Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Սահմանադրական քննարկումների խորհրդարանական փուլը մեկնարկեց

Սահմանադրական քննարկումների խորհրդարանական փուլը մեկնարկեց

Սեպտեմբերի 4-ին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել էր խորհրդարանական լսումներ՝ քննարկելու Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Սա նախագծի առաջին հրապարակային քննարկումն էր օրենսդիր մարմնում. մինչ այս մասնագիտական հանձնաժողովի անդամները նախագծի շուրջ դռնփակ քննարկումներ էին ունեցել խորհրդարարանական խմբակցությունների հետ, իսկ հաջորդ շաբաթ նախագիծը քննարկման առարկա կդառնա գլխադասային հանձնաժողովում՝ դրական եզրակացությամբ նստաշրջանի ու քառօրյայի օրակարգ ընդգրկվելու համար:

Քննարկումներ՝ էմոցիոնալ և մասնագիտական


Հիմնական զեկուցողները Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Հրայր Թովմասյանն ու Վարդան Պողոսյանն էին: Ավելի քան 8 ժամ ձգված քննարկումներից հետո Պողոսյանը հայտարարեց, թե երկակի տպավորություն ունի լսումներից, որովհետև «լսեց և մասնագիտական, և էմոցիոնալ ելույթներ, բայց, միևնույն է, հպարտ է կատարված աշխատանքով»:

Լսումների ընթացքում հնչած, այսպես կոչված, էմոցիոնալ ելույթները հիմնականում երկու թեմա ունեին՝ բարոյախոսական մտահոգություններ և քաղաքական: Մտահոգությունները կապված էին նախագծում ընտանիքի կազմավորմանն ու կրոնական կազմակերպությունների գործունեությանն առնչվող հոդվածների հետ: Թեպետ հեղինակները պնդում էին, որ այդ հոդվածները կրկնում են գործող Սահմանդրության համապատասխան դրույթները կամ առավել ամրապնդում հայկական մտածողությանը հատուկ ընտանեկան մոդելը, այս թեմաները ամբողջ քննարկման ընթացքում մնացին առանցքային:

Քաղաքական էմոցիաներ արտահայտողները փոփոխությունների ընդդիմախոսներն էին: «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը, չնայած մերժել էին փոփոխությունները Բաղրամյան 26-ում քննարկելու հրավերը, լսումներին մասնակցում էին: Լևոն Զուրաբյանը հարկ համարեց հայտարարել, որ իրենք մասնակցում են ոչ թե իշխանությունների հետ բանակցելու կամ բովանդակային ինչ-որ հարցում համոզելու համար, այլ ընդամենը բարձրաձայնելու, որ այն, ինչ տեղի է ունենում, հանցավոր գործընթաց է: ՀԱԿ խմբակցությունից, ի դեպ, լսումներին ներկա չէր միայն Նիկոլ Փաշինյանը. նա մեկնել էր սահմանամերձ շրջաններ:

Բանա՞կը, թե՞ կառավարման համակարգն է հաղթում պատերազմում

Սահմանամերձ գյուղերում պատերազմական իրավիճակ է, բայց Ազգային ժողովը լսումներ էր հրավիրել ոչ թե այս իրավիճակը, այլ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը քննարկելու նպատակով: Կարևորությունների այս հերթականությունը խախտելու համար ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ներողություն խնդրեց, բայց պահը նպաստավոր էր բացատրելու համար, թե ինչու է իշխանությունը որոշել կիսանախագահականից անցնել կառավարման խորհրդարանական համակարգին:

Այդ համակարգը, ըստ հիմնական զեկուցող, սահմանդրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանի, գերագույն գլխավոր հրամանատարին թույլ կտա համատեղել ռեսուրսներն ու լիազորությունները, մինչդեռ գործող Սահմանադրությամբ գլխավոր հրամանատարը, որ հանրապետության նախագահն է, ունի լիազորություններ, բայց չունի ռեսուրսներ: Ռեսուրսները բանակն ու զինուժն են, որոնց գերագույն գլխավոր հրամանատարը, փոփոխվող Սահմանադրությամբ, լինելու է ոչ թե նախագահը, այլ պաշտպանության նախարարը (խաղաղ պայմաններ) և վարչապետը (պատերազմական իրավիճակ):

Ըստ Վարդան Պողոսյանի՝ նաև այս պատճառով են փոփոխությունների հեղինակները նախագծում ամրագրել, որ խորհրդարանում պետք է լինի կայուն մեծամասնություն, իսկ վարչապետը պետք է լինի կայուն մեծամասնության թեկնածուն:

Լսումներից պարզ դարձավ, կամ՝ ինչպես կասի Վենետիկի հանձնաժողովը

Հանրապետության նախագահի ընտրողների հարցը մասնագիտական հանձնաժողովը արդեն որոշել է՝ նախագահին կընտրի Ազգային ժողովը՝ առանց ՏԻՄ ներկայացուցիչների: Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ՝ այս որոշման արդյունքում նախագծից դուրս կգա ընտրիչների ժողով ձևակերպումը:

Փոխարենը՝ դեռևս վերջնական որոշում չկա խորհրդարանական ընտրություններում կայուն մեծամասնություն և երկրորդ փուլ սահմանող 89-րդ հոդվածում: Վարդան Պողոսյանը ընդամենը տեղեկացրեց, թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել օգոստոսին Երևան ժամանած Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ: Պայմանավորվել են, որ եթե առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորում մեկ ուժի կողմից կամ կոալիցիա կազմելու միջոցով, ապա Ընտրական օրենսգիրքը կարող է նախատեսել ընտրությունների երկորդ փուլ: «Կարող է նախատեսելը» չի նշանակում, որ պարտադիր պետք է նախատեսի,- բացատրեց սահմանադրագետը: Այս դրույթի շուրջ իրենց վերջնական տեսակետը Վենետիկի հանձնաժողովի փորձագետները կհայտնեն մինչև սեպտեմբերի 12-ը:


Նկատենք, որ Սահմանադրության փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի տեսակետը այս առումով տարբերվում է Վենետիկ հանձնաժողովի տեսակետից. հայ մասնագետները կարծում են, որ խորհրդարանական ընտրություններում 2-րդ փուլի մասին դրույթը պետք է ամրագրել Սահմանադրության մեջ:

Մարդակենտրոն Սահմանադրության մասին

Մասնագիտական հանձնաժողովի անդամները նշում են, որ նախագիծն իր տրամաբանությամբ  մարդակենտրոն է՝ ի տարբերություն գործող Սահմանադրության, որը հիմնված է անձնակենտրոն իշխանական համակարգի վրա: «Ո՞նց եք համարում մարդակենտրոն, երբ 18 իրավունքի համար սահմանափակում  եք ամրագրել: Սահմանադրության մեջ 48 իրավունք կա, որից 18-ը սահմանափակվում է հասարակական կարգի պահանջով, 23 հոդվածով էլ  կարելի է մարդ սպանել»: Հրանտ Բագրատյանի այս դիտարկումը Վարդան Պողոսյանը ողջամիտ չհամարեց:

Ասաց, որ  իրավունքների սահմանափակումներ գործող Սահմանադրության մեջ էլ կան, իսկ եթե ավելավել են, ապա դրանց ծավալն ավելին չէ, քան նախատեսում է Մարդու իրավունքների կոնվենցիան: Եվ ընդհանրապես, քիչ իրավունքներ կան, որոնք սահմանափակման ենթարկա չեն, օրինակ՝ արժանապատվության իրավունքը կամ խոշտանգումների չենթարկելու արգելքը: Կյանքի իրավունքը դրանց թվում չէ: Այն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում կարող է սահմանափակվել:


Նախագծում այս դրույթն ամրագրվել է ՝ առանց ծայրահեղ անհրաժեշտության դեպքերը մատնանշելու: Վարդան Պողոսյանը կարծում է, որ այդ թվարկման կարիքն, այնուամենայնիվ, կա: «Ես կարծում եմ, որ այդ հարցը դեռևս փակ չէ: Չմտածենք այնպես, որ կեղծ հումանիզմի նկատառումներից ելնելով՝ պետությանը լեգիտիմ ուժ կիրառելու իրավունքից պետք է զրկենք»:

 

-

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները