Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Կլինի՞ քաղաքացիական ալյանս՝ լուսավոր Հայաստանում

Կլինի՞ քաղաքացիական ալյանս՝ լուսավոր Հայաստանում

Նիկոլ Փաշինյան, Տիգրան Ուրիխանյան, Էդմոն Մարուքյան, Վարդան Օսկանյան. Ազգային ժողովի այս 4 պատգամավորները առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատրաստվում են մասնակցել նոր կուսակացություններով: Նիկոլ Փաշինյանը այդ կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» անունով, ստեղծել է 2015 թվականի մայիսին: Մայիսին հիմնադիր համագումար հրավիրեց նաեւ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը՝ Տիգրան Ուրիխանյանի գլխավորությամբ: Բայց քանի որ պետռեգիստրում գրանցվելիս «Ալյանսը» ինչ-որ խնդիրներ ունեցավ, կրկին հիմնադիր համագումար հրավիրեց՝ այս անգամ օգոստոսին:

Մյուս երկուսը՝ Էդմոն Մարուքյանն ու Վարդան Օսկանյանը, նոր կուսակցություններ դեռ չեն ստեղծել: Ավելին, Օսկանյանը հրապարակավ որեւէ հայտարարություն չի արել կուսակցություն ստեղծելու իր մտադրության մասին: Նա ընդամենը չի հերքել մարտ ամիսց մամուլում շրջանառվող լուրերը, թե ԲՀԿ-ից դուրս եկած Օսկյանյանը պատրաստվում է նոր կուակցություն ստեղծել: Դեռ կուսակցություն չի ստեղծել նաև Էդմոն Մարուքյանը, բայց հայտնի է, որ դրա կազմում են լինելու «Դեմ եմ» շարժման որոշ անդամներ, հայտնի է նաև անունը՝ «Լուսավոր Հայաստան»: Կուսակցության ձևավորման և գրանցման գործընթացը, ըստ Մարուքյանի, կավարտվի մոտ երկու ամսից:

Ինչո՞ւ են ստեղծվում նոր կուսակցությունները

Կուսակցությունների առաջնորդները նոր քաղաքական ուժ ստեղծելու գրեթե նույն հիմնավորումներն ու նպատակներն են նշում. նպաստել երկրի զարգացմանը՝ պայքարելով անարդարության, կոռուպցիայի դեմ, ստեղծել ազատ պետություն՝ սեփական իրավունքները գիտակցող ու պաշտպանող քաղաքացիներով: Քաղաքական կյանքում որևէ դերակատարում ունենալու համար պետք է, որ ուժը գոնե ներկայացված լինի խորհրդարանում, և իրենց այս մտադրության մասին արդեն խոսել են Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը: «Ալյանսից» նման հայտարարություն դեռ չի հնչել, բայց տրամաբանական է, որ այսպիսի մտադրություն պետք է ունենա նաև Տիգրան Ուրիխանյանը, ով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալով հանդերձ՝ շարունակում է մնալ ԲՀԿ խմբակցության անդամ, որպեսզի հարկադրված չլինի հրաժարվել պատգամավորական մանդատից:

Քաղաքական ուժից դուրս, բայց խմբակցության ներսում. այս դրությունը ընդհանուր է Նիկոլ Փաշինյանի, Վարդան Օսկանյանի և Տիգրան Ուրիխանյանի համար: Նրանք գիտեն, որ սեփական համամասնական ընտրացուցակն ունենալու հեռանկարը քաղաքական կյանքում մնալու և խորհրդարանում հայտնվելու նվազագույն պայմանն է:

Մեծամասնական ընտրակարգով նախորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցած և 4 կուսակցական մրցակիցներին հաղթած Էդմոն Մարուքյանը, ով մշտապես դեմ է եղել 100% համամասնական ընտրակարգին, կուսակցություն ստեղծում է նույն՝ առաջիկայում ևս պատգամավորական մանդատ ունենալու նպատակով: 100% համամասնական ընտրակարգ առաջարկող Սահմանադրական փոփոխությունների նախագծին նա առայժմ դեմ է արտահայտվում: Մյուս 3 գործիչների «դեմ»-ը առավել հստակ է և վերջնական:

Ովքե՞ր են տերերը՝ ըստ մամուլի

Քաղաքական ուժը դեռ չստեղծված՝ մամուլը փորձում է պարզել, թե որ գերտերությունը կամ քաղաքական-օլիգարխիկ որ կերպարն է կանգնած դրա հետևում:

Նիկոլ Փաշինյանի «Քաղաքական պայմանագրի» համար, օրինակ, նշվում էր արևմուտքը: Կուսակցությունը, սակայն, թերևս հակառակը ցույց տալու ցանկությամբ, արտերկրյա առաջին շրջագայությունը սկսեց Ռուսաստանի Դաշնությունից: Ըստ մամուլի՝ «Լուսավոր Հայաստանի» գաղափարները արևմուտքից են, ֆինանսները՝ օլիգարխ Բարսեղ Բեգլարյանից: Մարուքյանը օլիգարխից ֆինանսավորվելու մասին լուրը հերքել է՝ բացատրելով, որ Բաղրամյան պողոտայում վարձակալած կուսակցության գրասենյակը, օրինակ, ձեռք է բերվել իրենց՝ գաղափարակից ընկերների միջոցներով:

Վարդան Օսկանյանի դեռևս չստեղծած ուժի հետևում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է՝ ըստ մամուլում շրջանառվող համառ լուրերի: Սա դիտարկվում է որպես Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականոթւյան վերադառնալու հայտ: Օսկանյանի ներկայությունը նախկին ԲՀԿ-ում ևս բացատրվում էր Քոչարյանի կողմից այս ուժը հովանավորելու ենթադրությամբ՝ հիմնված նրանց անձնական և քաղաքական հարաբերությունների վրա: Գրվում է նաև ԲՀԿ-ի որոշ անդամների՝ այս կուսակցությանը անդամագրվելու հավանականության մասին:

ՕԵԿ-ը վերածնվում է, որ մոռացվի

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ոչ միայն նոր կուսակցություններ են ստեղծվում, այլև եղածները վերաձևվում ու անվանափոխվում են: Այս ճանապարհին է «Օրինաց երկիրը»: Կուսակցությունը, իր շուրջը համախմբելով տարբեր հասարակական-քաղաքական կազմակերպությունների՝ ստեղծել է «Հայկական վերածնունդ» միավորումը: Արթուր Բաղդասարյանն էլ արդեն հայտարարել է, որ ընտրություններին մասնակցելու է ոչ թե ՕԵԿ-ը, այլ ՀՎ-ն: Ակնհայտ է, որ նա ջանում է անել ամեն բան՝ ՕԵԿ-ի հետ կապված հանրության դառը հուշերը մոռացության տալու համար:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները