկ այդ հարկի վճարողը սպառողն է, դուք, մի կողմից սպառողների կենսամակարդակն եք նվազեցնում, մյուս կողմից՝ ակնհայտորեն ձեզ մեղադրանք եք ներկայացնում առ այն, որ սպասարկում եք բենզինի ներկրմամբ զբաղվող անձանց շահերը»,- հայտարարեց պատգամավորը:

«Չեմ կարողանում հասկանալ, թե էս նեղ մաջալին ի՞նչ իմաստ ունի նման քայլ անել: Ասում եք՝ հավանական է չթանկանա բենզինը: Եթե 6 դրամով ակցիզային հարկը բարձրանում է , ո՞նց է հնարավոր որ չթանկանա: Կամ նույն օղու եւ ծխախոտի հետ կապված: Ես տեղական արտադրողի հետ խոսել եմ թե՛ Վանաձորում, թե՛ այստեղ: Մարդիկ ուղղակի սարսափած են, ասում են, որ առանց այդ էլ 50 %-ով շրջանառությունը նվազել է»,- ասում է Վանաձորից ընտրված պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայաննը նույնպես կարծում է, որ նախագիծը հանգեցնելու է շղթայական թանկացումների և սոցիալական դժգոհություն է առաջացնելու:

Ոտքի են կանգնել անգամ հանրապետականները

Հարկային փոփոխությունների օրինագիծը ոտքի էր հանել անգամ իշխող մեծամասնությանը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը քննարկման ժամանակ հայտարարեց, թե սա այն եզակի դեպքերից է, երբ ինքը համաձայն է ելույթների երեսուն տոկոսի հետ: Նա հորդորեց ևս մեկ անգամ լայն քննարկում ծավալել, ՀՀԿ խմբակցության անունից առաջարկեց օրինագիծն ընդունել առաջին ընթերցմամբ, իսկ երկրորդ ընթերցման քննարկումները տեղափոխել աշուն ու մանրակրկիտ քննարկել բոլոր առաջարկությունները: Դիմելով ֆինանսների փոխնախարարին՝ Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Չեմ կարծում, որ մոլորված եք, չեմ էլ կարծում, որ մոլորեցնելու ցանկություն ունեք»:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էլ դժգոհեց, թե այս փոփոխությունն անգամ չեն հասցրել քննարկել հանձնաժողովում։

«Էլեկտրաէներգիայի գինը չթանկացած, դեռ չհաշված, թե մենք աղքատության ինչ մակարդակ ենք ունենալու և ինչքան պիտի փոխհատուցում տանք, որ աղքատության շեմը չբարձրանա, հիմա էլ բերում ենք սոցիալական ամենանեղ շերտի համար գներ ենք բարձրացնում»,- վրդովվեց սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը

Խորհրդարանում նախագծի միակ պաշտպանը փոխնախարար Վարդան Միրումյանն էր: «Դա այն բարձրացումը չէ, որ կարող է գների վրա էական ազդեցություն ունենալ, հավանականությունը մեծ է, որ գների վրա առհասարակ որևէ ազդեցություն չի կարող ունենալ»,- պնդում էր փոխնախարարը՝ հավելելով, թե գործադիրը միգուցե վերանայի նախագիծը, բայց դրանից չի հրաժարվի:

Կառավարության հրատապությունը հարուցել էր անգամ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի դժգոհությունը: Նա խորհրդարանականներին ավետեց, թե գործադիրի հետ համաձայնություն է ձեռք բերել երկրորդ ընթերցման քննարկումը աշնանային նստաշրջան տեղափոխելու մասին: «Հրատապությունը ո՞րն է, որ արտահերթով բերեցիք: Կուրծք ծեծե՞լ, թե՞ ճշմարտությունն ասել, ես հակված եմ ճշմարտությունն ասել: Վաղն այս նախագիծը կքվեարկենք առաջին ընթերցմամբ»,- հայտարարեց նա:

Փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունվեցին միայն խորհրդարանական մեծամասնության կողմ ձայներով: Նախագծից դժգոհող ՀՀԿ-ի գրեթե բոլոր պատգամավորները «կողմ» քվեարկեցին: «Դեմ» էր Հակոբ Հակոբյանը, քվեարկությանը չէին մասնակցել Սամվել Ալեքսանյանը, Վարդան Այվազյանը, Մհեր Սեդրակյանը, Վրեժ Մարկոսյանը և այլոք: ՀԱԿ, «Դաշնակցություն», «Օրինաց երկիր», «Դաշնակցություն» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների մի մասը քվեարկությանը չմասնակցեց, մյուսները «դեմ» քվեարկեցին:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները