Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Համակարգը փոխվում է, Սահմանադրությունը՝ փոփոխվում

Համակարգը փոխվում է, Սահմանադրությունը՝ փոփոխվում

Հայաստանի 3-րդ հանրապետության Սահմանադրությունը ընդունվել է 1995 թվականին՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք: 10 տարի անց՝ 2005 թվականին, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ Սահմանադրությունը բարեփոխվեց: Եվս 10 տարի անց, 2015 թվականին, Սահմանադրությունը բարեփոխելու գործընթաց սկսեց գործող նախագահը՝ Սերժ Սարգսյանը: Ե՛վ 2005-ի բարեփոխումները, և այսօր մշակվող փոփոխությունները նախաձեռնողները ներկայացրել և ներկայացնում են ոչ թե որպես նոր Սահմանադրության, այլ դրանում փոփոխությունների նախագիծ: Սա անհասկանալի է հատկապես այսօր քննարկվող նախագծի պարագայում, որով առաջարկվում են ծավալուն ու առանցքային փոփոխություններ, այդ թվում՝ երկրում կառավարման համակարգի փոփոխություն՝ կիսանախագահական համակարգից անցում խորհրդարանական համակարգի:

Փոփոխված Սահմանադրությամբ Ազգային ժողովը Նախագահից ավելի կարևոր դերակատարում է ունենալու. որպես այս կարևորության ակնառու արտահայտություն՝ փոփոխությունների նախագծում «Ազգային ժողով» գլուխը ավելացել է 12 հոդվածով, իսկ գլուխն ամբողջությամբ «Նախագահ» գլխից առաջ է բերվել (գործողում հակառակ հերթականությունն է):

Համակարգային փոփոխությունը՝ խորհրդարանից

Խորհրդարանն ընտրվում է միայն համամասնական ընտրակարգով, որը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորում(համամասնական ընտրակարգի կոնկրետ տեսակն ու եղանակը սահմանվելու է Ընտրական օրենսգրքով): Որպես կայուն մեծամասնության ձևավորման երաշխիք՝ նախագիծը սահմանում է խորհրդարանական ընտրության երկրորդ փուլ: Դրան մասնակցում են առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները և դաշինքները: Երկրորդ փուլից առաջ նրանք կարող են ձևավորել նոր դաշինքներ: Այս փուլում կուսակցությունները (դաշինքները) պարտավոր են ներկայացնել վարչապետի թեկնածություն և կառավարության ծրագրի հիմնադրույթներ:

Նախագծում դեռ չի արտացոլվել, բայց Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ կա համաձայնություն՝ կայուն մեծամասնության դրույթը ոչ թե Սահմանադրության մեջ, այլ Ընտրական օրենսգրքում  որպես ոչ պարտադիր նորմ ամրագրելու մասին:

Երկրի նախագահին կընտրի Ազգային ժողովը

Հանրապետության նախագահի համապետական ընտրություն Սահմանադրության փոփոխությունների նախագծով չի նախատեսվում: Այսօր նախագծում գրված է, որ Նախագահին կընտրի ընտրիչների ժողովը՝ կազմված ԱԺ պատգամավորներից և նրանց թվին հավասար ՏԻՄ ներկայացուցիչներից: Բայց արդեն հստակ է, որ փոփոխությունների հեղինակները մտադիր են հրաժարվել ընտրիչների ժողովի գաղափարից՝ Նախագահին ընտրելու իրավունքը թողնելով միայն Ազգային ժողովին: Հստակեցումները այս մասով տեղի կունենան նախագծի ընթացիկ քննարկումների արդյունքում:

Երկրի վարչապետին կընտրի Ազգային ժողովը

Նախ վարչապետ ընտրելու իր իրավունքից կօգտվի նորընտիր Ազգային ժողովի կայուն մեծամասնությունը. նրա առաջադրած թեկնածուին Հանրապետության նախագահը կնշանակի վարչապետ: Եթե վարչապետը հրաժարական տա, նոր վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունք կունենա ԱԺ նախագահը: Ընտրվելու համար պետք է, որ նրա թեկնածուին կողմ քվեարկի պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությունը: Եթե ընտրությունը չկայանա, կանցկացվի երկրորդ փուլ, ու այս փուլին արդեն կարող են վարչապետի իրենց թեկնածուները առաջադրել խորհրդարանի բոլոր խմբակցությունները: Եթե այսքանից հետո էլ վարչապետը չընտրվի, Ազգային ժողովը իրավունքի ուժով կարձակվի: 

Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ով ԱԺ-ն կարող է վարչապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ ներկայացնել՝ միաժամանակ առաջարկելով նոր վարչապետի թեկնածություն: Այս որոշումը ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: 

Վարչապետի անվստահության հարցը օրենսդիրը կարող է քննարկել նաև կառավարությանն ուղղված հարցապնդման պատասխանը ԱԺ-ում քննարկելիս, իսկ հարցապնդումը քննարկելու համար բավարար կլինի պատգամավորների ընդհանուր թվի 1/5-ը: 

Նոր լիազորություններ՝ Ազգային ժողովին

Փոփոխությունների ընդունումից հետո Ազգային ժողովը կարող է վավերացնել, կասեցնել կամ չեղյալ հայտարարել նաև Միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցություն նախատեսող միջազգային պայմանագրերը:

Օրենքով սահմանվող դեպքերում ռազմական դրություն և արտակարգ դրություն հայտարարելու իրավասությունը երկրի նախագահից անցնում է կառավարությանն ու Ազգային ժողովին: Կառավարության հայտարարությունից հետո անհապաղ գումարվում է ԱԺ հատուկ նիստ: Պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ԱԺ-ն կարող է վերացնել ռազմական կամ արտակարգ դրությունը:

Այսօր Ազգային ժողովը հանրապետության նախագահի առաջարկությամբ է համաներում հայտարարում, փոփոխությունների նախագծով համաներում կհայտարարի կառավարության առաջարկով: 


Նորը՝ խորհրդարանի կառուցվածքում

Փոփոխությունների նախագիծն անորոշ է թողնում Ազգային ժողովի պատգամավորների թիվը՝ սահմանելով միայն նվազագույն շեմ. «Ազգային ժողովը կազմված է առնվազն 101 պատգամավորից»: Այս թիվը ավելանալու և որոշակիանալու է երկրորդ փուլից հետո: Խորհրդարանում տեղեր են ունենալու նաև ազգային փոքրամասնությունները՝ Ընտրական օրենսգրքի սահմանած կարգով:

Ազգային ժողովում գործելու են նոր մարմիններ. օրինակ՝ Ազգային ժողովի խորհուրդը: Այն կազմվում է ԱԺ նախագահից, նրա տեղակալներից, խմբակցությունների մեկական ներկայացուցիչներից և մշտական հանձնաժողովների նախագահներից: ԱԺ նախագահը, ի դեպ, այսօրվա երկուսի փոխարեն կունենա 3 տեղակալ. մեկը՝ ընդդիմադիր խմբակցություններից: Այս խորհուրդը պատգամավորի բացակայությունները անհարգելի ճանաչելու կամ Սահմանադրության 95-րդ հոդվածի որևէ պայման խախտելու վերաբերյալ եզրակացություն է ներկայացնելու Սահմանադրական դատարան:

Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով խորհրդարանում կարող է ստեղծվել քննիչ հանձնաժողով՝ հասարակական հնչեղություն ունեցող որևէ խնդիր քննելու համար: Հանձնաժողովում խմբակցություններին տեղեր են հատկացվում նրանց թվաքանակի համամասնությամբ, իսկ անդամների թիվը որոշում է ԱԺ-ն: Այս հանձնաժողովներում, համաձայն նախագծի, նախագահելու է այն ստեղծելու պահանջը ներկայացրած որևէ պատգամավոր:

Պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ԱԺ-ում կարող են ստեղծվել նաև կարգավորող հանձնաժողովներ՝ հիմնական իրավունքների ու ազատությունների իրականացումն ապահովելու, Սահմանադրությամբ սահմանված հիմնարար նշանակության հանրային շահերի պաշտպանության նպատակով: Այս հանձնաժողովների անդամները նշանակվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Հանձնաժողովին օրենքով կարող է վերապահվել ենթաօրենսդրական իրավական ակտեր ընդունելու իրավասություն:
Նորը՝ օրինաստեղծ հարթությունում

Սահմանադրության փոփոխությունների նախագծով ավելացվում է օրենքի նախագիծ ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտների թիվը: Եթե այսօր այդ իրավունքն ունեն Ազգային ժողովն ու Կառավարությունը, ապա փոփոխությունների ընդունման դեպքում, դրանից կօգտվի նաև քաղաքացիական հասարակությունը. ընտրական իրավունք ունեցող առնվազն հիսուն հազար քաղաքացի կարող է քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ին օրենքի նախագիծ առաջարկել:

Օրենսդրական համակարգի հիերարխիայում հատուկ տեղ զբաղեցնող կարևոր՝ սահմանադրական օրենքները, մայր օրենքը փոփոխելուց հետո, Ազգային ժողովում կընդունվեն պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով: Այդպիսի օրենքներ են Ազգային ժողովի կանոնակարգը, Ընտրական և Դատական օրենսգրքերը, Սահմանադրական դատարանի, Հանրաքվեի, Կուսակցությունների և Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքները: Այս նորությունը դիտարկվում է որպես խորհրդարանական ընդդիմության մասնակցային դերակատարումը ընդլայնող հնարավորություն:

Պատգամավորների 3/5-ով են ընտրվելու ԿԲ նախագահը, ՎՊ նախագահն ու անդամները, ՄԻՊ-ը, Գլխավոր դատախազը, ԿԸՀ նախագահն ու անդամները, Վճռաբեկ դատարանի դատավորները, ՍԴ անդամները, Բարձրագույն դատական խորհրդի 10 անդամից 5-ը: Օրենքով սահմանվող դեպքերում, նույն 3/5-ով Ազգային ժողովը կարող է դադարեցնել ԿԲ նախագահի, ՎՊ-ի անդամի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի լիազորությունները, պաշտոնանկ անել Գլխավոր դատախազին, անձեռնմխելիությունից զրկել Պաշտպանին:
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները