Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Պետական պարտքը՝ վտանգավոր սահմանագծին

Պետական պարտքը՝ վտանգավոր սահմանագծին

Ազգային ժողովը հունիսի 15-23-ի և հուլիսի 2-ի արտահերթ նստաշրջաններում վավերացրեց 5 վարկային համաձայնագիր՝ 282 մլն դոլար և 150 մլն եվրո ընդհանուր արժեքով: Այս վարկերը ՀՀ կառավարությունը ստանալու է ընթացիկ տարվա ընթացքում, բայց հետագա տարիների համար ևս 205 մլն եվրո վարկային հնարավորության պայմանագիր հաստատվեց Գերմանիայի դաշնության կառավարության հետ:

150 մլն եվրո վարկը, որը նախատեսվում է ստանալ Եվրասիական զարգացման բանկից, նախատեսվում է «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության ֆինանսավորման համար: 52 միլիոն դոլար վարկ կտրամադրի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագրի» համար: ՀՀ կառավարությունը նույն բանկից «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի» իրականացման նպատակով կստանա ևս 30 մլն դոլար վարկ: Իսկ վերջին՝ 200 մլն դոլար վարկը տրամադրում է Ռուսաստանը ռուսական գործարաններից ռազմական տեխնիկա և ռազմամթերք գնելու համար: Բոլոր վարկերը՝ 282 մլն դոլար և 355 մլն եվրո ընդհանուր արժեքով, համարվում են արտոնյալ և տրվում են երկար ժամկետներով:

Պատգամավորները , սակայն, մտահոգություն ունեն, որ այս վարկերից հետո ՀՀ պետական պարտքը հատում է Համախառն ներքին արդյունքի 50 տոկոսի շեմը: «ՀՀ պետական պարտքի մասին» օրենքով սահմանված է, որ պարտքը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը: Հայաստանում ՀՆԱ-ն կազմում է մոտ 10 մլրդ դոլար, պետական պարտքն արդեն հատել է 5 մլրդ դոլարի շեմը:

Հունիսյան նույն արտահերթ նստաշրջանի ժամանակ ԱԺ-ն ընդունեց «Պետական պարտքի մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագիծը, որով տարանջատեց կառավարության և Կենտրոնական բանկի պարտքերը: Խորհրդարանում մտահոգություն հնչեց, թե այդ փոփոխությամբ իշխանությունները ցանկանում են ևս մի քանի հարյուր մլն դոլարի պարտք վերցնելու հնարավորություն ստանալ: Այսինքն, եթե կառավարության պարտքը հասնի ՀՆԱ-ի 60 տոկոսին, ՀՀ-ն ԿԲ-ի միջոցով կարողանա պարտք ներգրավել: Նշենք, որ 2015թ. առաջին եռամսյակի վերջում ԿԲ պարտքը կազմել է 553,7 մլն դոլար կամ ՀՀ համախառն արտաքի պարտքի 6,5 տոկոսը:

Վարկ վերցնել, բայց արդյունավետ օգտագործել

Խորհրդարանականները մտահոգ են ոչ այնքան Հայաստանի արտաքին պարտքի բեռի ավելացման, որքան վարկային գումարները արդյունավետ օգտագործելու համար:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կարծում է, որ վերցված բոլոր վարկերն էլ անհրաժեշտ են, քանի որ ներդրումներ են ապահովում տարբեր ենթակառուցվածքներում: Պատգամավորը, սակայն, կարևորում է այդ գումարների արդյունավետ օգտագործումը: Մ.Մելքումյանի խոսքով՝ մինչև այժմ վերցված վարկերն արդյունավետ չեն օգտագործվել: «Հուսանք, որ սրանք արդյունավետ կօգտագործվեն»,- ասում է պատգամավորը:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը կարծում է, որ կարևորը իշխանությունների զսպվածությունն է՝ թե վարկերը վերցնելիս, թե դրանք ծախսելիս: «Ամեն մի լումայի համար պետք է պատասխան տրվի: Եթե անգամ տնտեսական լավ իրավիճակում լինենք, միևնույն է, այդ քայլին պետք է մտածված գնանք: Մինչև նման վերաբերմունք չձևավորենք , վարկեր վերցնելը ինձ համար լինելու է խնդրահարույց, որովհետև չունենք մեխանիզմներ, ոչ էլ ավանդույթներ ենք ձևավորել, որ հստակ վերահսկողություն սահմանվի, իսկ չարաշահումների դեպքում համարժեք պատիժներ կիրառվեն»,- ասում է պատգամավորը:

«Տմարդի քաղաքականություն է, որովհետև եկող սերունդների վրա այսքան պարտք թողնելն ուղղակի անխղճություն է: Աշխարհում որևէ երկիր չկա, որ վարկ չվերցնի և ռիսկերի տակ չմտնի: Դրա մասին չէ խոսքը: Աշխարհի բոլոր երկրները, վարկեր վերցնելով, զուգահեռ գրում են նաև այն ծրագիրը, որով պետք է այդ վարկից ոչ միայն օգուտ քաղեն, այլև վերադարձնելու ճանապարհներն էլ ցույց տան»,- ասում է ՀԱԿ խմբակցության քարտուղար Ա.Մանուկյանը:

Նա նաև հիշեցնում է, որ այս տարվա առաջին 5 ամիսներին ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է մոտ 33 %-ով, նվազել են ներդրումներն ու տրանսֆերտները: Նման պայմաններում, նրա խոսքով, վտանգվում է վարկերի վերադարձելիությունը: «ՀՀ տնտեսությունը երբեք այսքան արագացված տեմպերով բացասական զարգացում չի ունեցել: Դրան զուգահեռ՝ երբեք այսքան կարճ ժամկետում այսքան մեծ քանակի վարկեր չենք վերցրել: 15 տարի առաջ մեր պարտքը ՀՆԱ-ի 13-14 %-ն է կազմել, հիմա արդեն 60 %-ին է հասնում: Եվ եթե 15 տարի առաջ երևում էր, թե ինչպես պետք է փակել, հիմա վարկերը փակելու առումով ոչ մի լուսավոր կետ չկա: Իսկ վարկերը ոչ միայն ֆինանսական, այլ քաղաքական կախվածություն են բերում: ՀՀ-ն ամբողջությամբ մտել է նման կախվածության մեջ»,- մտահոգվում է պատգամավորը:

«Եթե մենք վարկ ենք վերցնում վարկ փակելու համար, ինչպես վերջին շրջանում եղավ եվրաբոնդերի դեպքում, 7,5 %-ով `նախկին 6,2-ի փոխարեն, ապա դա ճանապարհ չէ»,- ասում է «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը:

Վերջին վարկերից պատգամավորը արդարացված է համարում միայն սպառազինության նպատակով ՌԴ-ից ստացված 200 մլն դոլարը, որին ոչ միայն ՕԵԿ-ը, այլ նաև խորհրդարանական բոլոր խմբակցությունները կողմ են քվեարկել: «Թեև կառավարությունը փոխեց օրենքը, բայց կարծում եմ՝ միջազգային տարբեր կազմակերպություններն արդեն վերլուծում են, ու հավանաբար մեր կողմից վերցված վարկերի վերադարձելիության առումով լուրջ կասկածներ ունեն: Ես նաև կարծում եմ, որ վարկեր վերցնելու փոխարեն մենք պետք է արտադրությունը զարգացնելու մասին մտածենք»,- ավելացնում է պատգամավորը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները