Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

6-ից 3-ը կողմ են, 1-ը՝ չկողմնորոշված

6-ից 3-ը կողմ են, 1-ը՝ չկողմնորոշված

Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկումը Ազգային ժողովում տևեց 4 օր. սկսվեց հերթական և ավարտվեց արտահերթ նիստում: 4 օրերի ընթացքում տրվեց 26 հարց, ելույթ ունեցավ 44 պատգամավոր, ու դրանց արդյունքում ընդհանուր առմամբ պարզ դարձավ, թե քաղաքական որ ուժն ինչպես է վերաբերվում փոփոխությունների նախագծին: Այս փուլում իր վերջնական դիրքորոշման մասին դեռ չի բարձրաձայնել միայն ՕԵԿ-ը, իսկ «Ժառանգություն» խմբակցության համար փոփոխությունների նախագիծը թերևս ճակատագրական եղավ:

Ռուբիկ Հակոբյանի հայտարարությունը՝ «Ժառանգություն» կուսակցությունից դուրս գալու և խմբակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվելու մասին, նախորդեց խմբակցությունների դիրքորոշումը հայտնելու փուլին: Սա թերևս պատահական չէր, քանի որ Հակոբյանը խմբակցության միակ կուսակցականն էր, ով կողմ է կառավարման խորհրդարանական համակարգ առաջարկող փոփոխությունների նախագծին: Իր հայտարարությամբ նա նախապես ու ինքնակամ հրաժարվեց որպես խմբակցության ղեկավար դիրքորոշում հայտնելու պարտականությունից, առավել ևս որ Զարուհի Փոստանջյանը տարբեր առիթներով հայտարարել էր, թե Հակոբյանը իրավունք չունի կուսակցության տեսակետ հայտնելու: «Ժառանգություն» խմբակցության դիրքորոշումը ներկայացրեց հենց Զարուհի Փոստանջյանը, բայց դա եղավ ոչ թե ամբողջ խմբակցության, այլ միայն իր ու կուսակցության դիրքորոշումը: Նրանից բացի խմբակցության կազմում մնացած Թևան Պողոսյանն ու Ալեքսանդր Արզումանյանը իրենց ելույթներում կողմ արտահայտվեցին նախագծին, իսկ իր դեմ տեսակետը ներկայացնելիս Փոստանջյանը պարբերաբար ցիտում էր Րաֆֆի Հովհաննիսյանին: Հայտարարեց, թե Սահմանդրության փոփոխությունների հանրաքվեն պետք է դարձնել Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին իշխանությունից հետացնելու միջոցառում, ու որ պետք է ստեղծել ժամանակավոր կառավարություն:

Փոփոխությունների նախագծին դեմ արտահայտվեց նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, բայց այս դեպքում ևս նրա դեմ դիրքորոշումը 7 հոգանոց խմբակցության համար ընդհանուր չէ: Խմբակցության անդամներից Լյուդմիլա Սարգսյանը մասնակցել էր Սերժ Սարգսյանի նախաձեռնած քաղաքական հանդիպմանը՝ կարևորելով փոփոխությունների բովանդակային քննարկմանը մասնակից լինելու պահը: Հրանտ Բագրատյանը նախօրեին նախագիծը քննադատել էր, բայց դրանից անմիջապես հետո նա ևս գնացել էր Բաղրամյան 26, իսկ հետո մեկնել էր երկրից՝ ըստ էության անպատասխան թողնելով հարցը, թե փոխվե՞լ է իր դիրքորոշումը այդ հանդիպումից հետո,  թե՞ ոչ: Զուրաբյանը խոսեց Սահմանադրության փոփոխությունների միջոցով իշխանությունը վերարտադրելու Սերժ Սարգսյանի մտադրության, խորհրդարանական համակարգի միջոցով երկրում անկայունությունը խորացնելու հեռանկարի մասին ու ՀՀԿ-ին կոչ արեց հենց այսօր հրաժարականներ ներկայացնել:

ՀՅԴ-ն կողմ է փոփոխությունների նախագծին: Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, թե դրանում տեղ են գտել Դաշնակցության գրեթե բոլոր առաջարկությունները՝  խորհրդարանական կառավարում, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ, ընդդիմության լիազորությունների մեծացում, նախագահի անսահման իշխանության սահմանափակվում,  հավասար մրցակցություն բոլոր ուժերի համար: «Չի լինելու այսօրվա պես՝ մեկին ամեն ինչ, մյուսներին՝ ոչինչ»,-ասաց Արմեն Ռուստամյանը:

Ճիշտ հակառակ տեսակետը հայտնեց ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը: ՕԵԿ-ը խորհրդարանական համակարգին կողմ է, բայց փոփոխությունների նախագծում չի տեսնում բավարար մեխանիզմներ այդ համակարգի ամբողջական ու կատարյալ գործադրման համար: Կուսակցությունը, մասնավորապես, ուզում է տեսնել երաշխիքներ, որ իշխանությունը չի ընտրի համամասնական այնպիսի ընտրակարգ, որը նորից մեծամասնականի թեկնածուներին թույլ կտա մտնել խորհրդարան: Առաջարկում են մեծացնել ընդդիմության լիազորությունները ու չբավարարվել միայն մեկ ԱԺ փոխնախագահի պաշտոնով: Խմբակցության ներկայացրած առաջարկություններից մեկն էլ վերաբերում է նախագահի լիազորություններին. ՕԵԿ-ը կարծում է, որ դրանք, համաձայն փոփոխությունների նախագծի, խիստ սահմանափակ են: Հիմնական զեկուցողի պատասխաններից խմբակցությունում հասկացել են, որ իրենց առաջարկությունները չեն ընդունվել, բայց վերջնական դիրքորոշում նախագծի վերաբերյալ ՕԵԿ-ը կհայտնի քննարկման արդեն երկորդ փուլում, երբ Վարդան Պողոսյանը նորից կգա խորհրդարան՝ ներկայացնելու, թե արված առաջարկություններից որոնք են ընդունվել:

ԲՀԿ-ի ոչ վաղ անցյալի «ոչը» սահմանադրական փոփոխություններին քննարկման վերջում ձևակերպվեց որպես հստակ «այո»: Իսկ որ այդպես է լինելու, երևաց նախ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հնչեցրած հարցերից, մեղմ տոնից ու հայտարարությունից այն մասին, թե կուսակցոթւյան բոլոր կառույցներում սկսվել է նախագծի բովանդակային քննարկումը: Իսկ խմբակցության դիրքորոշումից, որը ներկայացրեց Միքայել Մելքումյանը, պարզվեց, որ ԲՀԿ-ն փոխել է իր պատկերացումները այդ բովանդակության վերաբերյալ: Մելքումյանը հայտարարեց, որ երկրում կա սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն, ու պետք չէ դրանց անցկացումը կապել տնտեսական ու սոցիալական խնդիրների հետ: Հայտարարեց նաև, որ խորհրդարանական համակարգը իշխանություններին վերատադրման հնարավորություն չի տալիս: Իրենց մոտեցումների այս կտրուկ փոփոխությունը արդարացրեց այսպես՝ արագ փոփոխվող աշխարհում չեն կարող քաղաքական դիրքորոշումները անփոփոխ մնալ:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ելույթի նյութը մյուս խմբակցությունների դիրքորոշումների վերլուծությունն էր: Խոսեց «Ժառանգությունում» ու ՀԱԿ-ում առկա տարակարծությունների մասին, խրախուսեց ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին և շնորհակալություն հայտնեց հիմնական զեկուցող, նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանին: Նրան գովասանքի խոսքեր ուղղեցին գրեթե բոլոր հանրապետականները, մեկը նույնիսկ Վարդան Պողոսյանին համեմատեց Վլադիմիր Նազարյանի հետ:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները