Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Քաղաքականի փոխարեն՝ քաղաքացիական

Քաղաքականի փոխարեն՝ քաղաքացիական

Հուլիսի 27-ին, մոտ 10 օր տևած բազմահազարանոց ցույցերից հետո, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցության հրավիրեց էներգետիկ ոլորտի պատասխանատուներին: Դրա ընթացքում երկրի ղեկավարը ներկայացրեց, թե ինչպես կարելի է դուրս գալ ստեղծված իրավիճակից: Այն է՝էլեկտրաէներգիայի բարձրացված սակագնի 6,93 դրամը, մինչև ՀԷՑ-ում նախատեսված աուդիտի ավարտը, սպառողի փոխարեն կվճարի ՀՀ կառավարությունը: Եթե աուդիտի արդյունքում պարզվի, որ սակագնի բարձրացումը հիմնավոր է, ապա այդ պահից սպառողները պետք է վճարեն, իսկ եթե պարզվի սակագնի ավելացման անհիմն լինելը, ապա կառավարությունը քայլեր կձեռնարկի ավելի վճարված գումարը հետ գանձելու և թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու համար: Բաղրամյան պողոտայում սա խնդրի լուծման բավարար և վերջնական տարբերակ չեն համարում: Այստեղ մտադիր են շարունակել պայքարը:

3 օր Ազատության հրապարակում, 6 օր՝ Բաղրամյան պողոտայում

«Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած բողոքի ցույցը՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, հունիսի 22-ից փակ է պահում Երևանի հիմնական քաղաքական պողոտան՝ Բաղրամյանը: Մինչ այդ, հունիսի 19-ից, նախաձեռնությունը նստացույց էր անցկացրել Ազատության հրապարակում՝ խնդրի լուծման համար նախագահին 3-օրյա վերջնաժամկետ տալով: Ցուցարարները պահանջում էին կասեցնել էլեկտրաէներգիայի սակագինը 6,93 դրամով բարձրացնելու մասին ՀԾԿՀ-ի որոշումը: Ժամկետն սպառվեց, խնդիրը մնաց չլուծված, և հունիսի 22-ին ժամը 18-ին ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի նախագահի նստավայր: Ոստիկանները, սակայն, պողոտան փակել էին, ցուցարարները կարողացան բարձրանալ ընդամենը մինչև Սահմանադրական դատարան ու գիշերեցին այնտեղ:

Ոստիկանության պարբերական զգուշացումները՝ փողոցը բացելու, հասարակական կարգը չխախտելու և չաղմկելու մասին, մնացին անպատասխան, իսկ լուսադեմին, ժամը 5-ի սահմաններում, երբ աղմուկը դադարել էր, ոստիկանները բռնությամբ, ծեծով ու ջրցան մեքենան գործի դնելով ցրեցին նստացույցը: Բերման ենթարկվեց 237 ցուցարար, նրանցից մոտ երկու տասնյակը վիրավորվել էին: Ոստիկանները դաժան ծեծի էին ենթարկել նաև նստացույցն ու իրենց գործողությունները լուսաբանող լրագրողներին, ջարդել նրանց տեսախցիկներն ու ձայնագրիչները: Բայց 23-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում ավելի շատ մարդ հավաքվեց, ու շուրջօրյա նստացույցը շարունակվեց: Ցուցարարներն այնտեղ հստակեցրին իրենց պահանջները՝ չեղարկել էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը և պատժել իրենց վրա հարձակում գործած ոստիկաններին: Նույն օրը նրանք հարակից շենքերի բակերից հավաքեցին «Սանիտեկի» մոտ 50 աղբարկղ, բարիկադներ ստեղծեցին իրենց ու ոստիկանների միջև և հաստատվեցին Բաղրամյան պողոտայում: Կազմակերպիչների ձևակերպմամբ՝ աղբարկղերի առաջին գիծը իրենց համար ստրատեգիական նշանակություն ունի. «Սանիտեկի» աշխատակիցներին հաջողվեց 2-րդ ու 3-րդ շարքերի աղբարկղերը հետ տանել:

Բաղրամյան պողոտայի քաղաքական նշանակությունը

Բաղրամյան պողոտայում են տեղակայված Հանրապետության նախագահի նստավայրն ու Ազգային ժողովը, Սահմանադրական դատարանը: Այստեղ են գտնվում մի շարք դեսպանատներ: Այս պողոտան փակելը քաղաքական մեծ նշանակություն և իշխանությունների վրա ավելի մեծ ճնշում գործադրելու ներուժ ունի: Ահա թե ինչու ցուցարարներն ընտրեցին հենց այս տարբերակը: Նստացույցի հինգերորդ օրը նրանք խստացրեցին ճնշումը և երեկոյան մեկ ժամով փակեցին նաև Մաշտոցի պողոտան:

Բաղրամյան պողոտայում նախկինում էլ բազմաթիվ երթեր ու բողոքի ակցիաներ են կազմակերպվել: 1996թ.-ին ընդդիմությունը գրոհել է Ազգային ժողովի վրա, 2004թ. ապրիլի 12-ին, դարձյալ ընդդիմության կողմից, պողոտան փակվել է և նույն օրը գիշերը բացվել՝ կրկին բռնի ուժով: Բայց այս անգամ փողոցը փակ է մոտ մեկ շաբաթ, և թերևս այս ճնշումն էր պատճառը, որ Ռուսաստանում մտահոգություններ առաջացան, թե Հայաստանում ստեղծվում են հակառուսական տրամադրություններ. ի վերջո, էլեկտրաէներգիա մատակարարող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ՌԴ սեփականությունն է:

Հուլիսի 26-ին Հայաստան ժամանեց ՌԴ տրանսպորտի նախարար, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը: ՀՀ իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու պայմանավորվածություն ձեռք բերվեց: Ռուսական կողմը նշել էր, որ ՀԷՑ-ը ճգնաժամային վիճակից դուրս բերելու համար կա հստակ ծրագիր՝ որոշակի միջոցառումներով, դրանք իրականացնելու ժամանակացույցով և անհրաժեշտ միջոցներով: Հավանաբար նաև ցուցարարների ճնշման արդյունքում էր, որ ռուսական կողմը ՀՀ Քննչական կոմիտեին փոխանցեց հունվարին ռուս զինծառայող Վալերի Պերևմյակովի կողմից Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի հետագա քննությունը: Բայց այս զարգացումները դեռ չեն բավարարում ցուցարարներին, ու նրանք շարունակում են իրենց ակցիան՝ սպասելով իրենց պահանջների կատարմանը:

Քաղաքական ուժերը դուրս են մնացել պայքարից

Բողոքի այս ակցիան առանձնահատուկ էր նրանով, որ օրեր շարունակ տևող բազմամարդ գործընթացներում ներգրավված չէին քաղաքական ուժերը: Վերջին տարիներին քաղաքացիական որոշակի շարժումներ ձևավորվել էին, բայց ոչ այսքան հզոր: Այս շարժման կազմակերպիչներն ու մասնակիցները հիմնականում երիտասարդներ են, ովքեր թույլ չեն տալիս հնչեցնել որևէ քաղաքական պահանջ: Հունիսի 23-ի բռնությունից հետո խորհրդարանական ու ոչ խորհրդարանական ուժերի բազմաթիվ ներկայացուցիչներ շուրջօրյա հերթապահություն են իրականացնում պողոտայում, երբեմն կենդանի պատ կազմում ցուցարարների ու ոստիկանների միջև, որպեսզի կանխեն հնարավոր հարձակումները: Նրանք փորձեցին նույնիսկ կազմակերպիչներին համոզել ցույցը տեղափոխել Ազատության հրապարակ, բայց վերջիններս չհամաձայնեցին. որոշումները պողոտայում կայացվում են կազմակերպիչների ու բազմահազար ցուցարարների համաձայնությամբ: Նշանակո՞ւմ է սա, որ քաղաքական ուժերը մերժվում են քաղաքացիների կողմից, որ նրանք սպառվել են և կորցրել վստահությունը հանրության շրջանում:

Երեկոները Բաղրամյան պողոտայում անցկացնող անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը համոզված է, որ այս շարժման հաջողությունը դրա երիտասարդ կազմակերպիչներն են, և այն, որ նրանք իրենց հեռու պահում քաղաքական ուժերից: «Ինքս դրանից վատ չեմ զգում, որովհետև որևէ ուժ չեմ ներկայացնում: Հետևություն պետք է անեն 24 տարի քաղաքական դաշտում գործող կուսակցությունները: Թող իրենք մտածեն, թե որն է պատճառը, որ վստահության հետ կապված խնդիր է առաջացել» - ասաց Էդմոն Մարուքյանը:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ողջունում է նոր որակի շարժման առաջացումը: «Դուք դա համարեք սոցիալական, ես համարում եմ քաղաքական: Եվ ամենևին նախանձել, խանդել պետք չէ, որ երիտասարդները կարողանում են այսքան մարդ հավաքել: Շատ լավ է, բա մեր ուզածն ի՞նչ է: Իմ ուզածը այն չէ, որ ես լինեմ այս շարժման գլխին, իմ ուզածն այնն է, որ հասարակությունը ակտիվ լինի: Ես շատ ուրախ եմ, որ հասարակությունը եռում է: Մենք շարքային ըմբոստի նման կանգնած ենք նրանց մեջ: Հումանիստական, մարդասիրական միջավայր է: 88-ի համն եմ առնում»,- ասաց ՀԱԿ պատգամավորը: Ըստ նրա՝ կարևոր է, որ շարժումը չունի նեքին և արտաքին քաղաքական ուղղվածություն և պահանջ:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը ուրախ է, որ վերջապես Հայաստանում իր իրավունքների ոտնահարման դեմ պայքարող հզոր քաղաքացիական շարժում է ձևավորվել: Նա ասաց. «Ունենք երիտասարդներ, ովքեր փորձում են իրենց մեջ զարգացնել պահանջատիրոջ հոգեբանությունը: Սա զուլալ շարժում է, և դրա մեջ է նրա հզորությունը: Մենք մեր պետականության զարգացման երկրորդ փուլը այսպես ենք անցնելու: Եթե տղաները հաղթեն, սկսվելու է երկրորդ՝ համակարգերը ուղղելու գործընթացը: Դրանք կլինեն էներգետիկ ոլորտը, կոռուպցիան կամ այլ բնագավառներ: Այստեղ արդեն հանդես կգան քաղաքական օրակարգերն ու ծրագրերը»:

ՕԵԿ-ը համակերպվել է այն մտքի հետ, որ շարժումն իրենց չի ընդունում: «Եթե երիտասարդների, մեր երկրի ապագայի տերերի պահանջն այն է, որ քաղաքական ուժերն անմիջական մասնակցություն չունենան այս գործընթացին, մենք պարտավոր ենք դա հարգել»,-ասաց ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը: Նրա դիտարկմամբ՝ երիտասարդների և ժողովրդի մեջ քաղաքական ուժերի նկատմամբ անվստահություն կա, բայց այս պահի գերնպատակը արդարության հասնելն է:

ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը կարծում է, որ այս անգամ տեղին չի լինի գործընթացներին քաղաքական ուժերի միջամտությունը, և նրանք պարզապես պետք է լինեն շարժման կողքին: Նա չի կիսում տեսակետը, թե քաղաքացիական շարժումները գալիս են փոխարինելու քաղաքական ուժերին: Ս.Մարգարյանը չի ժխտում, թե հասարակության մեջ իրենց նկատմամբ անվստահություն կա, ավելին, ըստ նրա՝ դրա համար մեղավորն իրենք են: «Անշուշտ, քաղաքական կուսակցությունները մտածելու խնդիր ունեն. ինչպես անել, որ երկրում այսպիսի ինքնաբուխ շարժումներ ծնող իրավիճակներ չլինեն: Կուսակցությունները պետք է մտածեն, թե ինչ է անհրաժեշտ անել»,- ասաց Ստեփան Մարգարյանը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները